23.11.2024
Բանակի նյութատեխնիկական ապահովմամբ կզբաղվի Մովսես Հակոբյանը
prev Նախորդ նորություն

Չնայած հոռետեսությանը՝ տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը պահպանվել է

Ապրիլին Հայաստանի տնտեսությունը շարունակել է պահպանել տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ՝ այն կազմել է 6.8 տոկոս: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին չորս ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 6 տոկոս: Համեմատելով 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկնակի անգամ ավելացել է: Տվյալները հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Այդպես, եթե 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 2.7 տոկոս, ապա այս տարվա ցուցանիշը նույն ժամանակահատվածի համար կազմել է 6 տոկոս:

Ղարաբաղյան հակամարտության սրացմանը զուգահեռ մասնագետները կանխատեսում էին տնտեսական ցուցանիշների ու ակտիվության անկում, սակայն վիճակագրությունն ապացուցում է հակառակը. աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում:

Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում աճը կազմել է ավելի քան 13 տոկոս, հունվարի-ապրիլ ամիսներին տնտեսական աճի ցուցանիշն այստեղ 10 տոկոս է: Ծառայությունների ոլորտում ակտիվությունը 7,6 տոկոս է, առաջին չորս ամիսների կտրվածքով տնտեսական աճը 9,3 տոկոս է։ Տարին լավ մեկնարկ է տվել նաև գյուղատնտեսությանը, իսկ ահա շինարարությունը,նախորդ ամիսների պես, շարունակել է անկում արձանագրել:

Լավ ցուցանիշներ են արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 60 տոկոսով առևտրի ծավալների ավելացում 2016 թվականի առաջին չորս ամիսներին : Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 512 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 136 մլն դոլարով ավելին է:

Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ ապրիլին կանխատեսում էր, որ Հայաստանի տնտեսական աճը 2016 թվականին կկազմի 1.9 տոկոս, մինչև մեկ ամիս անց՝ մայիսին, ԱՄՀ-ն կանխատեսումը փոխեց և այժմ կանխատեսում է մինչև 2.2 տոկոսի աճ 2016 թվականի համար: