VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ աշխատակազմի ղեկավար
Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է՝ նախապատրաստվում է խորհրդարանը լքելուն։ Թովմասյանը նոր Սահմանադրության համահեղինակներից է և առաջիկայում բարձր պաշտոնի ակնկալիք ունի։ Նման ակնկալիք ունեն նոր Սահմանադրության բոլոր համահեղինակները։ ՍԴ նախագահ
Գագիկ Հարությունյանն, օրինակ, կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, ու նրա փոխարեն ՍԴ նախագահ կարող է դառնալ
Հրայր Թովմասյանը։ Ասում են, վերջինս արդեն սկսել է նոր աշխատավայրի համար կադրեր հավաքագրել հատկապես իրավական ոլորտից։ Իսկ եթե անգամ Գագիկ Հարությունյանը ՀՀ նախագահ չդառնա, միևնույն է, մոտենում է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նա կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, որը լրանում է 2018 թ. մարտին։ Ամեն դեպքում, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ նախագահի պաշտոնն առայժմ խոստացվել է Հրայր Թովմասյանին։ Հիշեցնենք նաև, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է շուրջ 22 տարի 1996 թվականից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «
Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել քաղաքական նպատակներով և չի մտնելու
Վարդան Օսկանյանի կուսակցություն։ «Ինքն իր բնույթով ապաքաղաքական անձնավորություն է, եկել է Հայաստան՝ մնալու մտայնությամբ և այս երկու օրը հանդես կգա հարցազրույցով, իհարկե, ոչ պրոիշխանական կայքերից մեկում, և կմեկնաբանի թե՛ այցի նպատակը, թե՛ իր ծրագրերը», – ասաց Կամանդույուշչիին մոտ կանգնած մեր աղբյուրը, ըստ որի ՝ Սամվել Բաբայանն անհանգիստ է ղարաբաղյան խնդրով և պատրաստ է իր օժանդակությունն ունենալ այդ խնդրում. «Ինքն իրեն ավելի շատ այդ դաշտում է տեսնում»։ Ի դեպ, Ղարաբաղում ևս ոմանք կարծում են, որ նա հատկապես Ղարաբաղի հարցով է վերադարձել։ Երեկ Բաբայանի վերադարձին անդրադարձել է նաև ադրբեջանական haqqin.az–ը՝ հիշեցնելով նրա քրեական անցյալն ու ղարաբաղյան ժողովրդի՝ նրա պաշտոնավարման շրջանի սարսափները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2015 թվականի բյուջեի կատարողականի խորհրդարանական հաշվետվության ներկայացումից պարզ է դարձել, որ
Սերժ Սարգսյանը 2015 թվականին կատարել է երկու տասնյակ արտասահմանյան այց: Այդ այցերի արժեքը կազմում է պատկառելի ծախս բյուջեի համար: Իսկ ինչպիսին է դրանց արդյունքը: 2016 թվականին մենք ունենք տնտեսական ծանր իրավիճակ և ռազմա-քաղաքական պատերազմական իրադրություն, իսկ քառօրյա պատերազմի ընթացքում էլ պարզվեց, որ Հայաստանը չունի դաշնակից: Այդ մասին անգամ Սերժ Սարգսյանը խոստովանեց` ասելով, թե մենք չունենք հզոր հովանավորներ: Այդպիսով, ո՞րն է Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի արդյունքը: Տնտեսական ծանր կացությունն ու պատերազմական զարգացումները դրանց անարդյունավետության վկայությունն էին, պատերազմում առանց դաշնակից մնալը անարդյունավետության վկայությունն էին, իսկ ո՞րն էր արդյունքի վկայությունը: Կա՞ նման վկայություն: Եվ այս հարցն, իհարկե, միայն Սերժ Սարգսյանի այցերին չէ, որ վերաբերում է, այլ Հայաստանի գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք այցելում են արտերկիր և իրենց հետ տանում են հոծ պատվիրակություններ:
Ավելին՝ այդ այցերի պերճանքի մասին է խոսում այն, որ իշխող մեծամասնության շարքերում նույնիսկ կռիվներ, ինտրիգներ, պայքար ու խարդավանքներ են ծավալվում այդ պատվիրակությունների կազմերում ընդգրկվելու համար: Հայաստանի պետական կառավարման համակարգը դարձել է զբոսաշրջային մի մեծ գործակալություն, որտեղ սահմանափակ թվով մարդիկ ճանապարհորդում են հարկատուների հաշվին: Այսինքն՝ խոսքը նույնիսկ բարեգործական զբոսաշրջային գործակալության մասին է, քանի որ այդ զբոսաշրջիկների ծավալից գործակալությունն օգուտ չունի, այլ միայն ծախսեր է կատարում: Փոխադարձ այցերն անկասկած պետական կենսագործունեության առանցքային տարր են, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել պետության բնականոն կյանքը, եթե այն մեկուսացած չէ աշխարհից: Սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք հայաստանյան մի իրավիճակի հետ, երբ պետական պաշտոնյայի արտասահմանյան այցելությունները պետության հետ կապ չունեն, որովհետև Հայաստանում իշխանությունն ու պետությունը նույնական չեն: Հայաստանում իշխանությունը ոչ թե ծառայում է պետությանը, այլ յուրացրել է այդ պետությունը»: