Ռուս-հայկական հարաբերությունները, որոնք Ռուսաստանը շատ թանկ է գնահատում, խորը պատմություն ունեն եւ ռազմավարական բնույթ են կրում: Դրանք ոչ միայն խոսքեր են, այլեւ փաստերով ամրապնդված իրականություն: Այս մասին «Հայ-ռուսական ռազմավարական միության ակտուալ հարցերն արդի սպառնալիքների ու մարտահրավերների առջեւ» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ շատ բարձր հարաբերություններ ունի բոլոր ոլորտներում։ Եվ նույնիսկ անցյալ տարի, երբ շփումները չափազանց բարդ էին հայտնի իրադարձությունների պատճառով, այդ երկխոսությունը ոչ մի րոպե չի դադարել։
«Երկկողմ հարաբերությունների համար ուղենիշ հանդիսացան 2020թ. աշնանը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ ողբերգական թե հայ ժողովրդի, թե մեզ համար։ Եվ այս դժվարին պահին Ռուսաստանը, Հայաստանը, միևնույն է, միասին են եղել, իսկ շնորհիվ առաջին հերթին բարձր մակարդակով փոխգործակցության՝ հաջողվել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և շարունակվել է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ուղղված աշխատանքը։ Ես կարծում եմ, որ այդ իրադարձությունները շատ հստակ կարևորվել են մեր երկրների միջեւ հարաբերությունները, որպես կարեւոր գործոն է մեր պետությունների անվտանգության համար»,- նշեց դեսպանը:
Կոպիրկինն ընդգծել է, որ այդ աշխատանքը ոչ մի րոպե չի դադարել եւ այժմ աշխատանք է տարվում Ղարաբաղի վերականգնման, պատերազմի հետեւանքների վերացման ուղղությամբ, եւ Ռուսաստանը դրանում շատ մեծ ջանքեր է ներդնում ինչպես խաղաղապահ զորակազմի առումով, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնման հարցում, ինչը թույլ է տալիս հանրապետության բնակիչներին վերադառնալ բնականոն կյանքին: Միաժամանակ, հիշեցրել է նա, աշխատանք է տարվում տարածաշրջանում տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, ինչը «կհանգեցնի տնտեսական կյանքի նորմալացմանը»:
«Ես կարծում եմ, որ այդ բոլոր գործոնները, ինչպես նաեւ անվտանգության եւ տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի զարգացման նախադրյալների ստեղծման հարցերն ավելի են ընդգծել մեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման արդիականությունը»,-ասել է Սերգեյ Կոպիրկինը:
Ռուս դիվանագետը նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության տակ այժմ զգացվում է ռուս-հայկական ինտեգրացիոն կապերի ամրապնդմանն ուղղված հանրության ակնհայտ պահանջարկը: Նրա խոսքով, սա շատ կարեւոր ուղերձ է, քանի որ երկու երկրների միջեւ ինտեգրման զարգացումն ու խորացումը ժամանակի հրամայականն է, իսկ կյանքը ցույց տվեց, որ դա պահանջված է եւ արդիական, քանի որ դրանից է կախված մեր երկրների տնտեսական զարգացումն ու անվտանգության ապահովումը:
Նշելով, որ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին, դեսպանը ասել է, որ ռուս-հայկական հարաբերությունների իմաստավորումն ու ամրապնդումը հիմա, երբ այդքան արդիական է հայ հասարակության ինքնավստահության ամրապնդման հարցը իր, իր պետության ու ինքնիշխանության մեջ, շատ կարեւոր նշանակություն ունի եւ խոր ու օբյեկտիվ իմաստավորման կարիք ունի: