ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց լրագրողը:
Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել երևանյան սրճարաններից մեկում.
"Երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամը նախարարն անցկացնում սրճարանում, մոտեցել ու հարցրել եմ, թե ինչով է դա պայմանավորված և ինչու է նա աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը, նախ, ասաց, որ գիշերային ժամին է աշխատում, իր համար բոլոր ժամերը աշխատանքային են, որից հետո խնդրեց անջատել տեսախցիկը",- պատմեց լրագրողը:
Նրա խոսքով, երբ տեսախցիկն անջատվել է, նախարարը սպառնացել է, թե "կհիշի այս օրը", ինչին ի պատասխան նա ասել է, թե՝ "երբ ուզում ես, այն ժամանակ էլ կարող ենք հիշել և եթե նախարար ես, չի նշանակում, որ պետք է իմ հետ այդ տոնով ու ձև խոսել": Դրանից հետո լրագրողը բարձրացել է վերև, շարունակել իր աշխատանքը համակարգչի վրա, երբ Հակոբ Արշակյանը մոտեցել է նրան ու հարձակվել.
"Ձեռքս է վնասվել (ցույց է տալիս արյան հետքեր), բացի դրանից հարվածեց իմ համակարգչին, ինչի արդյունքում այն կոտրվել է: Սեղանին դրված իմ հեռախոսը ևս վնասվել է",- ասաց Ֆահրադյանը:
Սրճարանում, տեղեկացրեց նա, կան տեղադրված տեսախցիկներ, հետևապես պահանջելու է սրճարանից կատարվածի տեսագրությունը և ներկայացնելու է ոստիկանություն: Մինչ այդ իր այդ ուղիղ միացումը լրագրողը հորդորել է ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին: