Քաղցկեղը Հայաստանում. ուշ հայտնաբերումից մինչև թերի բուժում
Թեպետ Հայաստանը քաղցկեղից մահացության և հիվանդացության համաշխարհային ցուցանիշներով բարձր դիրքերում է, սակայն պետական և հանրային ուշադրությունն այդ հինավդության բուժման ուղղությամբ կաղում է: Ոլորտում պակասում են բավականին ներդրումները և ենթակառուցվածքները, իսկ հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է:
Հատկապես այս խնդիրների քննարկման և լուծումների նախանշմանն էր ուղղված Երևանում անցկացված «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովի վերաբերյալ, որին մասնակցել են բժշկագիտության աշխարհահռչակ մասնագետներ, ովքեր կիսվել էին հայաստանյան փորձագետների հետ իրենց փորձով: Միջազգային համաժողովի մասնակիցները «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսին ներկայացրեցին համաժողովի արդյունքները եւ խոսեցին ոլորտում առկա ակտուալ խնդրիների մասին:
Հայաստանում քաղցկեղից մահացության և հիվանդացության ցուցանիշը բավականին բարձր է: Ըստ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների՝ 2014 2 թ.-ին 2010-ի համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 9-10 տոկոսով: Տարեկան աճը կազմում է շուրջ 3-4%: Առողջապահության նախարարության տվյալներով, եթե 2010 թվականին Հայաստանում կար 7593 առաջնակի հիվանդ քաղցկեղով, ապա 2014-ին այդ թիվը հասել է 8365-ի:
Ըստ մասնագետների Հայաստանում տղամարդկանց մոտ առավել շատ տարածված է թոքի և ստամոքսաղիքային քաղցկեղը, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը: Պաշտոնական տվյալներով, երկրում 2014 թ.-ին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է քաղցկեղից 188 մահացության դեպք: Տարեկան կտրվածքով ՀՀ-ում քաղցկեղի հետևանքով մահանում է մոտ 8,000 մարդ, սակայն հիվանդների մոտ 40-45%-ը բժշկին ուշ է դիմում, որի պատճառով բուժումը դառնում է անհնարին և շատ հաճախ այդ փուլում մարդիք անցնում են ծանր ցավերի և տառապանքների միջով:
«Այս տեսանկյունից «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը հայաստանցի մասնագետների համար լավ հնարավորություն էր մտքեր փոխանակել ոլորտում մեծ ներդրում ունեցած համաշխարհային դեմքերի հետ», - նշեց ասուլիսին մասնակից ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան, Համաժողովի գիտական քարտուղար Գևորգ Թամամյանը:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ համաժողովի արդյունքում արյունաբանության և ուռուցքաբանության ասոցացիան ստորագրեց հուշագիր «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի կենտրոնի հետ: «Այս հուշագրի շրջանակներում հայաստանցի մասնագետները կկարողանան այնտեղ վերապատրաստումներ անցնել, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը», - ասաց Թամամյանը։ Նա հատկապես կարևորեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման խնդիրը Հայաստանում՝ նշելով, որ այդ երեխաների մոտ 65-70%-ն է բուժվում: «Ամենատարածված տեսակը արյան քաղցկեղն է, երկրորդ տեղում կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են», - հավելեց մասնագետը:
Հայաստանում քաղցկեղի հիվանդության բուժման տեսանկյունից, նշում է ասուլիսին մասնակից Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, «Հաղթահարենք Քաղցկեղը Ժպիտով» միջազգային գիտաժողովի նախագահ Ավո Արթինյանը, հայաստանցի մասնագետները գիտելիքի և ինտելեկտի պակաս չունեն։ Խնդիրը, ըստ նրա, համապատասխան ենթակառուցվածքների ու կառավարության կողմից ներդրումների պակասն է:
«Այս խնդիրն իսկապես կարևոր է: Հայաստանում քաղցկեղի վիճակը բարելավելու համար շատ կարևոր է, որ մարդիկ դրա մասին բարձրաձայնեն ու պահանջեն ավելին ոլորտի պատասխանատուներից: Ուստի կարևոր է նաև մարդկանց տեղեկացվածության աստիճակը խնդրի կարևորության մասին», - մանրամասնեց նա:
Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի լեյկեմիաների և ցողունային բջիջների փոխպատվաստման ամբիոնների պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովան Հայաստանում որպես առաջնային խնդիր առաջնձանցրեց քիմիա թերապիայի դեղորայքի պակասը հատկապես երեխաների համար: «Իրականում այն պետք է տրամադրվի պետության կողմից: Կան նույնիսկ որոշ բազային դեղեր, որոնք թանկ չեն, բայց Հայաստանում չեն տրամադրվում ի տարբերություն օրինակ հարևան Վրաստանի», - ասաց նա:
Գաիտաժողովին մասնակից Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Կարդիո-թորակալ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ԱՄՆ Թորակալ վիրաբուժության մասնագիտական հանձնաժողովի տնօրեն Արա Վափորչյանն իր հերթին որպես քաղցկեղածին գործոն նշեց Հայաստանում ծխողների բարձր թիվը և համապատասխան բժշկանա ենթակառուցվածքների բացակայությունը:
«Պետք են բարեփոխումներ՝ միտված ծխելու մակարդակի կրճատմանը, որն իր հետ կբերի քաղցկեղով հիվանդերի թիվի նվազման։ Առաջին հերթին սա պետք է իրականացնել: Կրթության և օրենքների միջոցով անհրաժեշտ է երիտասարդներին հետ պահել ծխելուց, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծխախոտը դարձնել ոչ մատչելի։ «Անհրաժեշտ է նաև հոգեբանական օգնություն, որը նույնպես արդյուանվետ է», - ասաց նա։
Նա օրինակ բերեց ԱՄՆ փորձից: «20 տարի առաջ, երբ այնտեղ ծխողների թիվը մեծ էր, շատ էր նաև թոքի քաղցկեղով հիվանդների թիվը: Այժմ, երբ ծխողների քանակը կրճատվել է, տեսնում ենք, որ քաղցկեղով հիվանդների թիվն էլ է կրճատվել», - հավելեց նա։
Ասուլիսի ավարտին Ավո Արթինյանը հավելեց, որ հրատապ խնդիրներից է մնում քաղցկեղի հայտնաբերման ժամկետը: «Հայաստանում քաղցկեղը բավականին ուշ ստադիաներում է հայտնաբերվում: Մինչդեռ այդ հիվանդության պայքարի ամենալավ տարբերակը այն շուտ հայտնաբերելը և կանխարգելելն է: Այդ դեպքում հնարավոր է նվազեցնել մահացությունը քաղցկեղից», - եզրափակեց նա։