24.11.2024
Բաբայան. Հայաստանի իշխանությունները դասեր չքաղեցին ապրիլյան պատերազմից
prev Նախորդ նորություն

Կառավարությունը բարելավում է պետգնումների թափանցիկությունը

Ֆինանսների նախարարությունը պետք է բարելավի տարբեր փուլերում պետական գնումների համակարգի թափանցիկությունը, որպեսզի յուրաքանչյուր անձ հնարավորություն ունենա էլեկտրոնային գնումների կայքում տեսնել իրեն հետաքրքող տեղեկատվությունը: Այս մասին կառավարության մայիսի 26-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Էլեկտրոնային գնումների կայքում հետաքրքրված անձինք պետք է տեսնեն հետևյալ տեղեկատվությունը՝ գնումների գործընթացի վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման, կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը և այլն», - ասաց նա և հանձնարարեց ֆինանսների նախարարությանը կատարել տրված ցուցումները:

Մինչ այս գնումների մոնիթորինգով զբաղվող լրագրողները, փորձագետներն ու հասարակական կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են, որ պետական գնումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չի տեղադրվում համապատասխան օնլայն հարթակներում: «Հաճախ տեղեկատվությունը թերի է, կիսատ, որը և հնարավորություն չի տալիս արդյունավետ մոնիթորինգ իրականացնել», նշում են փորձագետներն ու հավելում, որ ոչ թափանցիկ համակարգը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում:

Պետական գնումների համակարգում որպես թերություն փորձագետները նշում են նաև այն հանգամանքը, որ գնումների մրցույթներին շատ հաճախ հաղթում են պաշտոնյաների կամ նրանց հարազատների հետ փոխկապակցված կազմակերպությունները և գնումների ընդհանուր ծավալում մեծ կշիռ ունեն մեկ անձից կատարվող գնումները: Սա, ըստ ոլորտի փորձագետ Արտակ Մանուկյանի, կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում: Նրա խոսքով՝ պետական շատ կառույցներ գնումներ են կատարում նաև միջնորդավորված կերպով: Օրինակ՝ աղը չեն գնում Աղի գործարանից, այլ ինչ-որ մեկից, ով այդ նույն աղը ձեռք է բերել գործարանից և միջնորդ է հանդիսանում:

«Ես ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն՝ նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն: Նշված հաշվետվությունում ներկայացվում է տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների միջին գները, նաև կարելի է տեսնել պատվիրատուների՝ առանձին գնման ժամանակ ստացված նվազագույն և առավելագույն գները և հաղթողների առաջարկած գինը»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է՝ գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով:

«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, փնտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ: Սա հետաքրքրում է հանրությանը, և ես ցանկանում եմ, որ կառավարությունն այդ միջոցառումներն իրականացնի և ապահովի ավելի թափանցիկ գնումների գործընթաց”,- հավելեց նա: