24.11.2024
Հայաստանից փողերը հոսում են օֆշոր. ինչո՞ւ
prev Նախորդ նորություն

Մելքումյան. Հարկային նոր օրենսգրքի նախագծում բացասական շատ խնդիրներ կան

Հարկային նոր օրենսգրքի նախագիծն արդեն Ազգային Ժողովում է, այն լրացվում է ու, հավանաբար, հունիսի սկզբին ԱԺ հերթական քառօրյայում առաջին ընթերցմամբ կքննարկվի: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

«Ես հիմա զերծ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, բայց կարող եմ ասել, որ նախագծում և դրական լուծումներ են տրվում, բայց և բացասական շատ խնդիրներ կան: Գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ Հարկային օրենսգիրքն առավելապես լինի կարգավորիչ և խթանող գործառույթ ունեցող, ոչ թե ֆիսկալ»,- ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ Հարկային օրենսգիրքը երկար ժամանակ այլևս չպետք է փոփոխվի, որպեսզի գործարարի համար ապագայի համար տեսանելի խաղի կանոններ լինեն:

Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը Կառավարությունն արդեն ուղարկել է Ազգային Ժողով, սակայն նոր գլուխներ են ավելացել, որի քննարկումը այսօր տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մոտ: Միքայել Մելքումյանի խոսքով` աշխատանքային խումբը պայմանավորվեց ուսումնասիրել ու քննարկել նաև ավելացված դրույթները, որից հետո հրավիրել Կառավարության ներկայացուցչին առավել հանգամանալից պարզաբանումների համար:

Պատգամավորը նաև դժվարացավ ասել, թե որքանով են գործարարների ու փորք ու միջին բիզնեսի ներկայացուցիչների առաջարկություններն ու մոտեցումները հաշվի առնվել նախագծի նախնական այս տեքստում: Բայց կոնկրետ ինքը մատնանշում է որոշ խնդիրներ, որոնք, հույս ունի, կփոխվեն.

«Օրինակ, եկամտային հարկի մասով ֆիքսած տոկոսադրույքներ կան, որ ինձ չեն բավարարում` 100 հազար դրամի դեպքում 24.4 տոկոսի իջեցումը 23 տոկոսի, բայց 120 հազարից մինչև 1 մլն դրամի դեպքում այն բարձրացրել են 28 տոկոսի: Անհասկանալի է, թե ինչ նպատակով է արվում դա, ստացվում է, որ միջին խավի եկամուտները ավելի շատ են հարկվում, փոխանակ հակառակը լինի ու միջին խավը խթանվի»,- ասաց նա: Անհասկանալի դրույթների թվում նա նշեց նաև ակցիզային հարկի կարգավորումները, հարկման բազային վերաբերող հարցեր և այլն.

«Ես հասկանում եմ, որ լուրջ խնդիրներ կան ապագայում նաև պարտքի սպասարկման համար, բայց այս ամենը պետք է հասկանանք, որպեսզի չվնասենք»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից հաստատված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը ֆինանսների նախարարությունը մշակել ու կազմել է այն գաղափարի հիման վրա, որ հնարավորինս պետք է կրճատել արտոնությունները, դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում հատկացնել պետական բյուջեից: Եթե նախագիծն ընդունվի, ապա այն կկիրառվի 2018 թվականի հունվարից: