ԱԳՆ. Հունիսին նախատեսվող հանդիպմանը համաձայնագիր չի ստորագրվելու
Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե հունիսին նախատեսվող հանդիպմանը հայկական և ադրբեջանական կողմերի միջև համաձայնագիր է ստորագրվելու: Կողմերը համաձայնվել են այն ամենի շուրջ, ինչը հրապարակվել է եռանախագահող երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ըստ մամուլի, այդ թվում և միջազգային՝ Վիեննայից հետո հունիսին սպասվող հանդիպմանը հնարավոր է ստորագրվի կողմերի միջև ինչ-որ համաձայնագիր:
ԱԳ նախարարը բացատրեց, որ հայտարարությունը կարող էր ստորագրվել ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ, բայց Ադրբեջանը հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը, որն արել էին եռանախագահները, և հենց այդ պատճառով դա դարձավ եռակողմ հայտարարություն: Որում, շարունակեց Նալբանդյանը, շատ հստակ նշված են այն պայմանավորվածությունները, հանձնառությունները, որ ստանձնել են կողմերը: Նախ, դրանում հստակ նշվում է 1994-95թթ-ների եռակողմ, անժամկետ զինադադարի պայմանագրերի անխտիր իրականացումը, նաև ընդգծվում է կարևորությունը, որպեսզի ստեղծվի զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմ և ընդլայնվի ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները: ՀՀ ԱԳ նախարարը մատնանշեց նաև, որ այդ տեքստում ասվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կլինի հունիսին.
«Վայրը դեռ ճշտված չէ, բայց որը նվիրված կլինի բանակցությունների վերսկսման խնդրին: Պարզ է մեկ բան, որ այդ բանակցությունների մեկնարկի համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, բայց դա նախապայմաններ չեն Հայաստանի կողմից, այլ բանակցությունների համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ: Եվ այդ պայմանների մասին խոսեցին հենց եռանախագահողները և նաև պարտավորություններ ստանձնեցին կողմերը: Եթե այդ պայմանները ստեղծվեն, կյանքի կոչվեն պայմանավորվածությունները, այսինքն բացառվեն նոր զարգացումները, ինչպիսիք եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այս ուղղությամբ»,-ասաց Նալբանդյանը:
ԱԳ նախարարը նշեց, որ հունիսի սկզբին նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, առանձին հանդիպումներ են լինելու նաև ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև և գուցե, հույս հայտնեց Էդվարդ Նալբանդյանը, այդ հանդիպումների ժամանակ կշարունակեն քննարկել այն հնարավորությունները, որպեսզի լիակատար իրականացվեն Վիեննայում ձեռք բերված պարտավորությունները: Ինչը հնարավորություն կտա ճանապարհ հարթել բանակցությունների փուլ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը, ապա Նալբանդյանը նշեց, որ դրա հնարավորությունն էլ չի բացառվում.
«Ինչու ոչ՝ հնարավոր է և լինի բարձր մակարդակով ևս, այդ հայտարարության մեջ նշված չէր, թե ինչ մակարդակի մասին է խոսքը: Բայց բացառված չէ, եթե բոլոր պայմանները ստեղծվեն և նախապատրաստվի այդպիսի հանդիպման հնարավորություն, ապաև կարող է լինել հանդիպում: Բայց իհարկե, երբ խոսում ենք այս ամենի մասին, պետք է հիշենք, որ հանդիպում, որտեղ կվերսկսվեն բանակցությունները՝ որևէ ստորագրության մասին այս պահին ոչ միայն վաղաժամ է խոսել, այլև անիմաստ, որովհետև այդպիսի փաստաթուղթ մշակված չկա, որը կարող է ստորագրվել: Եվ այդ բանակցությունները պետք է նվիրված լինեն հենց դրան, որ շարունակեն մշակել հիմնախնդրի կարգավորման հիմնական ուղղությունները, իրավապայմանագրային փաստաթուղթ կողմերի միջև, որը հնարավորություն կտա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում»,- հավելեց Էդվարդ Նալբանդյանը: