22.11.2024
Մամուլ. Զգուշավոր Արմեն Սարգսյանը բորբոքեց կրքերն ու շիկացրեց իրավիճակը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ծառուկյանն ու Փաշինյանը կհանդիպեն այսօր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր կառավարությունում նախատեսված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ հանդիպումից հետո կհայտարարվի ընտրության գնալու պատրաստակամության մասին։ Ընտրությունները կլինեն թերևս մայիսին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Կրկին քննարկվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, մեր տեղեկություններով, նրանց միջեւ միջնորդավորված երկխոսություն է ընթանում: Ծառուկյանը համաձայն է արտահերթ ընտրություններին եւ հնարավոր է մոտ օրերս հայտարարի, որ թեեւ հուշագիր չի ստորագրում, բայց խոստանում է թեկնածու չառաջադրել, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Ի դեպ, երեկ իշխող ուժը խորհրդարան էր ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որից տպավորություն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների։ Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ կուսակցության խորհրդում դեռ չեն քննարկել՝ վարչապետի հրաժարականից հետո նոր թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ։ ԼՀԿ-ում թերևս սպասում են, որ առաջին քայլը Ծառուկյանն անի։ Հայրենիքի փրկության շարժման մյուս ուժերը թեեւ բացահայտ չեն ասում, բայց ներսում խոսում են, որ եթե ընտրություններ հայտարարվեն, անգամ Փաշինյանի վարչապետությամբ, ստիպված են մասնակցել։ Ամենաարմատականը ՀՀԿ-ն է, որը հայտարարում է, թե մասնակցելու հարցին կպատասխանեն Փաշինյանի հրաժարականից հետո»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 9-ի գիշերը Վազգեն Մանուկյանի կոչը՝ շրջափակել ԱԺ մուտքերը, պարզվում է, անակնկալ է եղել Հայրենիքի փրկության շարժման որոշ անդամների համար։ Այն համաձայնեցված չի եղել մյուսների հետ, նրանք զարմացել են, բայց ստիպված են եղել իրականացնել նրա կոչը։ Երեկ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ սպոնտան է եղել կոչը։ Երբ հարցրինք՝ թիմակիցները տեղյակ եղե՞լ են, որ ինքը նման կոչով պիտի հանդես գա, նա դժվարությամբ ասաց՝ այո։ Իսկ երբ նկատեցինք, որ այդքան էլ վստահ չասաց «այո»-ն, Մանուկյանն արձագանքեց․ «Որովհետեւ լրիվ որոշում չէր»։ Այսինքն՝ սպոնտա՞ն էր։ «Ե՛վ այն, ե՛ւ այն»։ Ի դեպ, հաստատեց նաեւ, որ կոչից հետո ողջ գիշերը չի մնացել՝ ինչ-որ պահից գնացել է տուն՝ հանգստանալու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում՝ առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել հրավիրյալների տրամադրվածությունը, սակայն հիմնականում ուժերը նշում էին, թե կկարողանան այդ հարցին պատասխանել միայն քննարկումներից հետո: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Խորհրդում կքննարկենք հարցը, որից հետո որոշում կկայացնենք եւ այդ մասին կհայտարարենք»: Հայրենիքի փրկության շարժման մեջ ներգրավված ուժերի ներկայացուցիչները եւս կքննարկեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պարզել չհաջողվեց. նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը տեւական ժամանակ է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, բոլոր ուժերն էլ կգնան, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերին Նիկոլ Փաշինյանն արդեն ուղարկել է իր մտադրությունների մասին մեսիջներ, այն է` գարնան վերջ կամ ամառվա սկիզբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու դա կլինի իր հրաժարականի գնով: Նախագահի մոտ քննարկվող հիմնական թեման ընտրությունների մանրամասներն են լինելու: Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նահանջն էլ է դրանով պայմանավորված. նա հասել է Փաշինյանի հրաժարականին, մնում է դա պաշտոնապես ազդարարվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ չստորագրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել վարչապետը։ Նա որոշում կայացնելու 3-օրյա ժամկետ ունի․ կա՛մ պետք է ստորագրի հրամանագիրը, կա՛մ առարկություններով հետ ուղարկի։ Երկու դեպքում էլ անմիջապես հայտարարություն կլինի։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, երեկ շտապեց ԳՇ եւ ներկայացրեց Արտակ Դավթյանին։ Մեր երկրում օրենքը, փաստորեն, պահում են բոլորը՝ բացի իշխանավորներից։ Դավթյանի նշանակումը մի նրբերանգ ունի՝ նրա ԳՇ պետ աշխատած շրջանում զենք-զինամթերք ձեռք բերելու գործարքների շուրջ քրեական գործ կա հարուցված, եւ Պատրոն Դավիթը կալանավորված է։ Եթե այդ գործարքներն անօրինական են, եւ վատ զենք է մատակարարվել, ապա պետք է մեղադրանք առաջադրվի առաջին հերթին ԳՇ պետին, ապա՝ մատակարարին, ուստի Դավիթ Գալստյանին բռնելը, իսկ Արտակ Դավթյանին նման բարձր պաշտոնի նշանակելն անհամատեղելի են։ Մյուս կողմից՝ Դավթյանի ԳՇ պետ նշանակվելը Անդրանիկ Քոչարյանի պլանների վրա մի մեծ տապանաքար է դնում։ Վերջինս ՊՆ մատակարարումների դաշտ մտնելու ծրագրեր ուներ, որը կարող էր իրականացնել Վաղարշակ Հարությունյանի, բայց ոչ Դավթյանի պաշտոնավարման դեպքում։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում ուղիղ տեքստով ասել էր․ «Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք՝ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»։ Ի դեպ, Արտակ Դավթյանը պատերազմի օրերին ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, եւ իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես թույլ տված ձախողումների հետեւանք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած փետրվարի 25-ից Հայաստանը փոթորկվեց գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ 40 բարձրաստիճան զինվորականների հայտարարությունից, որով նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն դրանից 13 օր անց Փաշինյանին հաջողվեց խորհրդակցություն անցկացնել բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ եւ հենց այդ ժամանակ էլ ներկայացնել շտաբի պետի նոր թեկնածուին: Փաշինյանը չսպասեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակեր կամ մերժեր այդ միջնորդությունը եռօրյա ժամկետում. նա ներկայացրեց ԳՇ պետի իր թեկնածուին, բայց առայժմ՝ մինչ նախագահի կողմից նրան նշանակելը կամ մերժելը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, քանի որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատված է պաշտոնից, թեեւ դատարանում վիճարկում է հրամանագիրը: Նկատենք, որ Ստեփան Գալստյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի այն 40 զինվորականներից մեկն է, ովքեր ստորագրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, բայց սա չի խանգարել, որ հենց նա երեկ դիմավորեր վարչապետին եւ զեկուցեր, որ անձնակազմը պատրաստ է խորհրդակցության: Իսկ ո՞վ է բանակից գնացած, նորից հետ եկած Արտակ Դավթյանը. մարդ, որին պրոֆեսիոնալ զինվորականները բազմիցս հրապարակավ համարել են ամենաանպատրաստ գեներալ, ապաշնորհ ռազմական գործիչ: Բայց քանի որ Արտակ Դավթյանը «Մարտի 1»-ի գործով ցանկալի ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում, դրա դիմաց պարգեւ է ստանում` երկրորդ անգամ ԳՇ պետի պաշտոնը ստանձնելով: Առաջին անգամ ազատվեց աշխատանքից, քանի որ կորոնավիրուսի բռնկուն շրջանում թաքուն որդու հարսանիքն էր արել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն եւ հանդիպել զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նա խորհրդակցություն է անցկացրել, սակայն իրականում պարզապես ասել է իր ասելիքն ու հեռացել: Փորձագիտական շրջանակների համոզմամբ, այս հանդիպումը պարզապես «բեմականացում» էր, քանի որ Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ունենալ կադրեր, որտեղ բարձրաստիճան սպաները իրեն «պատիվ են տալիս» եւ հոտընկայս դիմավորում ու ճանապարհում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ հանդիպումը կազմակերպելը հեշտ չի եղել, սպաներին խնդրել են, որ լավություն անեն: «Գալու է, կարճ խոսի ու գնա»,- ասել են նրանց: Ի դեպ, ուշագրավ է, որ ընդամենը 6-7 րոպեանոց խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը մոտ տասն անգամ օգտագործել է «միասին» բառը. միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, միասին կկարողանանք հաղթահարել, միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ այլն: Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը նշեց, որ դա պատահական չէր, եւ Փաշինյանը որոշակի մեսիջ էր ուղարկում գեներալիտետին: Ինչ վերաբերում է ԳՇ պետի խնդրին, ապա այստեղ մշուշը գնալով ավելի խտանում է՝ թե՛ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման (նա դիմել է վարչական դատարան), թե՛, առավել եւս, նոր պետ նշանակելու առումով: Հավելենք նաեւ, որ երեկ մինչ նշյալ հանդիպումը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը եւս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ «միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին եւ հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները»։


«168 ժամ» թերթը գրում է. «Հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է հակադրություններից, հաճախ՝ աբսուրդի հասնող հակադրություններից։ Դա ամենաշատն ու ամենացայտունը դրսեւորվում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում կամ պայքարի իմիտացիայում։ Թվում է՝ բոլորը պայքարում են նրա դեմ կամ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այդ պայքարում կատարում են այնպիսի գործողություններ կամ ցուցաբերում են այնպիսի անգործություն, որ վերջնարդյունքում նպաստում են նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Այս գործընթացը վերածվել է հակասությունների անվերջանալի շղթայի, որն ամեն օր գեներացնում է հանրային սպասումներ, իսկ ամեն հաջորդ օր հանգեցնում է հասարակության հիասթափությանը, եւ որպես դրա հետեւանք՝ ապատիայի ավելացմանը։ Այդ հակասականությունը հասել է զավեշտի մակարդակի։ Հանրապետության նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց դրանից հետո իր բոլոր գործողություններով կամ դրան համարժեք անգործությամբ՝ նպաստում է նրա իսկ իշխանության ամրապնդմանը։


 Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, երկիրը տանում է կործանման, պահանջում է նրա հրաժարականը, իր այդ քայլով գեներացնում է շուրջ երկշաբաթյա գործընթաց եւ վերջում հեռանում է հեզաճկուն մի հայտարարությամբ։ Գրեթե նույնպիսին է նաեւ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող հարթակային ընդդիմության գործելաոճը․ չնայած խրոխտ հայտարարություններին ու սուր քննադատությանը, նրանց կիսատ գործողությունները ֆունկցիոնալ առումով ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Սա, իհարկե, քաղաքականության դիսֆունկցիայի հետեւանք է։ Մյուս կողմից, սակայն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց այն իրագործողները մարդիկ են, անուն-ազգանուն ունեցող անհատներ, որոնք, մեղմ ասած, չունեն բավարար չափով վճռականություն եւ լավագույն դեպքում սահմանափակվում են կիսաքայլերով։  Մենք ապրում ենք հետ քաշվող մարդկանց ժամանակներում, որոնք ամենատարբեր պատճառներով, սկսած ամենաճղճիմից՝ մինչեւ ամենապարզունակը, վախենում են ստանձնել պատասխանատվություն եւ իրավիճակին համարժեք քայլեր կատարել կամ առնվազն տրամաբանություն հաղորդել սեփական քայլերին։ Ի հակադրություն իր դեմ պայքարողների, իշխանության, աթոռի պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանն ունի գերվճռականություն, հանուն այդ նպատակի պատրաստ է ամեն ինչի, առանց բացառության՝ ամեն ինչի, եւ մինչեւ օրս հաջողում է այդ հարցում, չնայած, որ բոլոր գործոններն ու իրողություններն աշխատում են նրա դեմ։ Նա կարողանում է հաղթահարել այդ խոչընդոտները՝ ոչ թե սեփական իմաստնության ու խոհեմության, այլ ընդդիմախոսների անվճռականության, անպատասխանատվության շնորհիվ։ Օնիկ Գասպարյանը գեներալական պատվով համալրեց պաթետիկ հայրենասերների ստվար բանակը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներհայաստանյան գործընթացները խոսում են այն մասին, որ երկրում քաղաքական խոր ճգնաժամ է, ընդ որում, փորձագետների համոզմամբ, ճգնաժամ պարբերաբար այս կամ այն ոլորտում (եւ ընդհանրապես) հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս՝ բանակի դեմ իրականացվող քայլերին զուգահեռ՝ ընդդիմությունը շարունակում է փողոցային խաղաղ պայքարը: Իրավիճակը հանգուցալուծում չի ստանում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մայրաքաղաքում ընթացող զանգվածային միջոցառումներին ուշիուշով հետեւում են ՀՀում գործող բոլոր օտարերկրյա դեսպանատները: Ավելին, մեր տեղեկություններով, բոլոր դեսպանատներում, այսպես կոչված, «համար 1» է տրված, որպեսզի կտրուկ շրջադարձերի դեպքում ստեղծված իրավիճակի մասին պատշաճ զեկուցվի ղեկավարությանը, նաեւ ընդհանուր պատկերի վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի ու դիրքորոշում արտահայտվի։ Մենք տեղեկություններ ունենք, որ սրանից բացի, «շահագրգիռ» մի քանի դեսպանատներ իրենց սեփական «ներկայացուցիչներն» ունեն Բաղրամյան պողոտայում, որոնք անձամբ են ուսումնասիրում տեղի ունեցողը, ինչպես ասում են՝ «սեփական աչքերով»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբէնճյանին արտաքսել են կուսակցությունից: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ևս 8 կուսակցականներ դատական գործընթացների մեջ են: Այսօր ամբողջ ֆինանսական և անշարժ գույքը կառավարվում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի կողմից, այսինքն՝ այն մարդկանց կողմից, որոնց անօրինական կերպով փորձում են հեռացնել: Երկփեղկված վիճակ է, բայց իրական ուժը գտնվում է լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի ձեռքում, և ՀՅԴ Բյուրոն մեջտեղից ճաքում է, չի կարողանում որևէ բան անել: Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում արտաքսման գործընթացը կուսակցությունից կլինի շարունակական»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ընդարձակ նախագիծ, որն ուղղված է ընտրությունների թափանցիկությունը, ազատությունը և վերահսկելիությունը ապահովելուն։ Մենք դեռ կանդրադառնանք այդ նախագծի որոշ դրույթների, հիմա միայն նշենք, որ նախագծով վերացվում է ռեյտինգային ընտրակարգը, բացի այդ՝ սահմանվում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար անցողիկ նոր շեմ: Մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, երկու կուսակցություններից կազմված դաշինքի համար 8 տոկոս, երեք կուսակցությունների դաշինքի համար 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքի համար անցողիկ շեմը 10 տոկոս է։ Այս փոփոխության արդյունքում կուսակցությունների նախընտրական դաշինքների ձևավորումը կարող է վերանալ, որովհետև կուսակցությունները կարող են մտավախություն ունենալ, որ չեն կարող հաղթահարել նման բարձր շեմը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն իր մեջ ներառում է նաեւ փոփոխություններ «Կուսակցությունների մասին», «ՏԻՄ-երի մասին» օրենքների նախագծերում:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող խմբակցությունը օրենքների նախագծերի փաթեթի շուրջ վերջնական համաձայնության է եկել այս տարվա նոյեմբերի 4-ին եւ վերջին շտկումներից հետո պաշտոնապես այն դրել շրջանառության մեջ: Փորձենք ներկայացնել առավել կարեւոր փոփոխությունները, որոնք առաջարկվում են իշխող ուժի կողմից: Նախ նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ նախապես ֆիքսված (փակ) կուսակցական ցուցակների հիման վրա՝ վերացնելով տարածքային ցուցակները, այսինքն` ռեյտինգային ընտրակարգը վերանալու է: Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ստեղծված հարթակի միջոցով կուսակցություններին հնարավորություն է տրվում իրականացնելու իրենց ընտրական ցուցակի նախաքվեարկություն։ Նշենք, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին վարկանիշային համակարգով: Խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը կուսակցությունների համար նվազեցվել է՝ սահմանելով 7.5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար նախատեսվում է կրկնապատկել ընտրական գրավի չափը՝ սահմանելով 15 մլն դրամ։ Կուսակցությունների համար ընտրական շեմը եւս իջեցվել է՝ սահմանելով 4 տոկոս (5 տոկոսի փոխարեն)։


Այլ մոտեցում է սահմանվել նաեւ կուսակցությունների դաշինքների դեպքում։ Մասնավորապես, երկու կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում ընտրական շեմը կազմում է 8 տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։ Հավելենք, որ, գործող կանոնակարգումներով, բոլոր դեպքերում դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոսն էր: Փոխվել է նաեւ մեծամասնության լրացուցիչ մանդատների բաշխման հնարավորության հարցը, մասնավորապես՝ նախատեսվում է, որ եթե որեւէ կուսակցություն մանդատների բաշխման արդյունքում ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս: Նախագծով նաեւ վերացվել է կոալիցիաներ կազմելու կուսակցությունների թվի սահմանափակումը, ինչպես նաեւ էապես ավելացվել է կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը: Մի խոսքով, իշխանությունները ընտրությունների գնալու համար արդեն իրավաբանորեն պատրաստել են ցանկալի հարթակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր երեկոյան «Դվին» հյուրանոցային համալիրում մի խումբ ուժեր ազդարարելու են իրենց համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը։ Բնականաբար, «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյանը, ում կմիանան նաեւ Հայահավաք անողները՝ Արշակ Զաքարյան, Արագած Ախոյան, սահմանադրագետ Վարդան Այվազյան, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան եւ ուրիշներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի 3 խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ եւ ԱԺԿ, դիմել են Սահմանադրական դատարան, պահանջելով չեղարկել ԱԺ Հաշվեքննիչ պալատի նախագահի «հակասահմանադրական» ընտրությունը։ Մենք գրել ենք, որ Արայիկ Հարությունյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանը չնայած, ըստ ընդդիմադիրների, չէր համապատասխանում այդ պաշտոնի պահանջներին՝ չի ծառայել բանակում, զինապարտ չէ, իսկ դա սահմանադրական պահանջ է, սակայն ԱԺ մեծամասնության շնորհիվ անցած ամիս ընտրվեց։ ՍԴ-ն դիմումը վարույթ է ընդունել, առաջին նիստը կկայանա ապրիլի 30-ին։ «Սա աննախադեպ երեւույթ է, երբ ԱԺ-ի ընդունած որոշման սահմանադրականությունը վիճարկվում է ՍԴ-ում»,- ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Սպայկա» ընկերությունը որը զբաղվում է ոչ միայն բեռնափոխադրումներով, այլ նաեւ խոշոր ջերմատնային տնտեսություն ունի, իր աշխատակիցների համար ստեղծել է աշխատանքի ստրկական պայմաններ։ Աշխատակիցները չունեն հանգստի օր, նրանց աշխատեցնում են նույնիսկ կիրակի օրերին՝ միայն այն տարբերությամբ, որ կիրակի օրվա աշխատանքը չի վարձատրվում, աշխատանքից հինգ րոպե ուշացողները զրկվում են այդ օրվա աշխատավարձից: Մնում է, որ «Սպայկան» իր աշխատակիցների նկատմամբ սեփականության իրավունքի վկայական հանի, որ ստրկությունը լիարժեք դառնա»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան ավտոմեքենաների ներկրումը զգալի կրճատվել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թվականին Հայաստան ներկրվել է 208 հազար 51 ավտոմեքենա, իսկ նախորդ տարի՝ 14 հազար 10 հատ՝ 194 հազար 41-ով պակաս: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվարի 1-ից գործում է ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը, այսինքն՝ նախորդ տարվա հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման: Նրանց գերակշիռ մասը հրաժարվել է կատարել այս աշխատանքը՝ համարելով ոչ եկամտաբեր: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է բերվել: Այս ամենի արդյունքում պետական բյուջե մուտք էր գործել շուրջ 51 մլրդ դրամ` 2018 թվականից մոտ 30 մլրդ-ով ավելի: Իսկ, ահա, նախորդ տարի՝ ԵԱՏՄ կանոնակարգերի՝ ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազել են 50-52 մլրդ դրամով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել 2018 թ.-ի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ: Նշվում է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունն ուղղված է գործող օրենսդրության, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի և գործող կառավարության որոշման միջև անհամապատասխանության վերացմանը և քաղծառայողների ամենամյա արձակուրդների հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման թույլատրելիությանը։ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ քաղծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը։ Բացի դա, Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ։ Սակայն կառավարության 2018 թ.-ի նոյեմբերի 15-ի որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված է, որ քաղծառայողի միջնորդությամբ ամենամյա արձակուրդն այլ ժամանակ տեղափոխելու դեպքում այն տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում, բացառությամբ որոշման հավելվածի 19-րդ կետում նշված մի քանի բացառությունների: Այդ կետերը սահմանված են նաև Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասում։ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը չեն խոչընդոտում աշխատողի ամենամյա արձակուրդի տեղափոխմանը, եթե դրա տրամադրման համար 18 ամսվա ժամանակահատվածը չի անցել, ինչը հնարավորություն է տալիս ամենամյա արձակուրդը տեղափոխել հաջորդ աշխատանքային տարի։


Նշվում է, որ այստեղ ակնհայտ է գործող որոշման անհամապատասխանությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքին՝ Աշխատանքային օրենսգրքին, որի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը։ Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին։ Գործող օրենքների և կառավարության ընդունած որոշման անհամապատասխանությունը շտկելուն է միտված էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը: Մասնավորապես՝ դրա ընդունման դեպքում քաղաքացիական ծառայողները հնարավորություն կստանան իրենց ամենամյա արձակուրդը տեղափոխել այլ ժամանակ, ավելի կոնկրետ՝ հաջորդ աշխատանքային տարի: