Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ
Պատրանք չպետք է լինի, թե ուժի կիրառումը, որն ուղեկցվում է զանգվածային վայրագություններով, ներառյալ էթնիկական զտումները և ռազմական հանցագործությունները, կարող է օգնել կարգավորել հակամարտությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմնական խնդիրները, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարությունում, շարունակում են մնալ չլուծված: Դրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ենթադրում է Արցախի կարգավիճակի և տարածքների հարցը:
«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, հարյուրավոր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձիք մնում են գերության մեջ: Հրադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին՝ ենթարկելով նրանց ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Սա անընդունելի է», - ասել է նախարարը:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Բաքվում, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին: