ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» հարցով դիմել է Գուտերեշին
Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ հայկական կողմը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի ամենաանմարդկային հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։
«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,-դեսպան Մարգարյանը նշել է իր նամակում։
Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության, «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահի այս մտահղացումն առաջացրել է համաշխարհային հանրության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ինչպիսիք են The Guardian, France24, The Times, BuzzFeed, Bliimberg, Greek City Times-ը, իրավապաշտպանների և քաղաքական գործիչների վրդովմունքը: