Քեմերոն. Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ
Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա Եվրամիության անդամ, եթե պահպանվեն 28 անդամ ունեցող այդ հանրակցությանը անդամակցելու բանակցությունների ներկայիս տեմպերը։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Հեռանկարում ոչինչ չի խոսում այն մասին, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնա մոտ ժամանակներս, - ասել է նա ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։- Նրանք հայտը ներկայացրել են 1987 թվականին։ Եվ առաջընթացի ներկայիս արագության պահպանման դեպքում, նրանք, հնարավոր է, միացման պահին կհասնեն մոտավորապես 3000 թվականին, եթե հավատանք ամենավերջին կանխատեսումներին»։
Մինչ այդ հայտնի է դարձել, որ Թուրքիայի նոր վարչապետ է ընտրվել Բինալի Յըլդըրըմը, ով միանգամից աջակցություն է հայտնել Էրդողանի նախագահական լիազորություններն ընդլայնելու օգտին: Թուրքիայի խորհրդարանը նաև քվեարկել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Փորձագետների կարծիքով, այդ նախագիծն ուղղված է քրդամետ պատգամավորների դեմ:
Այդ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Թուրքիան սպառնացել է դադարեցնել Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի չափանիշների» կիրառման քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիիթ Բուլութը, հայտնում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է ավելի շատ փախստական, քան աշխարհի ցանկացած այլ պետություն, և կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը: «Անօրինական ներգաղթը վերահսկելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է միասին աշխատեն իրավական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչպիսին է 2016 թվականի մարտի համաձայնագիրը»,- ասել է Էրդողանը:
Անկարան և Բրյուսելը բանակցություններ են վարում մի շարք կարևոր հարցերի շուրջ, առավել կարևոր են Մաքսային միության հարցերը և փախստականների հարցով գործարքը:
Մարտի 18-ին Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի հուլիսի 1-ից պետք է վերացվեն Թուրքիայի քաղաքացիների համար դեպի ԵՄ մուտքի վիզաները: Սակայն մայիսի 11-ին հայտնի է դարձել, որ Եվրախորհրդարանը կդադարեցնի Թուրքիային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու ուղղությամբ աշխատանքները՝ մինչև Անկարան չկատարի ԵՄ պահանջները։