24.11.2024
Բակո Սահակյանը դատապարտում է Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանում քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան պատերազմից հետո, թվում էր, Հայաստանում քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Տպավորություն էր ստեղծվել, որ անխտիր բոլոր շերտերը հասկացել են, թե ինչպիսի անհարիր ճոխությամբ ենք ապրել նախորդ 20 տարիներին: Բայց բավական էր` մեկ ամսվա ընթացքում հաղթահարվեր պատերազմի շոկը, որպեսզի իրերը վերադառնային իրենց բնականոն դրությանը: Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ` գաղջ մթնոլորտը կրկին վերանվաճում է իր դիրքերը` էլ ավելի մեծ սպառնալիքի վերածվելով: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հետաքրքիր տեղաշարժեր են արձանագրվում: Ցավալիորեն մեր հասարակությունը Արցախի հանդեպ հետաքրքրություն դրսեւորում է բացառապես հարցի սրացման պահերին, թեպետ ներկայիս փուլն ավելի վտանգավոր իրավիճակ է խոստանում եւ սրացման պահերին հայկական կողմի հանկարծակիի գալու իրական պատճառն է: Վերջին օրերին ադրբեջանական եւ մասամբ ռուսական վերլուծականները պնդում են, որ Հայաստանը զրկված է Ռուսաստանի աջակցությունից, եւ Սերժ Սարգսյանին ինչ-ինչ պատասխաններ տալու համար ժամանակ է տրվել մինչեւ նախագահների նոր հանդիպումը: Թերեւս նմանօրինակ լուրեր տարածվել են գրեթե բոլոր հանդիպումներից առաջ: Այդուհանդերձ, ներկայիս իրադրությունն աչքի է ընկնում զգալի առանձնահատկություններով, եթե հաշվի ենք առնում օդային սահմանի հսկողությունը փաստացիորեն ռուսներին հանձնելու իշխանության քայլերը, որոնք կարծես թե ֆորպոստացումից դեպի պոլիգոնի փոխակերպման վերջին ակորդներից են»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեծամասնական ընտրակարգով մանդատ ստացած իշխանական պատգամավորները դեռեւս չեն կողմնորոշվում իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերին ինչպես պատասխանել: «Ժողովուրդ»-ի այն հարցումներին, թե արդյոք դուք համամասնական ընտրակարգով պատրաստվում եք պատգամավորի թեկնածու առաջադրվել, մեծամասնականով մանդատ ստացած ՀՀԿ-ականները հիմնականում պատասխանում են, թե կուսակցությունը պետք է որոշի: Իրականում նման պատասխանը քաղաքական գործչի համար, մեղմ ասած, խայտառակություն է: Ի վերջո, քաղաքական գործիչներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքը եւ ջանքեր ներդնում իրենց ծրագրերն իրագործելու համար: Սակայն Հայաստանում հատկապես իշխանության ներկայացուցիչները իրենց սկսել են պահել այնպես ինչպես Խորհրդային Հայաստանի տարիների կոմունիստները. «պարտիան կորոշի», «եթե պարտիան վստահի, ապա ես պատրաստ եմ…» եւ այսպես շարունակ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական Ռազմիկ Մարկոսյանը։ Նրա ազատման պատճառը, մեր տեղեկություններով, այն է, որ գործառութային բաշխումներ են արվել, իսկ նա չի տեղավորվել նոր սխեմաների մեջ։ Մարկոսյանը, հիշեցնենք, սովետական շրջանի քաղբանտարկյալ է, ԱՄԿ անդամ։ Այդ պաշտոնին նշանակվել է Գագիկ Արզումանյանը, որը նախկինում ֆինանսների եւ էկոնոմիկաի փոխնախարար է եղել, տեւական ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա ֆինանսական քաղաքականության հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց եւ մնաց որպես Մեջլումյանի խորհրդական։ Այս նշանակման հարցում, մեր տեղեկություններով, դերակատարում է ունեցել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Կառավարությունից չբացառեցին, որ առաջիկայում կադրային փոփոխությունները կշարունակվեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի դաժան ծեծը շարունակում է քաղաքական ու հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Վարկածներ կան, որ Արցախի ուժայիններն են կազմակերպել ծեծը, այլ կարծիքի համաձայն էլ Սամվել Բաբայանն ինքն է կազմակերպել այն, որպեսզի իր այցի շուրջ աղմուկ բարձրանա, ուշադրություն գրավի: Բայց ինչ էլ որ լինի, Արցախի իշխանության համար ծեծն իրապես մեծ հարված էր, ինչը երեկ երեկոյան տարածած իր հայտարարության մեջ գրել էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը»,- երեկ հայտարարեց Բակո Սահակյանը: Սա նշանակում է, որ ԼՂՀ ղեկավարությունը պահի լրջությունը գիտակցել է: Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարի 31-ին էլ Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներին հենց Բերձորի մոտ Արցախի ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին: Ու հայ հասարակությունը հազիվ էր «մարսել» տեղի ունեցածը, մի կողմ դրել բարկությունն ու ցասումը, ապրիլյան 4 օրյա պատերազմի օրերին համախմբվեց ՀՀ եւ ԼՂՀ իշխանության շուրջ: Սակայն հասարակության լայնախոհությունը կրկին անգամ «բռնաբարվեց»: Դարձյալ գործի դրվեց բռնություններով հարցերը լուծելու տարբերակը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու մինչ օրս չի հաջողվել կասկածյալներին ձերբակալել, ԼՂՀ փոխոստիկանապետ, գնդապետ Բորիս Ենգիբարյանը պատասխանեց. «Ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Տարվում է նախաքննություն»»:

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Բոլորովին վերջերս՝ մայիսի 6-ի երեկոյան, «Նուրարաշեն» ՔԿՀ պետ նշանակվեց արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Վերջինս իր այս պաշտոնին նշանակվելուց առաջ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով հեռացվեց ոստիկանությունից։ Դրան նախորդեց Գասպարյանի հայտնի ելույթը, որտեղ Սերոբ Հարությունյանի նմաններին ոստիկանապետը անվանեց դավաճան, տականք, կրիմինալ աշխարհի հետ կապ ունեցող ու այդ կրիմինալին գաղտնի լուր հաղորդող տարրեր։ Չնայած այս որակումներին եւ «գողականների» կենացը խմելու՝ տարածված տեղեկություններին, Սերոբ Հարությունյանին նշանակեցին «Նուբարաշենի» պետ։ Կալանավայրում, մեր տեղեկություններով, նոր բունտ է հասունանում։ Նոր պետը որոշել է գերազանցել իր լիազորությունները եւ այնպիսի քայլերի է դիմում, որոնք առաջացրել են կալանավորների զայրույթն ու դժգոհությունը։ Մասնավորապես Հարությունյանը սահմանափակումներ է դրել կալանավորների «պերեդաչիների» հաճախականության ու տարողունակության վրա։ Արդյունքում՝ այն կալանավորներն, ու նրանց բազմաթիվ խցակիցները, որոնք սնվում էին հարազատների բերածով, ստիպված են օզտվել կալանավայրի ճաշարանից։ Իսկ ճաշարանը ավանդաբար պատրաստել է ավելի քիչ քանակով, ու հիմա ստեղծված վիճակում սնունդը չի հերիքում կալանավորներին»։