24.11.2024
Պողոսյան. Այս տեսակի հանդիպումների շարան կարող է լինել, բայց մեր թշնամին չի փոխվի
prev Նախորդ նորություն

Շարմազանով. Ադրբեջանը ձախողվեց թե ռազմի դաշտում, թե երեկ Վիեննայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ ներառված են այն թեզիսները, որի մասին ապրիլին խոսել է հանրապետության նախագահը: Այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանն ու դրա արդյունքներով ընդունված հայտարարությանը:

Շարմազանովը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ապրիլին հայտարարեց, որ 1994-95 թթ. զինադադարը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի հիման վրա պետք է շարունակվեն բանակցությունները՝ նոր զինադադարի պայմանագրի կնքումն անթույլատրելի է: Բացի այս, մատնանշեց նա, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները միասնական հայտարարության մեջ հստակ արձանագրեցին, որ 1994 թվականի զինադադարը գործում է և միակ փաստաթուղթն է.

«Իսկ այդ փաստաթղթում հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը և երբ Լավրովը, Քերին և Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարություն են տարածում, որ 1994 թվականի փաստաթուղթը գործում է, սա գործում է իր ողջ հետևանքով: Լեռնային Ղարաբաղը կողմ է, անուղղակիորեն այդ հայտարարության մեջ նշվում է, որ Ղարաբաղը կողմ է և առանց Ղարաբաղի որևէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը: Եվ զինադադարի համաձայնագրի ստորագրման տրամաբանությունը պետք է շարունակվի, այլ նոր տրամաբանություն կամ սկզբունք չի կարող գործել, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանն այդտեղ չհաջողեց, որովհետև հայտնի է, որ Ադրբեջանի նպատակն էր նախևառաջ չեղյալ հայտարարել 1994-ի զինադադարը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Երկրորդ կարևոր արդյունքը, որ առկա է Վիեննայի հանդիպումից հետո այն է, որ տարիներ շարունակ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն նշել են, որ կողմ են շփման գծում հետաքննության մեխանիզմների իրականացմանը՝ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ և միակ կողմը, որը դեմ է եղել դրան Ադրբեջանն է իր նախագահող հանդերձ.

«Ադրբեջանն ասում էր՝ տարածքներից դուրս եկեք, նոր ներդնենք մեխանիզմներ, բայց տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանն իր նպատակին չհասավ: Իսկ Սերժ Սարգսյանի առաջարկը, որ այդ մեխանիզմների իրականացումը պարտադիր է ընդունվեց»:

Հաջորդը՝ ամրագրվեց, որ բացառապես խաղաղ կարգավորում պետք է լինի: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս հայտարարությունը ցույց տվեց, որ պաշտոնական Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ Երևանը: Այսինքն՝ նախագահ Սարգսյանի առաջարկներն ընդունվել են ոչ թե բանավոր, այլ իրենց արտացոլումն են գտել երեկվա հայտարարության մեջ.

«Բանակցությունների վերսկսման համար հանրապետության նախագահը հնչեցրել է մի շարք առաջարկներ և երեկ Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան հստակ նշեցին, որ համակարծիք են Երևանի հետ: Բնականաբար պաշտոնական Բաքվի բոլոր պահանջները չիրականացան»,- ընդգծեց պաշտոնյան:

Հարցին՝ նշանակում է, արդյոք, որ հաջորդ հանդիպումների Լեռնային Ղարաբաղը որպես կողմ մասնակցելու է, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երեկ տեղի ունեցավ ընդամենը զինադադարի ու խաղի կանոնների վերահաստատում, բայց նախ պետք է տեսնենք՝ Ադրբեջանը կհետևի՞ այս հորդորներին, կհետևի՞ իր ստանձնած պարտավորությանը, թե ոչ: Իսկ հետագան արդեն կերևա.

«Բայց այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, այդ պահանջը նոր չէ: Ապրիլյան պատերազմից հետո ՄԽ համանախագահներն ու ռուսաստանցի համանախագահ Պոպովը Երևանում դա հայտարարեց և երեկ ամրագրվեց հայտարարությունում: Եվ դա գլխավոր սկզբունքներից մեկն է»:

Վերջում ՀՀԿ-ական փոխնախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը ձախողվեց թե ռազմի դաշտում, թե երեկ Վիեննայում, քանի որ իր առջև դրված խնդիրները նա չլուծեց: