ԱԺ-ին կվերածի Երևանի խորհրդարանի. անկախ պատգամավորները՝ ԸՕ-ի փոփոխությունների մասին
Անկախ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Սոֆյա Հովսեփյանը վստահ է, որ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումը հարվածի տակ կդնի խորհրդարանում մարզերի ներկայացվածությունը:
Նրա խոսքով, ռեյտինգային համակարգից հրաժարվելու անհրաժեշտությունը ինքը չի վիճարկում, սակայն ներկայացված բարեփոխումները համարում է հատվածական և բոլոր խնդիրները չլուծող։ Հովսեփյանն ընդգծել է, որ համամասնական ցուցակներով խորհրդարան անցած պատգամավորները մարզեր են այցելում տարին մեկ կամ երկու անգամ:
Պատգամավորը վստահ է, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ էր օրենսդրական մակարդակով սահմանել ընտրությունների մասնակիցների համամասնական ցուցակներում տարածաշրջանների ներկայացուցիչների պարտադիր քվոտաներ: Ըստ Հովսեփյանի, ստեղծված պայմաններում հայտնի չէ, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվելու կուսակցություններն առաջիկա արտահերթ ընտրություններում։
Ընտրակարգի փոփոխությունների հեղինակներին ներկայացրած քննադատությամբ է հանդես եկել նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը։ Նա ընդգծել է, որ այդ համակարգն Ազգային ժողովը կվերածի Երևանի խորհրդարանի։