22.11.2024
Մամուլ. Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Զգուշավոր Արմեն Սարգսյանը բորբոքեց կրքերն ու շիկացրեց իրավիճակը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 25-ից մինչ օրս՝ 13 օր, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ օրը Գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն էր տարածել՝ ասելով թե ԶՈւ սպաները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո վարչապետը միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հարցով, որը մեկ անգամ նախագահն արդեն հետ ուղարկեց Փաշինյանին, սակայն փետրվարի 28-ին նա կրկին նույն միջնորդությունն ուղարկեց Արմեն Սարգսյանին, որը վերջինս ոչ ստորագրեց, ոչ էլ ուղարկեց Սահմանադրական դատարան, եւ մինչեւ օրս ԳՇ պետի պաշտոնանկության հարցը հանգուցալուծում չի ստացել: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի («Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունր») 1-ին մասին համապատասխան՝ այդ հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է հանրապետության նախագահը իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը/ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը: Նախագահին Սահմանադրությամբ տրված ժամկետն ավարտվել է, քանի որ վերջինս եռօրյա ժամկետում չի դիմել Սահմանադրական դատարան: Եվ, չնայած դրան, տարբեր մասնագետներ այս հարցը տարբեր կերպ էին մեկնաբանում, քանի որ հարց է, թե նախագահը կարող է համապատասխան օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման համար դիմել Սահմանադրական դատարան, այլ ոչ թե հենց վարչապետի միջնորդության մասով, թե ոչ: Երեկ՝ 18:00-ի դրությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չէր դիմել Սահմանադրական դատարան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը՝ չդիմել ՍԴ, երեկ շիկացրեց իրավիճակը, եւ Բաղրամյան պողոտայում գտնվող ընդդիմությունը որոշեց շրջափակել Ազգային ժողովը՝ որպես հակազգային ու հակապետական կառույց, ու թույլ չտալ, որ պատգամավորները մտնեն խորհրդարան, շարունակեն իրենց գործունեությունը։ Հաշված րոպեների ընթացքում ահռելի քանակությամբ ոստիկաններ բերվեցին Բաղրամյան պողոտա եւ Դեմիրճյան փողոց։ Իշխան Սաղաթելյանն արձանագրեց․ «Մեր երկրում նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ՝ հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու, դա մեր բնական իրավունքն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՊՆ-ում նոր պաշտոն ստացավ՝ հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Որոշ տեղեկություններով, այդ պաշտոնը ստեղծվել է հատուկ նրա համար․ Փաշինյանը Դավթյանին որոշել է գործուղել ԳՇ՝ երկիշխանություն ստեղծելու եւ Օնիկ Գասպարյանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Ուշագրավ է, որ Փաշինյանի լրատվամիջոցը, որն առաջինը հայտնեց այս նշանակման մասին, գրել էր, որ Դավթյանը «ԳՇ-ում» նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա, ավելի ուշ հրապարակման միջից հանվեց «ԳՇ» բառը, քանի որ օրենքով սահմանված է ԳՇ կազմը, եւ նման հաստիք գոյություն չունի։ Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2 անգամ բարձր պաշտոն է ստացել եւ պաշտոնանկ արվել։ Հեղափոխությունից հետո նա նշանակվեց ԳՇ պետ, ապա 2020-ի հունիսի 8-ին ազատվեց՝ կարանտինի ժամանակ որդու հարսանիքի հետ կապված սկանդալի պատճառով։ Հաջորդ պաշտոնն ստացել է 2020-ի հուլիսի 17-ին՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ 2020-ի նոյեմբերի 16-ին՝ ազատվել։ ԳՇ հայտնի հայտարարությունից եւ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը ստորագրվելուց հետո տեղեկություններ կային, որ Փաշինյանը նրան է տեսնում ԳՇ պետի պաշտոնում, բայց երեկվա նշանակումը հուշում է, որ Օնիկ Գասպարյանի դիրքերն ամուր են, եւ Սահմանադրությունն ու օրենսդրությունը հնարավորություն չեն ընձեռում այդքան հեշտ ազատվել նրանից, ուստի նոր՝ անօրինական ճանապարհներ են մտմտում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 29-ին Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելուց հետո, չնայած իմքայլականները որոշեցին «ջենթլմենություն» անել՝ չօգտվել ԱԺ կանոնակարգի հնարավորությունից ու հանձնաժողովը չխլել ընդդիմության ձեռքից, առաջարկելով ԲՀԿ-ին նոր թեկնածու ներկայացնել, սակայն ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկում։ Իսկ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ հաշվեհարդարը շարունակվում է։ Նույն օրը եւեթ նրան զրկել են իր երկսենյականոց աշխատասենյակից եւ սենյակ հատկացրել նիստերի դահլիճից կտրված հատվածում՝ առաջին հարկում, զրկել են հանձնաժողովի նախագահի բոլոր ծառայություններից՝ հեռախոսային փաթեթ, ծառայողական մեքենա։  Ավելին՝ Զոհրաբյանի վարորդին էլ ազատել են աշխատանքից, մինչդեռ խորհրդարանի պրակտիկայում նման դեպքերում աշխատանք են առաջարկում կամ որոշ ժամանակ թողնում ԱԺ բալանսում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, չի գոհացրել Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնի, թե հաջող հանրահավաք էր, սակայն Փաշինյանը, ըստ էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ եւ հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով եւ նույնիսկ հոգեբուժարաններում գրանցված անձանց բերման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։ Նրան զեկուցել են, որ առավելագույնը 18-20 հազար մարդ է եղել հրապարակում, մինչդեռ հանձնարարված էր ամեն գնով լցնել հրապարակը՝ գոնե մի 40-50 հազար ապահովելով։ Այդ հավաքի գլխավոր պատասխանատուն տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էր, ում, մեր տեղեկություններով, հանրահավաքի օրը Փաշինյանը նախատել է՝ տեսնելով Պապիկյանի ինքնագոհ պահվածքը։ «Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞։ Էս չի՞ բերածդ մարդը»,- ասել է Փաշինյանը Պապիկյանին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ռուսաստանում իր մտերիմների միջոցով փորձել է հասնել գոնե 5-6 գերու ազատ արձակմանը՝ որպես սեփական հեղինակության բարձրացման միջոց, սակայն նրան հասկացրել են, որ դա իր վրայով հարց չէ, և ավելի լավ կանի դրա մեջ չմտնի: Վերջին շրջանում շատ հայ քաղաքական գործիչներ, այդ թվում պատգամավորներ են փորձել գոնե անհատական մեկ-երկու գերու հարց լուծել, սակայն ապարդյուն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «17-ի ֆորմատը վերջնականապես մեռել է, որի ապացույցն այն է, որ Վազգեն Մանուկյանը Գագիկ Ծառուկյանին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ Ծառուկյանը ԲՀԿ-ական և ԲՀԿ-ամերձ գործիչներին հրահանգել է մինչև վերջ ոչնչացնել Մանուկյանին: Բացի այդ, Ծառուկյանը չէր մասնակցել վերջին հանրահավաքին մարդ բերելու գործին՝ ցույց տալով, որ առանց իր մասնակցության հրապարակը ընդհանրապես կդատարկվի»:


«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր: Նրանց միջեւ զրույցը բավականին սուր բնույթ է ունեցել, ասում են` Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ տալ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ իր մանդատի իրականացման գործում թերացումների եւ ոչ համագործակցային աշխատելաոճի համար դադարեցվել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը: Թեեւ համացանցում լուրեր էին տարածվել, թե հայաստանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավարը լրտեսություն է արել՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, սակայն ՀՀ ԱԳՆ-ն դա պաշտոնապես չհաստատեց՝ ազատման իրական պատճառի մասին այդպես էլ չխոսելով: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց այս տեղեկությունների հետքերով, եւ ուժային կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչով զբաղվել է ԱԱԾ հակահետախուզությունը, սակայն զարմանալի դանդաղկոտությամբ այս մասին տեղեկությունը տարածվեց պատերազմից միայն չորս ամիս անց, ու այդպես էլ հայտնի չդարձավ՝ ԱԱԾ-ն երբ է նրա լրտեսությունը բացահայտել: Եւ տարօրինակ է, թե ինչու նրա նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, այլ միայն կառավարության որոշմամբ նա պաշտոնանկ արվեց: Ինչպե՞ս է նա կարողացել անարգել դուրս գալ Հայաստանից: Ամեն դեպքում, մեզ հայտնի չէ, թե Մարիան Քլարկ-Հաթինգը որտեղ է եղել 44-օրյա պատերազմի օրերին, ինչ տեղեկությունների է տիրապետել, ինչու նա այդ ընթացքում երբեւէ չի արձագանքել Ադրբեջանի տարբեր վայրագություններին երեխաների նկատմամբ այն դեպքում, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաքելություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը: Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք մենք ունե՞նք Ազգային անվտանգության ծառայություն, որը պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելով, նաեւ լրտեսներին բացահայտելով, թե՞ այլեւս այդ կառույցի գլխավոր առաքելությունը «ֆեյք» բռնելն է կամ սատանաներ որսալը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տարբեր շրջանակներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ Ամուլսարում առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, եւ ազատվածները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական Ամուլսարի շահագործման հարցը: Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ նրա մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը փոխանցեց, որ նախարարը օրերս է հայտարարել, որ խնդրել է ժամանակ փորձագիտական շրջանակների հետ ավելի մանրամասն հարցը քննելու ու ըստ էության դրան պատասխանելու համար: «Ես բոլոր շրջանակների հետ  աշխատելու եմ բաց, շիտակ ու թափանցիկ, ու չի լինելու մի փաստարկ, որը չքննարկվի, ես դա երաշխավորում եմ անձամբ ու ի պաշտոնե»,- օրերս հայտարարել էր նախարարը: Իսկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նույն թեմայի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, ասաց. «Ամուլսարի մասով որեւէ բան չեմ կարող ասել, նման տեղեկություն չունեմ, բայց հանքի տնօրինության հետ եմ խոսում, տեղյակ եմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքը կկորցնեն, հանքի տնօրինությունը նրանց առաջիկայում իրենց հիմնարկներում՝ Արարատում, Ագարակում, փորձելու է հնարավորինս տեղավորել աշխատանքի»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրա­վիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայն­քով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը: Խնդիրն այն է, որ Տավուշի մարզ­պետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հա­յաստանի սահմանը ինչպես նախկի­նում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լի­արժեք պաշտպանվում է: Բայց ո՞րն է Հայաստանի սահմանը, ըստ փաշինյանական մարզպետի, թերևս սա հարցե­րի հարցն է: Տեղացիներն անհանգս­տացած են, որ սեղանին է դրվելու անկլավները հանձնելու հարցը, իսկ պաշ­տոնատար անձինք էլ ներկայացնելու են, թե դրանք Հայաստանի Հանրապետությանը չէին և էլի վկայակոչելու են ինչ-ինչ քարտեզներ: Ավելին՝ մարզում անգամ շշուկներ են պտտվում, թե ռուս խաղաղապահների թիկունքի հետևում հանդիպում է տեղի ունեցել թուրքական կողմի հետ, և ձեռք են բերվել որոշակի համաձայնություններ, սակայն այն որ­քանով է համապատասխանում իրա­կանությանը, դժվար է ասել: Համենայնդեպս, մինչև այս պահը որևէ փաստ չկա: Այս պահին միակ բանը, որ հաս­տատ է՝ այն է, որ տավուշյան սահմա­նապահ գյուղերում կան ռուս զինվորա­կաններ՝ ինչ առաքելությամբ, էլի հայտ­նի չէ, բայց միակ հուսադրողն այն է, որ դիրքային փոփոխություններ այդ կող­մերում դեռևս չկան»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին Ալիևի հայտարարություները տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների և ընդհանրապես տարածաշրջանի պատմությանը քաջածանոթ յուրաքանչյուր անհատի մոտ ժպիտ են առաջացնում: Ինչպես կարող է 100-ամյա Ադրբեջանի պատմական տարածք լինել հազարամյակներով բոլոր ժողովուրդների և պատմիչների կողմից մշտապես Հայաստան կոչված տարածքը: Անհերքելի ճշմարտություն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ադրբեջանցիները երբեք մեծամասնություն չէին կազմել ու չէին էլ կարող կազմել: Ադրբեջանն ինչպես ցարական Ռուսաստանի ենթակայության տակ եղած տարիներին, այնպես էլ նրա խորհրդայնացման պահին մշտապես դիտվել է հայերով և մուսուլմաններով բնակեցված երկիր՝ նկատի ունենալով հայկական բնակչության մեծ թիվը և մուսուլմանական տարբեր ժողովուրդների առկայությունը, իսկ Զանգեզուրի՝ հայկական չլինելու մասին ընդհանրապես խոսակցություն չէր կարող լինել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաեւ Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաեւ վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլեւ Թուրքիայից: Օրինակ՝ ՀՀ թուրքական ծիրան նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է 2045 տոննա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Իրանից ներմուծվել է 2726 տոննա, Վրաստանից՝ 7528 տոննա ծիրան: Նշենք, որ թուրքական եւ իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը: Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են: Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ եւ այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանում իրավիճակը կարելի է բնութագրել որպես պայթյունավտանգ: Հիշեցնենք, որ երկրում ցույցեր են, արժույթի անկումը է՛լ ավելի է սրել ֆինանսատնտեսական ճգնաժամը, մարդիկ պահանջում են իշխանություններից ձեռնարկել համապատասխան գործողություններ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Մեզ հետ զրույցում լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վստահեցրեց, որ հայ համայնքը որևէ ձևով ներգրավված չէ բողոքի ցույցերին. «Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական խնդիրներով: Այս բոլորը նաև արտալիբանանյան կենտրոնների, ազդեցության գոտիների բախումների հետևանք են»»: