VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ՀՀ դատախազության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում … ու պատժի խստացում»: Այսինքն՝ գլխավոր դատախազ
Գեւորգ Կոստանյանը փորձում է հանրությանը համոզել, որ իբր ընտրակեղծարարներին չպատժելն օրենսդրության մեղքն է: Մինչդեռ նույն քրեական օրենսգրքի թվով 12 հոդվածներ, որոնք վերաբերում են ընտրական իրավունքին, որպես կանոն, ընտրակեղծարարության համար նախատեսում են 2-5 տարվա ազատազրկում: Եւ ուրեմն ի՞նչն էր խանգարում պատժել կեղծարարներին. իհարկե, պատասխանը պարզ է. եթե չլինեն ընտրակեղծարարները, գործող իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ ամենագեղեցիկ երազում անգամ չի կարող պատկերացնել, որ իշխանության կգա, պաշտոն կունենա: Ուստի նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Բայց միաժամանակ չեն զլանում ձեւական մասը պահել` ասելով, թե ընտրակեղծիքների մեղավորն ընտրական օրենսգիրքն է, ընտրակեղծարարներն անպատիժ են, մեղավորը քրեական օրենսգիրքն է, եւ այսպես շարունակ: Իշխանությունները կարծես որոշել են Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջնականապես վերածել Սերժ Սարգսյանի կողմից որակված կրկեսի: Ի դեպ, նույն դատախազությունը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ 597 տարբեր տեսակի ահազանգ է եղել, որոնցից 79-ի դեպքում է քրգործ հարուցվել: Դրանցից 35 քրեական գործով 38 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է արձակվել: Բայց ոչ մի ընտրակեղծարար ազատազրկման չի դատապարտվել, այլ խորհրդանշական տուգանքներով գործերն ավարտվել են: Ինչպես կասեր Սիամանթոն՝ «Ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ու այդ պատճառով ԴԱՀԿ պետի պաշտոնից հեռացած գեներալ
Միհրան Պողոսյանի շրջապատում, ըստ լուրերի, անհանգստություն է տիրում։ Հզոր հովանավորի ազդեցության թուլացումից հետո շատերն իրենց անպաշտպան են զգում։ Միհրան Պողոսյանը բոլոր ընտրությունների ժամանակ եղել է Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում ՀՀԿ-ի համար ձայներ բերողը: Նրա ջանքերով ԱԺ պատգամավոր դարձավ
Արթուր Ստեփանյանը՝ «Քեթրին» ընկերության տնօրենը։ Թե ինչ է անելու նա առաջիկա ընտրություններին, արդյոք նոր, ավելի «հզոր» տանի՞ք է որոնելու, որպեսզի կրկին անցնի խորհրդարան, թե՞ իր հովանավորի հետ փորձելու է վերականգնել նախկին կարգավիճակը, փորձեցինք պարզել պատգամավորից։ – Պարոն Ստեփանյան, Դուք քիչ առաջ կողմ քվեարկեցիք Ընտրական օրենսգրքին, որով անցում է կատարվում ամբողջովին համամասնական ընտրակարգին։ Դուք խորհրդարան եք անցել մեծամասնական ընտրակարգով, կասե՞ք, թե ինչու կողմ եղաք դրա վերացմանը։ – Ես իմ կարծիքը քվեարկությունով ցույց տվեցի։ – Փաստորեն, Դուք արդարացված չե՞ք համարում Ձեր՝ որպես մեծամասնականով ընտրված պատգամավորի ներկայությունը խորհրդարանում։ – Արդարացված եմ համարում, բայց հետագա զարգացման համար ճիշտ ուղղությունը դա է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել: Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի քարտուղար
Իվետա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որեւէ տեղեկության չեմ տիրապետում: Կարծում եմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, եւ հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անելիքների ու ծրագրերի մասին անձամբ է հայտարարել, եւ կարծում եմ՝ այս հարցը եւս բացառություն չի լինելու»: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ նախկին նախագահը դեռ չի կողմնորոշվել, իր՝ քաղաքականությամբ չզբաղվելու հայտարարությունն ուժի մե՞ջ է, թե՞ ժամկետն անցել է»:
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. «Արտաքին աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները չնայած վերջին տարիներին ինտենսիվորեն ավելանում են, այնուհանդերձ Հայաստանի պարտքի բնութագրիչները որեւէ կերպ չեն փոխվում։ Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ Թվում է, թե ամեն ինչ լավ է, պարտքի ավելացումը որեւէ ազդեցություն չի ունենում դրա ծանրաբեռնվածության գնահատման ցուցանիշների վրա։ Իրականում, սակայն, այդպես չէ։ Հայաստանը արագ քայլերով մոտենում է պարտքի ավելի վտանգավոր գոտուն։ Համախառն ներքին արդյունքի նկատմամբ արտաքին պարտքի մինչեւ 48 տոկոս մակարդակը համարվում է նվազ ծանրության բեռ։ Այդ ցուցանիշով առաջնորդվելու դեպքում Հայաստանը դասվում է նման երկրների շարքում։ Սակայն ակնհայտ է, որ պարտքը գնահատող ցուցանիշները վերջին տարիներին արմատապես փոխվել են։ Պարտքի բնութագրիչները գնալով վատանում են։ Այս տեմպով շարժվելու դեպքում կարճ ժամանակ անց Հայաստանը կդադարի դասվել նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին։ Սա խնդիր է, որին հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել։ Անցած տարվա վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը, խոսքը կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտավորությունների մասին է, հասել է համախառն ներքին արդյունքի 41,4 տոկոսին։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում պարտքի ծանրաբեռնվածությունը բնութագրող հիմնական ցուցանիշը վատացել է 4,3 տոկոսով։ Մինչ այդ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 37,1 տոկոսի սահմաններում էր։ Վերջին 7-8 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշները շոշափելիորեն փոխվել են։ 2008թ. այն կազմում էր ՀՆԱ ընդամենը 13 տոկոսը։ Մինչդեռ անցած տարվա տվյալներով հասել է 41,4 տոկոսի։ Հայաստանը դեռեւս որոշակի տեղ ունի արտաքին պարտքը ավելացնելու համար։ Ինչպես հայտնի է, անցած տարի կատարված փոփոխություններից հետո կառավարությունը ստացավ մինչեւ ՀՆԱ 50 տոկոսի չափով արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն։ Պետական ներքին եւ արտաքին պարտքի մակարդակով Հայաստանը ընդհուպ մոտեցել է համախառն ներքին արդյունքի կեսին։ Անցած տարվա տվյալներով, այն կազմում է 48,7 տոկոս։ Նշենք, որ ի տարբերություն արտաքինի, պետական պարտքի թույլատրելի սահմանագիծը ՀՆԱ 60 տոկոսն է»։