Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի, պետական միջոցների խիստ խնայողության, պետաշխատողների կրճատումների վերաբերյալ հայտնի ելույթից փորձագետներն ու քաղաքացիանական հասարակության ներկայացուցիչները ակնկալում են կոնկրետ քայլեր, որպեսզի հայտարարությունները չմնան թղթի վրա որպես դեկլարատիվ դրույթներ, գրում է armtimes.com-ը:
«Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից սպասում ենք գործնական քայլեր, որի շրջանակներում իրենց առաջարկներով մասնակցություն կունենան նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այս հարցում մենք մնում ենք դեռ անուղղելի լավատեսներ, դեռ ուզում ենք հավատալ, թեպետ նախկին փորձը լավատեսություն չի ներշնչում»,- «Մեդիա կենտրոնում» մայիսի 13-ին կայացած քննարկմանը հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու
Հերիքնազ Տիգրանյանը:
Քննարկմանը մասնակից ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Միքայել Մելքումյանը նշեց, որ մենաշնորհների դեմ պայքարի մասին վարչապետի հայտարարությունը կարևոր է, բայց պետք է նաեւ ասվի, թե մինչև հիմա ինչ վնաս է կրել պետությունը մենաշնորհներից և ինչպես հիմա փոխել իրավիճակը: «Խոսնք, իհարկե, բնական մենաշնորհների մասին չէ: Մենք գիտենք, թե որ մենաշնորհների մասին է խոսքը: Այժմ կան ապրանքային շուկաներ, որտեղ գերիշխում են մեկ կամ մի քանի սուբյեկտներ: Բացի այդ պետք է ժամանակային ինտերվալ սահմանվի, որ մի քանի ամսվա ընթացքում մի քանի մենաշնորհի հարց կլուծվի», - նշեց Մելքումյանը:
Ըստ Մելքումյանի, հասարակությանը պետք է հստակ ասվի, թե մինչև հիմա ինչու էին այդ սուբյեկտները գերիշխող դիրքերում և ինչ վնաս են հասցրել պետությանը: «Նույնը ստվերի մաիսն է: Օրինակ՝ մեր հաշվարկներով, անցած հինգ տարվա ընթացքում պետբյուջե չի վճարվել շուրջ 1,5 մլրդ դոլար: Սա ստվերային շրջանառություն է: Ուստի մի բան է ասել, մեկ այլ բան է անել», - նշում է Մելքումյանը ու հավելում, որ այս անգամ հուսով է, որ «սայլը տեղից կշարժվի»:
«Հույս ունենք, քանի որ մինչև ապրիլի 2-ը, (այն է՝ մինչև ապրիլյան պատերազմը – խմբ.) երկիրն ապրում էր մի տեսակ դանդաղեցված ռիթմով և դուրս էր եկել իր բնականոն զարգացման հունից: Այժմ վիճակը շատ լուրջ է, պետք են հստակ քայլեր, որպեսզի իրավիճակը փոխվի, քանի որ մեր տնտեսությունն այս վիճակում չի կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները», - նկատեց բանախոսը:
ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ
Սուրեն Քրմոյանն էլ շտապեց տեղեկացնել, որ վարչապետի ելույթն իրականությունից կտրված չէ, ու նախանշված ուղղություններով արդեն իսկ քայլեր են իրականացվել: «Ներկայացվել է օրինագիծ, համաձայն որի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում սահմանավում է վարչական, ինչպես նաև քրեական հետապնդում», - ասաց նա՝ հավելելով, որ օրինագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով և առաջիկայում այն կքննարկեն պատգամավորները:
«Այս քայլը բխում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունից: Սա արվում է ոչ թե պետական չինովնիկների կամ ՀԿ-ների համար, այլ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ բարձրացնելու նպատակով», - ասաց Քրմոյանը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ Բարձրագույն պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կարողությունների ուժեղացումը հանդիսանում էր Եվրամիության պահանջներից մեկը:
Ի դեպ Հայաստանում Եվրամիության դեսպան
Պյոտր Սվիտալսկին այսօր
հայտարարել է, որ Բրյուսելն առայժմ չի տրամադրի Հայաստանին խոստացված 15 մլն դոլար բյուջետային աջակցության դրամաշնորհը, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում բարեփոխումների տեսանելիության հետ խնդիրներ կան: «Մենք բաց և անկեղծ ենք մեր գործընկերների հետ։ Կան պայմաններ և մենք պետք է արդյունքներ տեսնենք»,-ասել է այսօր դեսպանը և նշել, որ արդյունքներ չտեսնելու դեպքում գումարը չեն հատկացնի:
Փաստաբան
Տիգրան Աթանեսյանի կարծիքով, կոռուպցիան համապարփակ երևույթ է և առանձին-առանձին բարեփոխումներով հնարավոր չէ այն կրճատել: «Մի ոլորտում պայքարը ոչ մի արդյունք չի տա, անհրաժեշտ է համակարգային և սկզբունքային մոտեցում», - ասաց նա:
Անդրադառնալով օֆշորային սակնդալին, որի արդյունքում ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց
Միհրան Պողոսյանը, ով ըստ մամուլի տեղեկությունների հսկայական ֆինանսական կարողությունների է տիրապետում, Աթանեսյանը նշեց, որ պետք չէ կենտրոնանալ կոնկրետ մեկի վրա, քանի որ Հայաստանում խոշոր կապիտալը «ազնիվ» ճանապարհներով չի կուտակվել: Ըստ այդմ, նա առաջարկեց մի քանի քայլեր, որոնք հնարավորություն կտան այդ կապիտալին մնալ Հայաստանում, ոչ թե հոսել դեպի օֆշորային գոտիներ:
Հայաստանից 7 անգամ ավելի գումար է փոխանցվում Պանամա, քան հակառակ ուղղությամբ: Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Պանամա փոխանցվել է 1,8 մլն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 244 հազար դոլար: Այս տվյալները տրամադրել էր ՀՀ Կենտրոնական բանկը:
«Առաջին, անհրաժեշտ է տնտեսական համաներում հայտարարել: Երկրորդ, պայմաններ ստեղծել, որպեսզի մեծ կապիտալն առանց պետական հովանավորության կարողանա հանգիստ գործել Հայաստանում: Սրանք են գլխավոր խնդիրները: Շատ մարդիկ կան Հայաստանում, որ ոչ ազնիվ ճանապարհներով են հարստություն դիզել: Ի՞նչ անենք հիմա, բոլորին հավաքենք ու գնդակահարե՞նք: Այդպես չի լինի, անհրաժեշտ է այնպես անել, որ այդ փողը մնա ու աշխատի Հայաստանում, որպեսզի հարկեր մուծվեն պետբյուջե: Վիճակը լուրջ է, մենք բանակ չենք կարողանում պահել: Հակառակ պարագայում, ինչ էլ արվի, եթե փողը Հայաստանում կոմֆորտ չի զգում իրեն, հոսելու է դեպի օֆշոր», - եզրափակեց նա: