Ղարաբաղում իրավիճակի կայունացումը ՀԱՊԿ ջանքերի արդյունքն է. Բորդյուժա
                    
                    
                        
                                    
                                    
                        
                     
                    
                    ՀԱՊԿ անդամ-պետությունների սահմաններին իրավիճակի ցանկացած ապակայունացում, առավել ևս զինված հակամարտություն դիտարկվում է որպես սպառնալիք այդ պետությունների անվտանգությանը: Հետևաբար կազմակերպության անդամ-պետություններին առնչվող սպառնալիքները,  զինված հակամարտությունները  չեն կարող անուշադրության մատնվել ՀԱՊԿ կողմից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նշենք, որ Երևանում ընթանում է ՀԱՊԿ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը:
Անդրադառնալով հայ լրագրողների հարցերին, թե ինչու ՀԱՊԿ-ը  ակտիվ դերակատարում չունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ, Բորդյուժան մատնանշել է, թե ՌԴ նախագահ Պուտինի, վարչապետ Մեդվեդևի, ԱԳ նախարար Լավրովի  ակտիվությունն այդ օրերին և իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը  ոչ այլ ինչ են, քան ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերություն: 
«Իրավիճակի կայունացումը կազմակերպության գործողությունների արդյունքն է, ուստի մեր դերը  պետք է այդ տեսանկյունից դիտարկել, ոչ թե ռազմական ուժի գործադրման կամ չգործադրման տեսանկյունից»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:
 Իսկ հետագայում նման լարվածությունների սպառնալիքը չեզոքացնելու համար ՀԱՊԿ-ը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, լուրջ քաղաքական ներուժ է կիրառում, գործի դնում  մոնիթորինգային «ճգնաժամային արձագանքման» խումբը, և այլն: 
Որպես ևս մեկ մոտեցում ՀԱՊԿ անդամ պետությանը Բորդյուժան մատնանշեց սպառազինումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է զենք գնել ինքնարժեքով:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը անդրադարձավ քառօրյա պատերազմին: Գևորգյանի խոսքով, ապրիլի սկզբին, ղարաբաղաադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին  լարվածության աճ գրանցվեց՝ Ղարաբաղի ժողովուրդը բախվեց Ադրբեջանի կողմից ուղիղ ագրեսիայի հետ: 
«Սա դարձավ լուրջ մարտահրավեր՝ տարածաշրջանի, Հարավային Կովկասի անվտանգության, կայունության համար, ինչպես նաև հանգեցրեց 1994թ.-ին ձեռք բերված հրադադարի խոշոր խախտումների հետ: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, չի կարող Ադրբեջանի նմանօրինակ գործողություններին կողքից նայել»,- նիստի մասնակիցներին ներկայացրեց Գևորգյանը: 
ԱԱԽ քարտուղարի խոսքով՝  Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մարդկային զոհերի, որը հնարավոր եղավ կանգնեցնել, իրավիճակը դարձնել վերահսկելի, և այդ  հարցում մեծ դեր խաղացին Ռուսաստանի կողմից գործադրված ջանքերը, որին հենց Ադրբեջանն էր դիմել՝ խնդրելով հրադադար հաստատել:
«Այս ամենը տեղի ունեցավ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում, ու մենք ելնում ենք նրանից, որ դա անհանգստացնող է, մտահոգիչ ՀԱՊԿ մեր գործընկերների համար  այնպես, ինչպես մենք անտարբեր չենք Կենտրոնական Ասիայում և այլ կետերում տեղի ունեցող զարգացումներին: Հայ հասարակությունը ավելի մեծ համախմբվածություն է ակնկալում ՀԱՊԿ անդամ-պետություններից»,- շեշտեց Գևորգյանը: