24.11.2024
ԵԱՀԿ ԽՎ-ը կքննարկի Ղարաբաղի վերաբերյալ նոր բանաձևը
prev Նախորդ նորություն

Գեղամյան. Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ փաստաթղթում ներառված են Երևանի պահանջները

Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կկայանա ԵԱՀԿ Խորհրդարական Վեհաժողովի հերթական նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի քննարկման է ներկայացվելու շվեդ պատգամավոր Մարգարետա Սեդերֆելդի հեղինակած բանաձևը: Նախագծում նշված է, որ հակամարտությունների հետևանքով իրենց տները լքած Ադրբեջանի, ՀՀ-ի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տներն ու այդ իրավունքը վիճարկելի չէ: Նաև մտահոգություն է հայտնվում ղարաբաղյան գոտում իրավիճակի սրացման կապակցությամբ:

VERELQ-ի հետ զրույցում իշխող ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԱՀԿ Խորհրդարական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 1994թ.-ից հետո առաջին անգամ ԵԱՀԿ ԽՎ-ի փաստաթղթերում առաջ են քաշվում այն պահանջները, որոնք մինչ այդ իր ելույթներում և հարցազրույցներում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը խոսում է այդ հեղինակավոր կազմակերպության կողմից ՀՀ արտաքին քաղաքականության ադեկվատ ընկալման մասին:

Գեղամյանը մեջբերեց այդ բանաձևից մի քանի հատվածներ, որտեղ, օրինակ նշված է, որ «ԵԱՀԿ ԽՎ-ը իր մտահոգությունն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետևանքով էսկալացիայի կապակցությամբ և ողջունում է ԵԱՀԿ ակտիվ մասնակցությունը՝ ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունների քաղաքական լուծման որոնման գործում առկա ֆորմատներին ու բանակցային մեխանիզմների շրջանակներում»: Իսկ հաջորդ կետում ԵԱՀԿ ԽՎ-ը կոչ է անում «խորհրդարանականներին խրախուսել տարածաշրջանի երկրների քաղաքական կամքը, որպեսզի մասնակցություն բերվի փոխվստահության միջոցառումների ամրապնդման գործում և նվազեցվի ղարաբաղյան հակամարտության գոտում հետագա ռազմական էսկալացիայի վտանգը»: Գեղամյանի խոսքով, հենց այդ ձևակերպումը, որը վերջերս հնչեցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանդիսանում է ղարաբաղյան բանակցությունների վերականգնման գլխավոր նախապայմանը:

Փաստաթղթի հաջորդ կետը վերաբերվում է նրան, որ ԵԱՀԿ ԽՎ-ը կոչ է անում կողմերին ուժեղ քաղաքական կամք դրսևորել փախստականների ու ներքին տեղահանված անձանց հարցը լուծելու համար, ինչպես նաև արագ կյանքի կոչել համաձայնագիրն ու կրկին հաստատում է ՀՀ-ի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի քաղաքացիների իրավունքը վերադառնալ իրենց տները՝ անվտանգության պայմաններում:

«ԵԱՀԿ-ը ԽՎ-ը հստակ հայտարարում է, որ այսուսետ ևս ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ լիազորված կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է՝ հստակ գործողությունների ու մեխանիզմների կիրառմամբ: Հարց. ո՞վ կդառնա երաշխավորը, որ հայերը կկարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրեր՝ Գետաշեն, Բաքու, Շամխոր, Շեմախա, Գանձակ և այլ, մինչ այդ հայաբնակ Ադրբեջանի քաղաքներ ու գյուղեր: Անկասկած, այս փաստաթուղթը հզոր զենք զենք կդառնա մեր դիվանագետների ձեռքում և կարող է դրական դեր խաղալ բանակցային գործընթացում», - նշել է Գեղամյանն ու հավելել, որ այդ ձևակերպումները տրվել են ի հեճուկս Ադրբեջանի:

Նա ընդգծել է, որ քառօրյա ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ը միջազգային հանրության առջև հանդես է գալիս, որպես իր ճշմարտացիության ու սեփական ուժերի վրա վստահ պետություն: