ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ շուրջ 12 հազար պատվաստում
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ շուրջ 12 հազար պատվաստում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա այդ ցուցանիշը անբավարար է համարել։ «Այդ ցուցանիշը բավարար չէ, եւ մենք աշխատում ենք տեմպի ավելացման ուղղությամբ, որպեսզի ապահովենք ամենօրյա պատվաստումների բավարար շեմ», - պարզաբանել է Ավանեսյանը՝ հավելելով, որ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ առաջին հերթին սովորեն պատվաստումների շարժական կայանների տեղակայման վայրերին, ինչպես նաեւ թեթեւացված կարգի պայմաններին:
«Մենք ամեն օր տեսնում ենք նաեւ ցանկացողների աճ եւ դիմումների թվի ավելացում», - ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե երբ կարելի է խոսել կայուն իմունիտետի մասին, Ավանեսյանը նշել է, որ խոսքը կարող է մեկ տարվա մասին լինել. «Դա այն ժամանակահատվածն է, երբ հանրապետությունում կարող է հասնել շեմը, երբ հնարավոր կլինի հրաժեշտ տալ կովիդին»:
Այս առնչությամբ նա հավելել է, որ դա կախված է մի քանի փաստերից։ «Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի պատվաստանյութի ստացման համար դիմելիությունն առաջիկա ամիսներին», - ասել է նա: