ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակավ կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի։ Այս մասին ասված է երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
«ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան հայտնում ենք, որ երրորդ նախագահը մոտ ապագայում կրկին կանդրադառնա մեր հասարակությանը հետաքրքրող մի շարք հարցերի», — ընդգծվում է հաղորդագրության մեջ:
«Իսկանդերների» և «զինվորականների հրահրողների» մասին. Փաշինյանի հայտարարությունները հետևանքներով
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրումը սկսվեց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով պաշտոնանկ արեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Գեներալը, ԶԼՄ-ների տվյալներով, ծաղրել է «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել 1in.am-ին՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կարող էր «Իսկանդեր» կիրառել պատերազմի չորրորդ օրը:
«Կարծում եմ՝ նա (Սերժ Սարգսյան - խմբ.) պետք է ունենա շատ հարցերի պատասխաններ և չտա հարցեր, որոնց պատասխանները գիտի։ Իսկ գուցե նա պատասխանի, թե ինչու «Իսկանդեր»-ի կիրառած հրթիռները չեն պայթել կամ պայթել են միայն 10 տոկոսով», - հակադարձել է նա։
Լրագրողի ռեպլիկին, բա այդպես լինո՞ւմ է, Փաշինյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Չգիտեմ, գուցե 80-ականների զենքեր են»։
Բանակն իր հերթին պահանջել է Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետը տեղի ունեցողն անվանել է ռազմական հեղաշրջման փորձ, եւ պաշտոնանկ է արել գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այդ մասին հրաման չի ստորագրել։ Նա այդ միջնորդությունը հետ է ուղարկել իր առարկություններով։ Նույն օրը Փաշինյանը նախագիծը կրկին վերադարձրեց նախագահին, որը կամ պետք է ստորագրի այն, կամ երեք օրվա ընթացքում ուղարկի Սահմանադրական դատարանի քննությանը։
Մարտի 2-ին ՀՀ նախագահը կրկին չստորագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը՝ Օնիկ Գասպարյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին:
Միաժամանակ, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով սահմանել 2017 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանն է հրահրել զինվորականներին, որոնք պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նրա խոսքով, 2008թ. մարտին սեփական ժողովրդի դեմ բանակը դուրս բերած մարդիկ հիմա փորձում են նորից դա անել։