24.11.2024
Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանում անցկացվում է իշխանության վարկաբեկման տոտալ քարոզարշավ. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանում անցկացվում է իշխող վերնախավի ներկայացուցիչներին եւ կառավարության անդամներին վարկաբեկելու տոտալ եւ լավ վարձատրվող արշավ: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։


Նրա խոսքով, գրեթե ամեն օր ԶԼՄ-ները վերատպում են տարբեր Տելեգրամ ալիքների նյութեր, որոնք կասկածելի տեղեկություններ են պարունակում պետական գործիչների, Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերման եւ սպառազինությունների տեղափոխման մասին, ինչն անընդունելի է եւ պարունակում է Ազգային անվտանգության սպառնալիքներ:


Պատգամավորի խոսքով՝ անկախ իրավիճակից, պետք է քրեական գործեր հարուցել, որպեսզի պարզվի, թե արդյոք նյութում հրապարակված տվյալները համապատասխանում են իրականությանը, եթե նկարագրված խախտումները համապատասխանում են իրականությանը, ապա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, թե ով է կանգնած ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակման հետեւում: Քոչարյանը նշել է, որ նման նյութերի անտեսումը հասարակության աչքում կարծիք է ձևավորում, թե հրապարակված նյութը ճիշտ է։


Նա նշել է, որ վերջին շրջանում հրապարակվել է գործող պաշտոնյաների մի ամբողջ ցուցակ, որոնց վերագրվում էր այս կամ այն գույքի ձեռքբերումը: «Այլ կերպ ասած, ընթանում է վարկաբեկման տոտալ քարոզարշավ, որը, ըստ ամենայնի, շատ լավ է ֆինանսավորվում», - հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը բախվել է նույն խնդրին, ինչ շատ այլ պետություններ, երկրում սկսել է ֆինանսավորվել սուտը:


«Մենք ապրում ենք իրականության եւ ֆեյքերի պայմաններում, եւ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է դարձել», - հայտարարել է նա: Պատգամավորը ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում կան դրան դիմակայելու մեխանիզմներ։


Ի պատասխան՝ փոխտնօրենը նշեց, որ ԱԱԾ-ն այս կամ այն տեղեկատվական ռեսուրսների սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ ունի։ Սակայն խնդիրն այն է, որ շատ դեպքերում նման նյութերը «կարմիր գծեր չեն անցնում», քանի որ դրանք քողարկում են «հնարավոր է», «ենթադրաբար» արտահայտություններով, ինչը սահմանափակում է նրանց պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։


Քոչարյանը, իր հերթին, հատուկ ծառայություններին կոչ է արել ավելի կոշտ պայքարել ֆեյքերի դեմ, իսկ լրագրողներին ավելի զուսպ լինել եւ հանրությանը ճշմարիտ տեղեկատվություն տրամադրել: "Սուտը մեզ բարիք չի բերի", - հայտարարել է նա: