24.11.2024
ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է. Ասրյան
prev Նախորդ նորություն

Քվեարկությունը ԱԺ-ում. «Պետտուրքի մասին» օրենքի աղմկահարույց փոփոխություններն ընդունվել են

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ մարտի 3-ին, ընդունել է նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր, որոնց թվում են «Պետական տուրքի մասին» օրենքի աղմկահարույց փոփոխությունները, ինչպես նաեւ Բաքվի քաղաքականությունը դատապարտելու մասին ԱԺ հայտարարությունը:


Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եւ հարակից օրենքները: Կոչված է կարգավորել սնանկության պարտավորությունների վճարման առաջնահերթությանը վերաբերող հարցերը, երբ այն կապված է անօրինական ծագում ունեցող գույքի հետ: Կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 20-ը, ձեռնպահ՝ 3-ը։


Երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել են նաեւ «Գնումների մասին» օրենքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած փոփոխությունները: Պատգամավորներն առաջարկել են ուժեղացնել վերահսկողությունը պետգնումների գործընթացի նկատմամբ՝ դրան ներգրավելով ԶԼՄ-ներին եւ ՀԿ-ներին: Կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 5-ը, ձեռնպահ՝ 15-ը։


Իշխող դաշինքի մյուս օրենսդրական նախաձեռնությունը եւս ընդունվել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ: Պատգամավորներն առաջարկում էին փոփոխություններ կատարել «Աուդիտորական պալատի մասին» օրենքում։ Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 7-ը։ Եւ իշխող դաշինքի կողմից ընդունված երրորդ օրինագծով «Տոնական եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել են երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ: Փոփոխությունների օգտին քվեարկել է 115 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0:


Կառավարության ներկայացրած «Արտոնագրերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը եւ հարակից օրենքներն ընդունվել են երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ: Օրինագիծը կոչված է ապահովել գյուտերի ստեղծման, պաշտպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորումը։ Գյուտերի գրանցումը եւ պաշտպանությունը կլինի լիազոր մարմնի վարույթում, որի դեպքում կգործի բողոքարկման կոլեգիան:


Արտոնագիրը տրվելու է 10-20 տարով, նաեւ արտոնագրի միջազգային գրանցման հնարավորություն է տրվելու։ Կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 8-ը, ձեռնպահ՝ 14-ը։


Երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել է կառավարության ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը եւ հարակից օրենքները: Ի սկզբանե փոփոխությունները նախատեսվում էր երկու ընթերցմամբ քննարկել արագացված ռեժիմով, սակայն պատգամավորները կոչ արեցին վերանայել քննարկման ձեւաչափը: Արդյունքում առաջին ընթերցմամբ օրինագծում կատարվել է շուրջ 40 փոփոխություն։ Չնայած դրան՝ մի շարք պատգամավորներ քննադատաբար են վերաբերվել փոփոխություններին։ Մասնավորապես, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի փոփոխություններով վերածվում է տնտեսական ոստիկանության: Նորացված օրինագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 32-ը, ձեռնպահ՝ 4-ը:


Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փոփոխությունները նույնպես ընդունվել են երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ: Փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը։ Փոփոխությունները կոչված են ապահովել կարգավորումների համապատասխանությունը հիմնական օրենքին եւ հանդիսանում են Սահմանադրական դատարանի հանձնարարականների կատարում։ Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 18-ը:


Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխություններով նախատեսվում է քաղաքացիներից գանձվող պետական տուրքի ավելացում քաղաքացիական և վարչական գործերով դատարան դիմելու դեպքում՝ միջինը 4 անգամ։


Այսպես, առաջին ատյանի դատարանների դեպքում պետտուրքը 2%-ից ավելացրել է հայցային պահանջի 3%-ը։ Բացի այդ, սահմանվել է Պետական տուրքի վերին նշաձողը, որը առաջին ատյանի դատարանների դեպքում կկազմի 25 մլն դրամ, վերաքննիչ դատարանի դեպքում՝ 15 մլն դրամ, վճռաբեկ դատարանի դեպքում՝ 10 մլն դրամ, հաղորդել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ավելի վաղ վերին նշաձողը չի սահմանվել: Նվազագույն շեմը սահմանվել է 6 հազար դրամ գործող 1.5 հազար դրամի դիմաց, ինչը կազմում է նվազագույն աշխատավարձի 9.77 տոկոսը: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ ՝ 36-ը, ձեռնպահ՝ 3-ը:


Առաջին ընթերցմամբ ընդունվել են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում կառավարության ներկայացրած փոփոխությունները: Փոփոխություններով նախատեսվում է հասարակական քննարկումների անցկացում նաեւ պատգամավորների եւ խմբակցությունների առաջարկած նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ: Առաջարկվել է նաև ընդլայնել փորձագիտական գնահատման ոչ ենթակա ակտերի շրջանակը, որոնց թվում են բյուջեում վերաբաշխումների իրականացման միջոցառումների մասին ակտերը, ՊՈԱԿ–ի ստեղծման և լուծարման նախագծերը՝ պետության 100 տոկոս բաժնեմասով: Հակասությունների դեպքում առաջնային ուժը կտրվի այն նորմատիվ իրավական ակտերին, որոնք ընդունվել են ավելի ուշ: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 12-ը:


Միաձայն ընդունվել է Ազգային ժողովի հայտարարությունը «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ կանանց վերադարձը խոչընդոտող եւ անհիմն ձգձգող Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին»: ԱԺ որոշման վերոնշյալ նախագիծը ներկայացրել են անկախ պատգամավորներ և «Իմ քայլը» իշխող դաշինքի անդամներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Վարդան Աթաբեկյանը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշել են, որ Ադրբեջանը որդեգրել է բոլոր գերիների վերադարձի գործընթացի արհեստական ձգձգման քաղաքականություն:


Ավելին՝ ադրբեջանական կողմը նախաձեռնում է գերիների նկատմամբ քրեական հետապնդման քայլեր՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են միջազգային կոնվենցիաներով նախատեսված մարդասիրական գործընթացների կոպիտ խախտման, վստահ են պատգամավորները: Դիմումին կողմ է քվեարկել 120 պատգամավոր։