23.11.2024
Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ավարտին հասցնել գերիների վերադարձի գործընթացը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտնել է ռեկորդային մակարդակի հարկային մուտքերի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2021 թվականի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ: «Սա Հայաստանի համար պատմական ռեկորդ է», - ասել է նա՝ նշելով, որ սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար:


«Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը ու դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ ու օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ըստ Փաշինյանի՝ բյուջեյի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 22 մլրդ դրամով։


«Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս տեմպը ոչ միայն պահպանել, այլև ավելացնել։ Հաջորդ շատ կարևոր ցուցանիշը հետևյալն է՝ դուք գիտեք, որ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ԱԱՀ վերադարձի պրոցեսը։ Եվ 100 միլիարդավոր դրամների անհույս պարտքեր են եղել կուտակված։ Ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում։ Այսինքն՝ ապրիլի արդյունքներով պարտքը կազմել է 67․4 մլրդ դրամ։ Ընդ որում, մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը՝ 2020 թվականի օգոստոսին պարտքը էլի եղել է պատմական մինմիում՝ 69․4 մլրդ դրամ։ Եվ սա նույնպես շատ կարևոր է։ 2018 թվականի դրությամբ բիզնեսին ԱԱՀ գծով պարտքը կազմում էր 276 մլրդ դրամ։ Այսինքն՝ երեք տարվա ընթացքում մենք 200 մլրդի չափ գումար վերադարձրել ենք բիզնեսին»,- ասել է Փաշինյանը։


Նիստին մասնակից ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ապրիլ ամսվա հարկային հավաքագրումները, ներառյալ այս տարվա առաջին չորս ամիսների հավաքագրումները, կազմում են 513 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 12․3 մլրդ դրամով։ «Իսկ 2019 թվականի չորս ամիսների համեմատ ավելի է 46․5 մլրդ դրամով», - ասել է նա։


Նա նաշել է, որ համեմատություն են արել նաև 2021 թվականի չորս ամիսների և 2020, և 2019 թվականի չորս ամիսների կատարված գործարքների և դրամաշրաջանառության ցուցանիշների մեջ։ «Եվ չորս ամիսների կտրվածքով 2021 թվականին 2019 թվականի համեմատ գործարքների թիվն ավելի է 35․7 մլրդ հատով, իսկ դրամաշրջանառության մասով 372 մլրդ դրամով։ Չորս ամիսների ընթացքում բիզնեսին վերադարձված փախհատուցման ենթակա գումարները կազմել են 54 մլրդ դրամ, նախորդ տարի այն կազմել է 46․5 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին 38․3 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը։


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս տարվա ապրիլին կատարված գործարքները 8․8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019 թվականի ապրիլից. «Իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26․6 տոկոսով ավելի են 2019 թվականից»։


«Իհարկե, այստեղ էլ ծավալի առումով որոշակի ազդեցություն գնաճը կունենա, բայց ուզում եմ ուշադրություն դարձնել, որ գործարքները թիվը 8․8 մլն հատով ավելի է։ Սա բավական լավ ու էական ցուցանիշ է։ Կարծում եմ, որ այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է։ Կարևոր եմ համարում նաև, որ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ է, քան կանխատեսվում էր նախկինում։ Մենք պետք է անպայման այս տեմպը ոչ թե պահենք, այլ նաև ավելացնենք»,- նկատեց Փաշինյանը։