Իմ առաջարկը մաս չունի, կամ այն ընդունվում է, կամ՝ ոչ. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքերը չի համարում պաշտոնական արձագանք իր առաջարկին։
Մեկնաբանելով Մակունցի հայտարարությունն այն մասին, որ «առաջարկների առաջին մասն անընդունելի է, իսկ երկրորդին "Իմ քայլի" համաձայն է, Մարուքյանը նշել է. «Իմ առաջարկը մասեր չունի։ Դա մի ամբողջություն է։ Կամ ընդունում են, կամ ոչ։ Ես լսել եմ մեկնաբանություններ, դրանք պաշտոնական արձագանք չեմ համարում։ Սպասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Տեսնենք, թե ինչ կասի»։
Ավելի վաղ Մարուքյանը վարչապետին առաջարկել էր հետ կանչել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, ինչպես նաև պաշտոնում վերականգնել նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին:
Ի պատասխան՝ Մարուքյանը պատրաստակամություն է հայտնել իշխող ուժի հետ ստորագրել հուշագիր, ըստ որի՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԼՀԿ-ն չի առաջադրի իր թեկնածուին և չի սատարի այլ թեկնածուի՝ դրանով իսկ ապահովելով խորհրդարանի լուծարումը։
Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում Մարուքյանը նշեց, որ իշխող ուժն իր գործողություններով հանգեցրել է նրան, որ Գլխավոր շտաբը չի կարողանում «նրանց հետ լեզու գտնել»։ Հենց դա էլ դարձավ գլխավոր շտաբի աղմկահարույց հայտարարության ստորագրման պատճառը, վստահ է պատգամավորը։
Նա նշեց, որ իշխող վերնախավը փորձում է հանրությանը ներկայացնել, թե խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի մեջ է, սակայն դա մանիպուլյացիա է։ Մարուքյանը հիշեցրել է, որ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ՝ զինված ուժերի գրեթե ամբողջ ղեկավարությունները, իրենց ստորագրությունն են դրել նշված հայտարարության տակ։