Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է: Այդ մասին 1in.am-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ, վարչապետը նշել է, որ իր վերաբերմունքը չի փոխել, որովհետև ինքն այն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մի տարի առաջ:
«Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»,- ասել է վարչապետը:
Հարցին՝ այսինքն՝ ավելի մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, հանքը կբացվի, վարչապետը պատասխանել է. «Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:
Հանքավայրը և շահագործողը
2005 թվականին Ամուլսարի հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը: Չնայած ընկերության տարածած տեղեկատվության համաձայն Ամուլսարի ոսկու հանքը հայտնաբերել են իրենք՝ այնուամենայնիվ, հանքավայրը հայտնի է դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Խորհրդային տարիներին հանքավայրի շահագործումը աննպատակահարմար է համարվել:
2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-յի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն ի գործունեության համար բազմիցս ենթարկվել է սուր քննադատության։ Մասնավորապես, ընկերության կողմից Ամուլսարում հանքավայրի շինարարության ընթացքում մի քանի անգամ վնասվել է մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդեվազ) խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներըն ու ցանքատարածությունները, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը (այդ թվում նաև՝ Արփա)։ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների հետևանքով փոշոտվել են Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ համայնքները (շենքեր, շինություններ, փողոցներ, պտղատու այգիներ, ցանքատարածություններ), ինչի պատճառով բնակչությանը հասցվել է առողջական, սոցիալ-տնտեսական վնաս։
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի ջրամբարի), գետերի (Արփա), գետակների, Սևանա լճի աղտոտման և թունավորման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշված վնասների և հնարավոր ռիսկերի առկայությունը հերքել է՝ դրանք անվանելով խեղաթյուրումներ:
Ո՞վ է դեմ հանքավայրի շահագործմանը
Հայաստանյան հասարակական, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերն ու վտանգները, երկար տարիներ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ:
2018 թվականին, երբ հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն ավարտին էր հասցնում հանքավայրի շինարարական աշխատանքները, հանքի բացման դեմ հանդես եկող շարժումը սկսեց առավել ակտիվացնել իր պայքարը: Այդ հանգամանքին նպաստեցին այն, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասեցին Գնդեվազ գյուղ տանող խմելու ջրագիծը, ընկերության բեռնատարի կողմից մահացու ավտովթար տեղի ունեցավ, հարակից բնակավայրերը սկսեցին պատվել հանքավայրից տարածվող փոշու շերտով, արձանագրվեցին շինարարության հետևանքով ջրային ռեսուրսների վրա ազդեցություն:
Հարակից համայնքների բնակիչները փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհներ, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը չկարողանա հանքավայրի շահագործումը սկսելու համար շինարարական աշխատանքներն ավարտին հասցնի։
2018 Հուլիսի 28-ի առավոտյան, երբ լրացավ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդևազ, Կեչուտ) բնակիչների և նրանց միացած բնապահպանների ու ակտիվիստների կողմից դեպի հանքավայր տանող ճանապարհների շրջափակման 7-րդ օրը, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները փակեցին դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհն ու Երևան - Գորիս ավտոճանապարհը: Նրանց դրսևորել են ագրեսիվ վարք դեպի առողջարանային քաղաք հանդիսացող Ջերմուկ գնացող զբոսաշրջիկների և այցելուների նկատմամբ՝ կոտրելով նաև մեկ ավտոմեքենայի ապակիները:
Խնդրի լուծման համար իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկել՝ հանդիպել են ցուցարարների հետ, վարչապետի մակարդակով կոչ է արվել բացել հանք տանող ճանապարհները, մի շարք պաշտենյաներ մեկնել են դեպքի վայր խնդիրը հասկանալու համար, կազմակերպվել է եռակողմ հանդիպումներ: