24.11.2024
Զուրաբյանը ոչ կքննադատի Սարգսյան-Ալիև հանդիպումը, ոչ էլ որևէ խորհուրդ կտա
prev Նախորդ նորություն

Պողոսյան. Այս տեսակի հանդիպումների շարան կարող է լինել, բայց մեր թշնամին չի փոխվի

«Նախագահների Վիեննայում կայացած հանդիպումն ընդամենը միտված էր նրան, ինչի մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խումբը` լարվածության նվազմանը, միգուցե որոշակի մեխանիզմների ներդրմանը, որոնք թույլ կտան ռազմական գործողությունները չշարունակվեն: Ինչն էլ եղավ արդյունքում, եթե դատենք հայտարարությունից»,- VERELQ-ի հետ զրույցում, մեկնաբանելով Վիեննայում կայացած նախագահներ Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Վերջինս նկատեց, որ համաձայն այդ հայտարարության` 1994-95 թթ. հրադադարի համաձայնագրերը մնում են ուժի մեջ, երեք ստորագրությունները, փաստորեն, ուժի մեջ են և նոր իրավիճակ չկա: Բացի դրանից, փորձելու են գործողություններ ձեռնարկել, մեխանիզմներ ներդնել, նաև հունիսից հետո նոր հանդիպում նախաձեռնե: Այս իմաստով պատգամավորը դրական է որակում հանդիպումը, բայց դրա հետ մեկտեղ հորդորում հասկանալ, որ մեր միակ երաշխիքը շարունակելու են մնալ ՀՀ զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը:

«Մեր թշնամին հենց այդ նույն հանդիպման ու հայտարարության ձևավորման ժամանակ նորից խախտեց հրադադարը և, ցավոք, ունենք զոհ: Պետք է մեկ բան գիտակցել` ինչքան էլ փորձի միջազգային հանրությունը գործողություններ ձեռնարկել, միևնույն է` մեր տարածաշրջանում, մեր առօրյա կյանքում մեր անվտանգությունը ապահովելու են մեր զինված ուժերը: Եվ պետք է գիտակցենք, որ պատերազմ է, այն շարունակվում է , այս տեսակի հանդիպումների շարան կարող է լինել, բայց մեր թշնամին չի փոխվի»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:

Հաշվի առնելով այս ամենը, շարունակեց մեր զրուցակիցը, հայկական կողմը թերևս սառնասրտորեն պետք է մոտենա իրավիճակին և ոչ թե ոգևորվի նմանատիպ հայտարարություններից, այլ գիտակցի, որ իրական այն աշխատանքը և այն բոլոր խնդիրները, որոնք մեր համար ապրիլի 2-ից հետո դարձան ավելի ցայտուն ու բացահայտ, այդ խնդիրները պետք է լուծենք: Եվ կապ չունի` մնացած հանդիպումներին ինչ տեսակի փաստաթղթեր կարող ենք ստանալ կամ ինչ ձևակերպումներ:

«Պետք է նաև մի բան հասկանանք, որ հանդիպումների մակարդակը կամ խնդիրը փոխվել է, այլևս մեկ չի քննարկում հիմնախնդրի լուծում, այլ բոլորը փորձում են այսօրվա իրավիճակում այնպիսի ձևակերպումներ գտնեն, որ առնվազն թույլ չտան էսկալացիայի հերթական փուլ: Բայց պետք է հասկանանք նաև, որ դա իրենց շահերն են`ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի , Եվրոպայի շահն այն է, որ տարածաշրջանում նոր էսկալացիա չառաջանա, բայց արդյոք մեր թշնամին այդ նույն շահերն ունի: Ինձ թվում է` ոչ, և սա է, որ միշտ պետք է հաշվի առնենք»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության պատասխանատուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»: