Պաշտպանության նախարարության շենքի դիմաց այժմ լարված իրավիճակ է։ Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներից ոմանք բարձրացել են ճաղավանդակի վրա, նրանք փորձում են մուտք գործել շենք։ Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ։
Երեկվանից ՊՆ մուտքերը և ելքերը անետ կորած և զոհված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել: Հարազատները պնդում են՝ մինչև չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, թե որտեղ են իրենց զավակաները, չեն հեռանալու:
ՊՆ աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից: Մի շարք աշխատակիցներ էլ նշում են՝ տարբեր հարցերով դեռ երեկ դուրս են եկել ՊՆ շենքից և այլևս չեն կարողանում վերադառնալ իրենց աշխատանքին: Հատկանաշական է, որ հարազատները լրատվամիջոցներին չեն թույլատրում լուսաբանել, տեսանկարահանել ակցիան:
Այսօր նույնիսկ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես ՊՆ ղեկավարությունը հեռանում է ուղղաթիռով հեռանում նախարարության վարչական տարածքից:
Այժմ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, ՊՆ շենքի դիմաց է նաև ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա նշել է, որ զրուցել է նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ այժմ ՊՆ-ում ժողով է ընթանում՝ այս հարցին լուծում տալու համար։
Բողոքի ակցիա է տեղի ունենում նաև կառավարության շենքի դիմաց: Այնտեղ են Արցախում ծառայող զինվորների հարազատները: Պահանջում են իրենց որդիներին զորացրել: Նրանք 7 հոգանոց խումբ են կազմել և հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Իրավիճակը Երևանում էլ ավելի լարվեց, երբ ապրիլի 8-ի երեկոյան Ադրբեջանից հայ գերների վերադարձի մասին լուրը կեղծ դուրս եկավ: Գերների վրդովված հարազատները փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը և պահանջում են ստույգ պատասխան տալ, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, որի մասին նախապես հայտարարվել էր:
ԱԺ պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ գերիներին, առաջին հերթին, պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, և դա ոչ մի կապ չի կարող ունենալ տարածքների հետ, որովհետև գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել։
«Դուք էլ տեսաք, որ ինքնաթիռի մեջ Մուրադովը պետք է լիներ, և ինքը կար, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որ խախտվել են: Պատճառները հասանելի չեն: Ենթադրությունների դաշտում եթե ուզում եք ասեմ՝ հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը», - ասել է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ գերիների վերադարձ չի պլանավորվել, իսկ նամն լուրերով հայկական իշխանությունները մոլորության մեջ են գցում բնակչությանը։