Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ավարտին հասցնել գերիների վերադարձի գործընթացը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:
«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները:
Ինչպես նշված էր ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ, կողմերին կոչ ենք անում փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Կողմերին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով:
Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- ասված է ԵԱԿՀ ՄԽ համանախագահների հայտարարության մեջԵԱ: