ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է. Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացում: Այս մասին ասված է կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
«Արցախը թուրքին հանձնած Փաշինյան Նիկոլն արդեն երրրորդ ամիսն է խոսում է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, բայց ոչ մի իրական քայլ չի կատարում այդ ուղղությամբ:
Փաշինյան Նիկոլը մե՛կ պատճառ է բերում, թե Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, մե՛կ էլ, թե խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնվում հուշագիր ստորագրելով պարտավորվել, որ, Հայաստանի գործող վարչապետի հրաժարականի դեպքում, նոր վարչապետի թեկնածու չի առաջադրի:
Փաշինյա՛ն Նիկոլ, հետպատերազմյան Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է և օրվա հրամայական:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանում իսկական ընդդիմությունը ոչ թե 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում քեզ վարչապետ ընտրած, վերջին երեք տարիների ընթացքում քո կառավարությունում, քո իշխանության մեջ քո ենթակայության տակ աշխատած, ինչպես նաև քեզ հետ կոալիցիոն կառավարություն ձևավորած, իսկ հիմա արդեն քո հրաժարականը պահանջող կուսակցություններն են, այլ քեզ և քո սորոսածին իշխանությանը միշտ մերժած, քո իշխանության ժամանակ Ազատության հրապարակում «Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք Հայաստանը» գործընթացն առաջինը սկսած, Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհասեղանին միշտ դրած, արյամբ ազգային-քրիստոնեական արժեհամակարգ դավանող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որն ի սկզբանե քո իշխանությունը գնահատել է որպես հակապետական և հայաստանակործան։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է հենց այսօր սկսել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը, քանզի միայն արդար ընտրությունների միջոցով է, որ հայ ժողվուրդը լեգիտիմ ճանապարհով քեզ ու քո լակոտակրատիային կուղարկի պատմության աղբանոցը, և կձևավորի Հայաստանի հաջորդ` Ազգային - պետական շահն իր արյան մեջ կրող, Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կամ սպիտակ չի կարող լինել. Հայ ազգը Եռագո՛ւյն է և վե՛րջ",- ասված է հայտարարության մեջ։