Իշխանություն-եկեղեցի հարաբերություններում լարվածությունը հասել է նոր գագաթնակետի. Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում տասնյակ հոգևորականներ են ձերբակալվել, իսկ թեմի առաջնորդը կալանավորվել է։ Արդյո՞ք սա զուտ քրեական պատմություն է, թե՞ իշխանության հերթական քայլը՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահընկեցությանը։ VERELQ-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը վերլուծում է իրադարձությունների տեսանելի և անտեսանելի կողմերը՝ բացահայտելով ոչ միայն ներքաղաքական, այլև, իր կարծիքով, աշխարհաքաղաքական խորքային շարժառիթները, որոնք կանգնած են Հայաստանի ամենահին կառույցներից մեկի դեմ սկսված գործընթացների հետևում։
VERELQ: Պարոն Բադալյան, արդեն հայտնի է, որ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում իրավապահների գործողությունների արդյունքում 10-ից ավել հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է: Ձեր կարծիքով՝ այս նոր սրացումն տեղավորվո՞ւմ է կառավարություն-եկեղեցի ամեսներ տվող լարվածության համատեքստում և հետապնդում նույն քաղաքական նպատա՞կը, այն է կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը, թե՞ իսկապես սրա հետևում կա քրեական պատմություն։
Հակոբ Բադալյան: Համենայն դեպս, պաշտոնապես ներկայացվում է հետևյալը, որ ինչ-որ հայտարարություն է եղել՝ պարտադրանքով հանրահավաքների ուղարկելու և այլն։ Այսպիսի մի բան, և այդ թեզի շրջանակում ձերբակալվել են հոգևորականները։ Հիմա, եթե դիտարկում ենք այդ պաշտոնական բացատրությունը և դիտարկում ենք ձերբակալումների մասշտաբն ու բնույթը, որտեղ ակնհայտ է ցուցադրականությունը և ակնհայտ է կայացվող որոշումների անհամաչափությունը՝ կալանավորումներ, ձերբակալումներ և այլն, ակնհայտորեն տեսնում ենք, որ գործ ունենք ցուցադրական ակտի հետ։ Հետևաբար, այդ իրավական բացատրություններն ավելի շուտ առիթ են, քան պատճառ։ Պատճառներն, ըստ ամենայնի, ավելի քաղաքական բնույթի են։
Բնականաբար, մենք կարող ենք արձանագրել, որ դրանք եկեղեցու հանդեպ բավական ակտիվ և բավական նախաձեռնող, այսպես ասած՝ մարտնչող քաղաքականության ընդհանուր գործընթացի մեջ են, որը մենք տեսնում ենք վերջին ամիսներին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ և ընդհանուր կառավարող ուժի դրսևորմամբ։ Ես հակված եմ մտածել, որ այստեղ հարցը միայն ներքաղաքական դաշտում չէ, և ավելին՝ ըստ իս, գլխավոր մոտիվները գտնվում են աշխարհաքաղաքական դաշտում։ Ներքաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է օգտագործել այդ իրողությունները և զուգահեռ տեղավորվել աշխարհաքաղաքական այդ հոսանքների մեջ՝ բնականաբար ակնկալելով այդտեղ իր քաղաքական խնդիրների համար անհրաժեշտ միավորներ հավաքել։
VERELQ: Իսկ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ համատեքստն աշխարհաքաղաքական է, և Նիկոլ Փաշինյանը ցանկանում է տեղավորվել դրա հոսանքների մեջ։
Հակոբ Բադալյան: Նախ, արձանագրենք, թե ինչ փուլում է այսօր աշխարհաքաղաքականությունը և որն է դրա հիմնական, այսպես ասած, շարժիչը։ Դա համաշխարհային վերաձևումն է, տարբեր առանցքային տարածաշրջաններում անվտանգության ճարտարապետության փլուզումը և նոր անվտանգության համակարգերի ձևավորման շուրջ պայքարը՝ բավական կոշտ և սուր։ Սա նշանակում է ամբողջությամբ միջազգային հարաբերությունների վերանայում, իսկ դավանաքաղաքական ասպեկտը միջազգային հարաբերությունների առանցքային ասպեկտներից մեկն է։ Հայ Առաքելական եկեղեցին այդ տեսանկյունից համաշխարհային դավանական-քաղաքական քարտեզի վրա առանցքային սուբյեկտներից մեկն է՝ գուցե մասշտաբով ոչ շատ մեծ՝ ի համեմատ այլ եկեղեցիների, բայց առանցքային՝ իր խորությամբ, ներկայությամբ, միջազգային ճանաչվածությամբ և այլնի առումով։
Հետևաբար, այստեղ կարող ենք պատկերացնել, թե Հայ Առաքելական եկեղեցին ինչպիսի մրցակիցներ կարող է ունենալ՝ ի դեմս տարբեր թե՛ քաղաքական, թե՛ կրոնական կազմակերպությունների։ Եվ այստեղ ավելի կոնկրետացնեմ. մենք հասկանում ենք, թե Մերձավոր Արևելքն ինչպիսի տարածաշրջան է ընդհանրապես մշտապես եղել է և կա աշխարհաքաղաքականության մեջ։ Շատ ուշադրություն կհրավիրեմ հետևյալին, որ Հայաստանում հոկտեմբերի 15-ի այդ ակնհայտ ցուցադրական, մասշտաբային և տրվող բացատրության հետ ակնհայտորեն անհամաչափ գործողությունները, փաստորեն, հաջորդեցին երկու օր առաջ Մերձավոր Արևելյան անվտանգության թեմայով Շարմ էլ Շեյխում կազմակերպված գագաթնաժողովին, որին մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, այնտեղ շփումներ եղան և այլն, և տարբեր այլ դեմքեր, որոնք շահառու են Մերձավոր Արևելքի զարգացումներում։ Հայ Առաքելական եկեղեցին մերձավորարևելյան քրիստոնեական բաղադրիչի առանցքային կրողներից մեկն է, դարերի ներկայություն ունի այնտեղ, և այդ դարերի ներկայությունը ճանաչված է նաև միջազգայնորեն։ Այդ միջազգային ճանաչվածությունը և դարերի ներկայությունը իրավունք է և սուբյեկտայնություն։ Եվ այստեղ դարձյալ հարց է առաջանում՝ այդ հանգամանքը քանի՞ աշխարհաքաղաքական մրցակից կարող է բերել Հայ Առաքելական եկեղեցու համար։ Այսինքն, այստեղ ինձ համար ակնհայտ է, որ մենք գործ չունենք միայն զուտ ներքաղաքական ինչ-որ խնդիրների հետ։ Այդ ներքաղաքականը, իմ համոզմամբ, արտացոլում է ավելի լայն իմաստով խաղային ինչ-որ շերտեր, որտեղ, ինչպես նշեցի, Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է տեղավորվել և իր քաղաքական միավորները հավաքել։
VERELQ: Հասկանալի է։ Ձեր կարծիքով, այն, որ երկրի ղեկավարությունը մեթոդաբար տարբեր ձևի ճնշումներ է փորձում գործադրել եկեղեցու վրա՝ ըստ տարբեր վերլուծաբանների, նաև ձեզ, փորձելով հասնել Կաթողիկոսի հրաժարականին կամ հեռացմանը, կհաջողի՞ այս ընտրված մեթոդական գործիքակազմով մինչև սպասվող 2026 թվականի. Խորհրդարանական ընտրությունները, թե՞ չի հաջողի։
Հակոբ Բադալյան: Ես, անկեղծ ասած, չեմ կարող վստահաբար պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը հենց Կաթողիկոսի հեռացումն է։ Ես ավելի շուտ տպավորություն ունեմ, որ գոնե առայժմ Փաշինյանի նպատակը պրոցեսն է՝ խաղալ այդ պրոցեսով թե՛ ներսում, թե՛ դրսում։ Եթե հաջողվի հասնել Կաթողիկոսի հեռացմանը և նշանակել, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու՝ իր հանդեպ ամբողջապես լոյալ ղեկավարություն, ես կարծում եմ՝ նա, իհարկե, կգնա դրան, այսինքն՝ չի վարանի օգտագործել այդ հնարավորությունը։ Բայց, իմ տպավորությամբ, հիմա, այդ ձևակերպված նպատակներով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը, այդուհանդերձ, պրոցեսն է, խաղն է, որովհետև այդ խաղում նաև հնարավորությունների ստույգ շրջանակը նրա համար կարծես թե ձևավորված չէ։ Եվ, ըստ իս, հիմա ավելի կարևորը նրա համար հենց այդ պրոցեսն է։ Եթե պրոցեսում նա չտեսնի որևէ դիմադրություն, բնական է, որ կձգտի հասնել իր բոլոր նպատակներին և եկեղեցին, որը հասկանում ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեցող կառույց է հայկական, հայաստանյան և համահայկական կյանքում, ամբողջապես վերցնել իր քաղաքական ենթակայության տակ։ Դա, իհարկե, ես կարծում եմ, նրա համար մաքսիմում նպատակ է, և այդ նպատակի ճանապարհին լուրջ դիմադրության կամ լուրջ հակազդեցության չհանդիպելու դեպքում, բնական է, ինչպես ցանկացած իշխանավոր, Փաշինյանն էլ չի վարանի օգտագործել և հասնել այդ նպատակներին։
VERELQ: Իսկ քաղաքական ուժերի դիրքավորումը դուք ինչպե՞ս կբացատրեք։ Հիմնականում պասիվ են։ Այո, լինում են հայտարարություններ, գրառումներ և այլն, բայց կարծես այս գործընթացից հոգնած լինեն... Խոսքս քաղաքական ուժերի ընդդիմադիր հատվածի մասին է։ Թե՞ իրենց դերակատարումը նոր իրավիճակում են փորձում գտնել, վերագնահատել։ Ինչպե՞ս կբացատրեք այս իրավիճակը։
Հակոբ Բադալյան: Ես քաղաքական ուժերի դիրքորոշումը կբացատրեմ գրեթե նույն կերպ, ինչ, օրինակ, Փաշինյանի գործողություններն ու մոտիվները։ Իմ գնահատմամբ, նրանք շատ լավ հասկանում են, որ սա զուտ ներքաղաքական պրոցես չէ, այլ ավելի մեծ խաղի մի դրվագի ներքաղաքական արտացոլում։ Եվ բնականաբար, այդ մեծ խաղում նրանք ունեն նաև իրենց հաշվարկները՝ մոտ կամ հեռու, չգիտեմ, և այդ մեծ խաղի տարբեր մասնակիցների հետ, գուցե, իրենց որոշակի կոմունիկացիան ունեն կամ ակնկալում են ունենալ։ Այսինքն, ես կարծում եմ՝ խաղի մասշտաբով է պայմանավորված, որ նրանք չեն փորձում ինչ-որ կտրուկ դիրքավորումներով հանդես գալ և փակել, գուցե, իրենց համար մանևրի ինչ-որ տարբերակներ ու ճանապարհներ։ Ես կբացատրեմ զուտ դրանով։ Ավելին, թեման մեծ հաշվով բավական հարմար քարոզչական ռեսուրս է՝ զուտ քաղաքական-քարոզչական միավորներ հավաքելու տեսանկյունից, և նրանք փորձում են բավարարվել այդ ավելի, այսպես ասենք, հանդարտ տրամաբանությամբ դիրքորոշումներով։
VERELQ: Եվ վերջին հարցը. արդեն պաշտոնական հաղորդագրություն տարածվեց նրա մասին, որ վարչապետն Փաշինյանն ընդունել է Շահեն արքեպիսկոպոս Սարգիսյանին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի անունից նրան նվիրել է գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը։ Սովորաբար ընդունված է մտածել, որ Արամ Ա-ն ավելի ընդդիմադիր հայացքներ ունի, գումարած՝ կոնկրետ քաղաքական ուժի է ավելի շատ հարում և համակրում (խոսքը Դաշնակցության մասին է) և պետք է որ ավելի համերաշխ լիներ նաև ընդհանուր ընդդիմաության և Մայր Աթոռի սուրբ Էջմիածնի մոտեցումներին։ Ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում այդ առումով։ Պարզ է, որ սա այլ կաթողիկոսություն է՝ Անթիլիասն է։
Հակոբ Բադալյան: Հենց այդ հարցում թերևս նաև պատասխանն է, որ դա այլ կաթողիկոսություն է, Անթիլիասն է։ Եվ նկատի ունենանք, թե որտեղ է գտնվում՝ Լիբանանում, Մերձավոր Արևելքում։ Լիբանանը մի երկիր է, որն ինքնին, մեղմ ասած, կշիռ չունի աշխարհաքաղաքական և հատկապես տարածաշրջանային առումով, բայց մի երկիր է, որտեղ խտացված են տարածաշրջանի համար պայքարող ամենատարբեր շահառուներ, և այդ պայքարի դաշտերից մեկը մշտապես, գործնականում, եղել է Լիբանանը։ Եվ մենք տեսնում ենք, որ, օրինակ, Արամ Ա-ն Լիբանանում պարբերաբար կարող է արժանանալ ամենատարբեր երկրների դեսպանների այցելության, քննարկումներ ունենալ Լիբանանի իշխանության ձևավորման, այլ միջազգային հարցերի վերաբերյալ։ Այսինքն, այս ամեն ինչի մեջ է պատասխանը։ Արամ Ա-ն ինքը սուբյեկտ է, և այդ սուբյեկտության մեջ ինքն ունի իր հաշվարկները, որոնք ամենևին պարտադիր չէ, որ համընկնեն, եթե այսպես ձևակերպենք, Հայ Առաքելական եկեղեցու, այսպես ասենք, Էջմիածնի գահի, Մայր Աթոռի պատկերացումներին, շահերին և այլն։ Զուտ հենց սրանից է բխում Արամ Ա-ի դիրքորոշումը։
Չմոռանանք, որ Արամ Ա-ն հիմա նաև, եթե չեմ սխալվում, մինչև 2027 թվականը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է։ Սա ևս ձևավորում է ամենաբազմազան շահեր՝ այդ խորհրդի անդամ տարբեր եկեղեցիների, տարբեր կրոնական կազմակերպությունների հետ։ Եվ այս ամեն ինչը բերում է նրան, որ Արամ Ա-ն ունի իր սուբյեկտությունը և, բնականաբար, ինչպես ցանկացած սուբյեկտ, ունի արդեն իր հաշվարկներն ու իր հավակնությունները։