Այսօր՝ ապրիլի 2-ին, ԶՈւ ԳՇ նակին պետ Օնիկ Գասպարյանի գործով վերսկսված դատական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը խնդրեց մինչ այս դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել։ Նա նաև բողոք էր բերել Գասպարյանի հայցը վարույթ ընդունելու՝ դատարանի որոշման դեմ։
Դատավոր Մհեր Պետրոսյանի որոշմամբ նիստն անցկացում է դռնբաց։ Օնիկ Գասպարյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արամ Օրբելյանը, Նիկոլ Փաշինյանինը՝ Տաթևիկ Սարուխանյանը։ Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին։ Գասպարյանը հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետի և նախագահի:
Ավելի վաղ դատարանը բավարարել էր Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշել կիրառել հայցի ապահովման միջոց: Ըստ էության դատարանի որոշմամբ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման որոշումը կասեցվել էր՝ մինչև հարցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Այդպես է մեկնաբանում դատարանի որոշումը Գասպարյանի ներկայացուցիչներից Արթուր Հովհաննիսյանը։
Այսօրվա նիստի ժամանակ կառավարության ներկայացուցիչն իր՝ մինչ այս դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու խնդրանքը հիմնավորեց նաև ռազմական դրության հանգամանքով։ «Արդյոք ներկայում ռազմական դրություն կա հանրապետությունում», - հետաքրքրվեց դատավորը, որին ի պատասխան կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ թեև փաստացի այն հանվել է, միևնույն ժամանակ տարածաշրջանում առկա լարվածությունը թույլ է տալիս փաստել, որ ռազմական դրություն մտցնելու հիմքերը դեռևս չեն վերացել։
Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը առարկեց, որ գործող նոր երևան եկած հանգամանքներ չկան ու հիշեցրեց, որ Գասպարյանի կողմից դատախազություն է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում, քանի որ առկա է դատական ակտ, որը չի կատարվել։
Պատասխանողի ներկայացուցիչն էլ հայտնեց, որ հարկավոր է հարցը քննարկել պետության շահի տեսանկյունից. «Մենք գործ ունենք պետության ղեկավարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի բնականոն հարաբերությունների ապահովման անհրաժեշտության հետ, երբ մենք ասում ենք անվտանգություն, սա նկատի ունենք։ Ռազմական դրությունը հենց նոր վերացրած պետությունում, միանգամից չեն վերանում անվտանգության խնդիրները»։
Նրան կրկին առարկեց փաստաբան Օրբելյանը՝ նշելով, որ կառավարության ներկայացուցչի Սահմանադրություն ու վարչապետի լիազորություններն առավել ընդլայնված է ներկայացնում։
Լսելով կողմերին՝ դատարանը քննարկումը համարեց ավարտված: Նա տեղեկացրեց, որ իր որոշումը կուղարկի կողմերին։