Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է ներմուծումների ոլորտը
Էկոնոմիկայի նախարարությունը ներմուծումների ոլորտում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունից հետո, ուսումնասիրություններ է կատարել և մշակել անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթեր:
Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ու առանձին պահանջներ ունեն: Դրանք են՝ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի, մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզվառելիքի ներկրումների ոլորտները:
Մոնոպոլիզացիան Հայաստանի տնտեսության ամենաարդիական խնդիրներից է, քանի որ այն հարվածում է գործարար միջավայրի «ողնաշարին»՝ մրցակցության բաղադրիչի բոլոր բացասական հետևանքներով: Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ունի ամենամոնոպոլիզացված տնտեսությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրանքային շուկայում շրջանառության մոտ 40% բաժին է ընկնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտներին: Գերիշխող է համարվում այն սուբյեկտը, որը տիրապետում է շուկայի 30%-ին:
Հիշեցնենք, որ վարչապետի կողմից հանձնարարվել էր ներկրումների ոլորտում մենաշնորհները վերացնելու նպատակով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական ու լիարժեք տեղեկատվություն ստանալ:
Մայիսի 18-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հեղուկ վառելիքի ու շաքարավազի շուկայում մենաշնորհների վերաբերյալ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ վարչապետ Աբրահամյանը նշեց, որ այդ շուկաներում այլևս մենաշնորհ չկա և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել այդ ապրանքների նեմուծմամբ:
«Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե և Սննդի անվտանգության ծառայություն՝ համաձայնեցումների: Ավարտից հետո սպասում ենք, որ մինչև ոչ շատ ուշ, քան այս շաբաթվա ավարտը մենք կտեղադրենք նաև կայքում: Սա շարունակական բնույթ է կրելու, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների լիարժեք տեղեկատվության ներկայացմանը»,- ասաց Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի ցանկացած ապրանքի մասով, ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողներն ու քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ հավաքելով տվյալները:
Կառավարության մայիսի 12-ի նիստում ՀՀ վարչապետը հայտարարեց իշխանությունների մի շարք նախաձեռնությունների մասին՝ պետական բյուջեի միջոցների խնայողություն, պետական համակարգի աշխատակիցների կրճատում, պայքար կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Հովիկ Աբրահամյանը նախանշեց երեքշաբաթյա ժամկետ՝ խնդիրները վերհանելու ու վերլուծություններ անելու համար: