23.11.2024
Մամուլ. ԲՀԿ-ում սպասում էին «շեֆից» լուրի
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն։ Սակայն թե՛ գեներալիտետը, թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, մեղմ ասած, չեն հավատում Փաշինյանին: Մյուս կողմից՝ գերակշռում է այն կարծիքը, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն այս իշխանությունների կողմից, աննախադեպ չափով վարչական ռեսուրս է կիրառվելու, և ընտրությունների արդյունքները կեղծվելու են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդրությունն իր օգտին է՝ հնարավորություն կա, անկախ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերից, երկարաձգել իր պաշտոնավարումը, եւ մարտի 9-ից հետո էլ նա կարող է մնալ ԳՇ պետի պաշտոնում։ Չի բացառվում, որ Գասպարյանը եւս դիմի վարչական դատարան։ Թե ինչ հայցով՝ պարզ կդառնա այսօր։ Սակայն տեղեկացանք, որ նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այլ ոլորտների ներկայացուցիչների հետ եւս եւ պնդել է իր վճռականության մասին՝ ասելով, որ զիջումների գնացողը լինելու է ոչ թե ինքը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։ ԳՇ-ում տարբեր սցենարներ են մտածում, որոնցով մեծացնելու են ճնշումը քաղաքական իշխանության վրա եւ ստիպելու են, որ հեռանան։ Մեզ ասացին, որ մինչեւ հայտնի հայտարարությունը հրապարակելը Օնիկ Գասպարյանը Փաշինյանի հետ երկար զրույց է ունեցել, հորդորել է՝ մինչեւ վերջ ավերակների չվերածել երկիրը եւ բարի կամք դրսեւորել ու հեռանալ։ Իսկ նախկին եւ ներկա սպաների հետ հանդիպումներին էլ վստահեցրել է, որ քաղաքական հետաքրքրություններ չունի՝ համազգեստի եւ ուսադիրի պատիվը, բանակը փրկելու հարցն է, եւ նման հայտարարության իրենց դրդել է քաղաքական ղեկավարությունը՝ պարտությունը կոտրելով բանակի գլխին եւ մաս-մաս հանձնելով երկիրը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Օնիկ Գասպարյանին հեռացնելն անգամ հարցի լուծում չէ, քանի որ բանակի բարձրաստիճան զինվորականների մեծ մասը, բանակային կորպուսի ղեկավարներն ու հրամանատարները Գասպարյանին ասել են՝ եթե ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնանկ անեն, կհետեւեն նրան։ Նրանք անգամ ցանկացել են նոր հայտարարությամբ իրենց աջակցությունը հայտնել, սակայն Օնիկ Գասպարյանը թույլ չի տվել։ Իսկ հայտարարությունը չստորագրած ԳՇ 3-4 անդամն էլ, ըստ մեր աղբյուրի, Գասպարյանի հորդորով չեն ստորագրել՝ նրանց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, Գասպարյանը կանխատեսել է, որ այդ փաստը կշահարկվի, որ ինքնապաշտպանությունից դրդված են հրաժարական պահանջում։ Նիկոլ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանը վերջին օրերին փորձել են լեզու գտնել տարբեր զինվորականների հետ, սակայն՝ ապարդյուն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի մարզում: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն իրավիճակից, որ առկա է Հայաստանում՝ Գլխավոր շտաբի ու ՊՆ-ի հակասությունը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների իրավիճակը: Դրան զուգահեռ նկատենք, որ այս օրերին ընթանում են նաեւ վեց շաբաթ տեւողությամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ այն դեպքում, երբ նախորդ զորավարժությունն ավարտվեց փետրվարի 12-ին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների մասով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Զորավարժությունների լուրը ուրախալի է, որ հայկական բանակը ամրանալու փորձեր է անում, բայց ուշագրավ է, որ զորավարժությունների որոշումը կայացվել է պատերազմում վիրավորված հայկական բանակի կատարյալ պառակտման պայմաններում։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը պետի գլխավորությամբ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Պաշտպանության նախարարությունը հրապարակավ չի կիսում այդ տեսակետը: Հիշեցնենք, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի եւ ԳՇ պետ Օնին Գասպարյանի հարաբերությունները լարված են նախարարի նշանակման օրվանից, եւ դրա բացասական ազդեցությունը բանակի ներքին անկայունության այսօրվա իրավիճակի վրա էական է»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, անգամ նման հրաման է տվել ԳՇ հայտարարությանը հաջորդած հանրահավաքներից մեկի օրը, որպեսզի բանակը մտնի Երևան, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել։  Մեզ հասած տեղեկություններով՝ հատկապես «տանկվի պոլկն» է շատ հստակ հրաժարվել ենթարկվել հրամանին, որից հետո Գասպարյանը հասկացել է, որ դա անիրատեսական քայլ է, և որ իր ու մի քանի գեներալների քաղաքական քայլը աջակցություն չունի բանակի կողմից»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Չնայած նրան, որ դատախազությունը մանրամասներ չէր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցմանը, թե կոնկրետ ինչ է արել Մակարյանը, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Մակարյանը 60-ից ավել քանակությամբ զորքին կոնկրետ առաջադրանք է տվել, որ կատարեն պատերազմի ժամանակ, ինչի հետեւանքով 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են, իսկ մի մասն էլ փախել է: Ըստ էության, նախաքննական մարմինն էլ հենց 60-հոգանոց զորքի առեղծվածային անհետանալու մեջ տեսել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Մակարյանի մեղքը: Կասկածներ կան, որ Մակարյանը գիտակցել է, որ 60-հոգանոց զորքին ուղարկում է մահվան դուռը, բայց, անկախ այդ հանգամանքից, նրանց առաջ խնդիր է դրել, ինչն էլ ճակատագրական է դարձել շատերի համար: Հիշեցնենք, որ Մակարյանի անունը այսքանից հետո շրջանառվում է որպես Օնիկ Գասպարյանին հավանական փոխարինող»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի համաձայնում անմիջականորեն հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, սակայն մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի և Փաշինյանի միջև միջնորդավորված երկխոսություն ընթանում է: Ծառուկյանը ոչ միայն համաձայն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին, այլև մոտավորապես նախանշում է դրա ժամկետները՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն արդեն վերջնականորեն կողմնորոշվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ: Սակայն Քոչարյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում այլ կուսակցությունների ևս: Չի բացառվում, որ նախընտրական շրջանում ձևավորվի նախընտրական դաշինք, որի առանցքը կլինի Քոչարյանին իշխանության վերադարձնելը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը բոլոր ոլորտներում առաջացրել է փակուղային իրավիճակ, ինչի հետ պայմանավորված՝ ամենուր, ըստ էության, կաթվածահար վիճակ է, իսկ քաղաքական զարգացումները վաղուց դուրս են եկել թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական տրամաբանությունից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իրենց դիմումի համաձայն իրավապահ համակարգից բավականին նկատելի թվով աշխատակիցներ են դուրս եկել, այդ թվում՝ ոստիկանությունից և ԱԱԾ-ից։ Մեծ թիվ են կազմում նրանք, որոնք դեռևս չեն ազատվել, սակայն չեն էլ ցանկանում կատարել իշխանության հրահանգները: Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ընդդիմությանը «հասկացրել» են, որ չնայած շարունակում են մնալ համակարգում, սակայն փաստացի աջակցում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը պահանջող ընդդիմությանը և գեներալիտետին։ Մեր աղբյուրը չբացառեց, որ առաջիկայում նրանցից ոմանք հրապարակավ հայտարարությամբ հանդես կգան և իրենց տեսակետը կներկայացնեն բացահայտ։ Այս մասին, բնականաբար, տեղյակ է նաև Փաշինյանը, որն իր հերթին փորձում է հակաքայլեր ձեռնարկել: Դրանցից մեկն այն է, որ իշխանություններն ուզում են պետական պահպանության ծառայությանը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ համակարգից: Մյուս կողմից՝ երեկ ինտենսիվ լուրեր էին շրջանառվում, որ ռազմական ոստիկանությունը սկսել է ճնշումներ գործադրել զինվորականների վրա, որպեսզի չպահանջեն Փաշինյանի հրաժարականը: Ըստ մեր տեղեկությունների, առայժմ ապարդյուն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գանգատվել են, որ իրենց անվտանգությունը վտանգված է: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները փողոցներում վերջին ժամանակահատվածում հասարակության կողմից արժանանում են ագրեսիվ վերաբերմունքի, ու վերջին անգամ նույնիսկ միջադեպ է եղել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը ու մի քանի այլ պատգամավորներ, որոնք տարբեր ժամանակահատվածում արժանացել են ժողովրդի ցասումին: Մենք տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորել է այդ հարցով դիմել ուժային կառույցներին, ոստիկանությունում հաղորդագրություններ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ եղել են պատգամավորներ, որոնք արդեն դիմել են ոստիկանություն իրենց վրա հարձակվողներից պաշտպանվելու համար։ Հիշեցնենք, որ «հարձակումներ» են եղել Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ինչպես նաեւ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդուն էին փորձել ծեծի ենթարկել»:


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ դեմարշ արեց Վարդազարյանի նկատմամբ եւ չընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր: «Իմ քայլը», ըստ Մակունցի, դրանով իր դիրքորոշումն էր արտահայտում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, որը վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրեթե բոլոր մասնագետները փաստում են, որ այս իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանում խորանում եւ խորանալու է աղքատությունը: Մասնավորաբար, «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ մեր բնակչության մոտ 50 տոկոսն ունի սոցիալական անվտանգության խնդիր: «Թեեւ վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 եւ ավելի չափելի դրսեւորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի»,- ասաց Դավթյանը՝ միեւնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ «այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեեւ չի հայտարարվում, սակայն դեֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլեւս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ «Իմ քայլի» ծաղկաձորյան հավաքի ժամանակ, երբ որոշվեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, մեր տեղեկություններով, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հորդորել է թիմակիցներին՝ զարգացման նոր նախաձեռնություններով հանդես գալ, աշխուժացնել հետպատերազմական կյանքը եւ տեղում օրինակ է ծառայել՝ ներկայացնելով իր առաջարկը։ Այն է՝ Սեւանում օդանավակայան կառուցել եւ զարկ տալ տուրիզմին։ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ունի նման գաղափար, այն հիմնավորեց այսպես․ «Եթե պետությունն իր վրա վերցնի փոքր օդանավակայանի կառուցման հարցը, դա մեսիջ կլինի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, որ Սեւանի ավազանի մի հատվածը կարող է դառնալ տուրիզմի զարգացման լուրջ կենտրոն»։ Իսկ ինչո՞ւ Սեւանում։ «Որովհետեւ Սեւանի հնարավորությունները մենք լիարժեք չենք օգտագործում, օգտագործում ենք 2-3 ամսվա ընթացքում, էլի՝ ոչ լիարժեք։ Մինչդեռ ձմեռային այդ գեղեցկությունը եթե համադրված լինի ժամանակակից ծառայություններ մատուցող հյուրանոցային համալիրներով, զվարճանքի կենտրոններով, լողավազաններով եւ այլն, ամբողջ տարին հնարավոր կլինի օգտագործել»։ Պատգամավորի խոսքով՝ այս ճանապարհով գեներացված գումարները կարելի է ուղղել «գիտատար արդյունաբերությանը»։ Աղազարյանը շեշտեց, որ դեռեւս սա գաղափարի մակարդակում է, առաջիկայում կփորձի ծրագրի տեսք տալ ու ներկայացնել կառավարություն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի են ունեցել Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ: Խորհրդի անդամների 12 տեղի համար առաջադրվել էր 23 թեկնածու: 2289 փաստաբանից քվեարկությանը մասնակցել է մոտ 1145-ը: Ձայների հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ խորհրդի անդամներ են ընտրվել Սիմոն Բաբայանը, Մարինե Ֆարմանյանը, Մելանյա Առուստամյանը, Մանե Կարապետյանը, Հարություն Հարությունյանը, Ռուբեն Հակոբյանը, Լիլիթ Ղազանչյանը, Արսեն Հարությունյանը, Էմին Բեգլարյանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Մեժլումյանը և Կարեն Սարդարյանը: Խորհրդի 12 անդամներից 7-ը նախկինում ևս խորհրդի անդամներ էին»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ կանայք այցելել են Եռաբլուր։ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ասել է․ «Այսօր մեր արժանապատվության սահմանն անցնում է Եռաբլուրով, կորսված հայրենիքի գահավիժման դադարեցումն անցնում է Եռաբլուրով, դրա համար գնում ենք․․․ խոնարհվելու, իսկ պայքարը շարունակվում է, որովհետեւ այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ, ոչ թե քաոս է, այլ հետեւանք է այն բանի, որ պարզապես երկիրը չունի իշխանություն, բացարձակ անիշխանություն է․․․»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բուհերում միջպետական համաձայնագրերով սովորողների իրավունքների պաշտպանության հանգամանքով, սպորտի զարգացման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարիքային շեմ սահմանելու հանգամանքով: Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորման համար հիմք է հանդիսացել այն, որ կառավարության 2018 թ.-ի N 450-Ն և N 457-Ն որոշումներով սահմանվել են սպորտի ու մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված իրավական ակտերի համապատասխան կետերով քաղաքացուն տրվում է տարկետում 2-ից առավելագույնը 4 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Կառավարության 2019 թ.-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշումը սահմանում է այն բացառիկ դեպքերը, երբ տարկետման ժամկետներն ավելացնում են՝ հաշվի առնելով քաղաքացու նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքը: Նախարարությունը նշում է՝ իրավական ակտերի այս իրավակարգավորումների մեջ առաջանում է հակասություն, մի որոշմամբ սահմանված է տարկետում ստանալու նվազագույն և առավելագույն ժամկետ, ինչպես նաև տարկետում ստանալու տարիքային սահմանափակում` մինչև 26 տարեկանը լրանալը, իսկ մյուս որոշմամբ սահմանափակում սահմանված չէ և քաղաքացին, որն, օրինակ՝ մեկ անգամ 2 տարի ժամկետով ստացել է տարկետում և ունի կարգով նախատեսված նվաճումներ, կարող է հայտ ներկայացնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման:


Գործող կարգավորումների համաձայն՝ քաղաքացին 20 տարեկանում կարող է ազատվել զինվորական ծառայությունից, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում, օրինակ՝ կրթության բնագավառում նվաճում ունեցող քաղաքացու համեմատ, ով պարտավոր է ըստ հերթականության ավարտել կրթական ծրագրերը (բակալավր 4-5 տարի, մագիստրատուրա 1-2 տարի և ասպիրանտուրա 2-3 տարի, բայց ոչ ավելի, քան մինչև 26 տարին լրանալը), հետո ստանալ գիտական աստիճան, զբաղվել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ, նոր միայն հավակնել զինծառայությունից ազատման իրավունքի: Այսպիսով՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ, քաղաքացին, որն ունի նվաճում և ստացել է 2 տարի ժամկետով տարկետում, պետք է շարունակի իր մասնագիտական գործունեությունը, կատարելագործվի, ունենա նոր նվաճումներ և հավակնի նոր տարկետման իրավունքի, և այդպես` մինչև 26 տարին լրանալը, որից հետո միայն, որպես իրապես բացառիկ դեպք, կարող է հավակնել զինծառայությունից ազատման իրավունքի: Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող փոփոխության համաձայն` պարտադիր զինծառայությունից կարող են ազատվել զորակոչային տարիքի օտարերկրյա անձինք, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն և հանդես կգան ՀՀ հավաքական թիմերում: Այս կարգավորման նպատակը սպորտի բնագավառի զարգացումն է: Նշվում է, որ հաճախ հավաքական թիմերում հանդես գալու համար հրավիրվում են իրենց մարզաձևում հաջողություններ արձանագրած և հեռանկար ունեցող հայկական ծագմամբ կամ օտարազգի այլ երկրների քաղաքացիներ, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն և նրանց վրա տարածվում են ՀՀ քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում նաև պարտադիր զինծառայության զորակոչվելու պարտավորությունը, իսկ դա առաջացնում է հավել յալ դժվարություններ: Մինչդեռ այս կարգավորմամբ ֆեդերացիաները հնարավորություն կունենան հրավիրելու մարզիկներին՝ երաշխավորելով, որ նրանք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից: