ՀՀ ԱԺ պատգամավորները դատապարտում են ԼՂՀ Ազգային Ժողովի իրենց գործընկեր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելը: Միևնույն ժամանակ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները խուսափում են այս միջադեպը կապել ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի հետ:
Հիշեցնենք, այսօր դաժան
ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Վերջինս հանդիսանում է Պաշտպանության բանակի նախկին հրմանատար Սամվել Բաբայանին՝ ԼՂՀ ՊՆ նշանակելու գործընթացի նախաձեռնողը, և հենց այս հանգամանքով են բացատրում ծեծի շարժառիթները:
VERELQ-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ձեռնպահ կմնա գնահատական հնչեցնելուց, թե արդյո՞ք Խանումյանի ծեծի ու Բաբայանի վերադարձի միջև կա որևէ կապ, բայց քիչ հավանական է համարում, որ այդ խիստ դատապարտելի միջադեպը կարող է կենցաղային հողի վրա լինել:
«Ակնկալում եմ, որ ԼՂՀ իրավապահներին շատ ժամանակ չի պահանջվի պարզելու, թե ովքեր են կանգնած խիստ դատապարտելի արարքի ետևում: Հայկ Խանումյանին ճանաչում եմ որպես պարկեշտ ու զուսպ անձնավորություն, չեմ կարծում, թե այդ միջադեպը կենցաղային հողի վրա կարող է լինել»,– նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ Հայկ Խանումյանի կինը
հայտարարել է, որ մեղավորները ԼՂՀ նախագահ
Բակո Սահակյանն ու նրա շրջապատի անձիք են: ՀՀԿ խմբակցության ղեկավար
Վահրամ Բաղդասարյանի համար, սակայն, ծիծաղելի են Ղարաբաղի իշխանությունների հետքը տեսնելը: Հարցին՝ շատերը ասում են, որ Խանումյանին ծեծի ենթարկելը ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ Բաբայանն ուզում է Ղարաբաղում հեղափոխություն անել, Բաղդասարյանն ասաց, որ դա առավել ևս ծիծաղելի է.
«Այս ամենի հետ Ղարաբաղի իշխանությունների անունը կապելը ծիծաղելի է ... Ամեն ինչ արել էին, մնում էր հեղափոխությունը»,- նշեց նա:
Բաղդասարյանը նաև ավելացրեց, որ բանակի ճակատագիրը ստորագրահավաքով չեն լուծում:, ու թեև ինքը բարձր է գնահատում նաև Սամվել Բաբայանի անցած ճանապարհը, բայց հավաքներով ու ստորագրահավաքներով չէ, որ հնարավոր է խնդիրներ լուծել:
Իսկ ահա նրա գործընկեր, ՀՀԿ խմբակցության քարտուղար
Գագիկ Մելիքյանն առհասարակ արձագանքեց, թե Սամվել Բաբայան անուն ազգանունով մեկին չի ճանաչում, հետևաբար որևէ խնդիր, որ կապ ունի այդ անձնավորության հետ չի պատրաստվում մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանն իր համակիրների հետ աջակցում է Արցախ ժամանած Պաշտպանության բանակի նախկին հրմանատար Սամվել Բաբայանին: Ավելի վաղ Բաբայանը կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ռազմա-քաղաքական ղեկավարությանն՝ ապրիլյան պատերազմի օրերին իրականացրած քայլերի համար: