VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող է ծավալվել նախկին կուսակիցների միջեւ: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ
Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին` նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը: Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել: Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ
Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները եւս: Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, եւ նախագահ
Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի եւ նախկին ՕԵԿ նախագահ
Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաեւ «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» Ռուսաստանում ծավալած ակտիվությունն աստիճանաբար տեղափոխում է եվրոպական հողի վրա: Մոսկվայում «Վերածննդի» համառուսաստանյան կառույցի եւ գրասենյակի հիմնումից հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, առաջիկայում Փարիզում կբացվի «Հայկական վերածննդի» եվրոպական առաջին գրասենյակը: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, գրասենյակի բացմանը ներկա կգտնվեն ֆրանսիական քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ։ Իսկ ՀՎԿ պատվիրակությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կմասնակցի ԵԺԿ քաղաքական ասամբլեայի աշխատանքներին, որտեղ եւ հանդիպումներ կունենա եվրոպական քաղաքական որոշ շրջանակների հետ: Ըստ ամենայնի, ՀՎԿ-ն փորձում է ցույց տալ, որ պատրաստ է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ բալանսավորված աշխատել»:
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. «Մինչ կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում հեղուկ վառելանյութի ոլորտում՝ խնդիրները բացահայտելու եւ հավասար հարաբերություններ ձեւավորելու ակնկալիքով, նախօրեին շուկայի մասնակիցները վերստին միահամուռ բարձրացրին բենզինի գինը (թանկացել է լիտրի հաշվով 10 դրամով)։ Մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարելուց անմիջապես հետո կառավարությունն առաջին քայլերը սկսեց հենց վառելանյութի շուկայից։ Մայիսի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց վառելանյութի շուկայի վիճակն ու խնդիրները։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց մաքսային վարչարարությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված չափանիշներին, վառելիքի շուկայում ընթացակարգերի դյուրացման հնարավորություններին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետ Հ.Աբրահամյանը, կարեւորելով վառելանյութի շուկայում «օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսավարողների համար ազատ, մրցակցային եւ հավասար պայմանների ապահովումը», հանձնարարեց սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները եւ ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ»։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր
Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար։ Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել 1970 թվականից։ – Պարոն Բագրատյան, Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւը մայիսի 23–ին Ստամբուլում ՄԱԿ–ի Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը «կեղտոտ բոմբ» ունի, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան ու դադարեցնի «Հայաստանի կողմից սպառնացող միջուկային վտանգն ու շանտաժը»։ Փաստորեն միջուկային զենք ունենալուն վերաբերող Ձեր հայտարարությունը նման արձագանք ունեցավ, եւ Ադրբեջանի ղեկավարները կոչ են անում պատժել Հայաստանին։ – Բայց ինչո՞ւ պատժել, Հայաստանը նման «միջուկային զենք» ունի 1970 թվականից։ Այդ ինչո՞ւ Ադրբեջանը 46 տարի հետո որոշեց, որ դրա համար պետք է Հայաստանին պատժել։ – Պատերազմական օրերին Ձեր այդ հայտարարությունը կարծես թե պատճառ դարձավ դրա համար։ – Դե, եթե պատճառ եղավ եւ Ադրբեջանը խելքի եկավ ու պատերազմը կանգնեցրեց, ուրեմն դա շատ լավ է: – Կարծում եք, հրադադարը Ձեր այդ հայտարարությա՞ն արդյունքում եղավ: – Դուք եք ասում։ Եվ ոչ միայն դուք։ – Չե՞ք կարծում, որ Ձեր հայտարարության արդյունքում միջազգային կառույցները, օրինակ, էներգետիկ ոլորտը վերահսկող ՄԱԳԱՏԵ–ն կգա Հայաստան ու կսկսեն միջուկային զենք որոնել։ – Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում։ Հայաստանի միջուկային պոտենցիալը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ»։