24.11.2024
Չնայած հոռետեսությանը՝  տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը պահպանվել է
prev Նախորդ նորություն

Ագրամունտն այն կալիբրի պաշտոնյան չէ, որ մասնակցություն ունենա հակամարտության կարգավորման հարցում

«Պետք է մեկ անգամ ևս արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որևէ մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվելու, հետևաբար Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ ինքը որպես ԵԽԽՎ նախագահ անելու է իրենից կախվածը՝ նպաստելու հակամարտության կարգավորմանը, իրականությունից էապես կտրված է»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Պատգամավորը նկատեց, որ ճիշտ հակառակն է՝ նման անհեռատես հայտարարություններով որևէ կերպ ոչ միայն չի նպաստում հակամարտության կարգավորմանը, այլ ճիշտ հակառակն է:

Հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը հայտարարել էր, թե «ԵԽԽՎ-ի և իմ դիրքորոշումն այնպիսին է, որ ԼՂ հակամարտությունը, և, առհասարակ, բոլոր հակամարտությունները, պետք է իրենց լուծումը գտնեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»: Ագրամունտը նաև ասել է, թե իր այդ դիրքորոշման համար բազմիցս քննադատության է արժանացել հայկական կողմից, սակայն «դա որևէ նշանակություն չունի իր համար, քանի որ համոզված է իր կարծիքի արդարացիության մեջ»:

Բացի այդ, շարունակեց Ֆարմանյանը, Ագրամունտը նման հայտարարությամբ հերթական անգամ ապացուցում է այն, ինչ բազմիցս բարձրաձայնվել է նաև Վեհաժողովում հայկական պատվիրակության կողմից և կասկածի տակ է դնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հեղինակությունը.

«Ցավոք սրտի առաջին դեպքը չէ, երբ ի դեմս ԵԽԽՎ նախագահի ունենք մարդու, ով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի շատ զբաղված է իր անձնական խնդիրները կարգավորելով, քան ի պաշտոնե այն պարտականությունների իրականացմամբ, որի արդյունքում կողմերի միջև կարող է վստահության մթոնոլրտը բարձրանալ և այլն: Հիշենք նաև Մևլութ Չավուշօղլուին: Հավանաբար, Պեդրո Ագրամունտը այս կերպ շարունակում է իր հավատարմությունը ապացուցել պաշտոնական Բաքվին՝ դրանից բխող հետևանքներով, բայց Ագրամունտը այն կալիբրի պաշտոնյան չէ, որ կարողանա որևէ կերպ նպաստել կամ որևէ կերպ մասնակցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- վստահություն հայտնեց Սամվել Ֆարմանյանը՝ ավելացնելով, որ Ագրամունտը նույնիսկ մոտ չէ այդ պաշտոնյան լինելուն:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ եվրոպական կառույցի նախագահի հայտարարությունը մեկ անգամ ևս մտածելու առարկա պետք է դառնա խորհրդարանական վեհաժողովի անդամների, հատկապես Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության քաղաքական խմբի ներկայացուցիչների համար, թե որքանով է նպատակահարմար հունվարին ևս մեկ տարով երկարացնել Ագրամունտի լիազորությունները ԵԽԽՎ նախագահի պաշտոնում:

Նշենք, որ արձագանքելով Ագրամունտի այս հայտարարությանը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, համաձայն որի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»: