15.09.2025
Լուսանկարը` golosarmenii.am
prev Նախորդ նորություն

Ինքնության վերանայում. ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում խորհրդանիշներից

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի իշխանությունները իրականացնում են ազգային նարատիվների և խորհրդանիշների գիտակցված վերափոխում՝ արտաքին սպառնալիքները նվազեցնելու և երկրի անվտանգության համակարգի վրա ճնշումը թուլացնելու նպատակով։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հանրության համար զգայուն թեմաների, ներառյալ՝ պետական կնիքներից Արարատ լեռան պատկերը հանելու վերջին որոշմանը։


Հայաստանը գտնվում է իր ազգային խորհրդանշանները վերագնահատելու «անհրաժեշտ ճանապարհի» վրա՝ հանուն խաղաղության և համապարփակ անվտանգության ապահովման։ Նման հայտարարություն է արել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետություն» (WGSA) նախաձեռնության կողմից կազմակերպված «Համապարփակ անվտանգության և դիմադրողականության – 2025» միջազգային համաժողովի ժամանակ։


Պատասխանելով լրագրողի հարցին, թե նման քայլերն ինչպես են ազդում ներքին կայունության վրա, Գրիգորյանը շեշտել է, որ դա հարկադրված քայլ է։ «Եթե մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անդրադառնանք», - ասել է նա՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակն այն մասին, որ սեփական բնակարանում չարժե կախել «նկարներ, որոնք կարող են հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել»։


ԱԽ քարտուղարի խոսքով՝ հայ հասարակությունն ու իշխանությունները, բախվելով անվտանգային նոր սպառնալիքների, ստիպված են եղել վերանայել նախկին նարատիվները։ Նա ընթացիկ գործընթացը բնութագրել է որպես ազգային գաղափարի «և՛ ձևավորում, և՛ վերափոխում»։ Այս փոփոխությունների գլխավոր նպատակը, ըստ նրա, «քայլ առ քայլ հանելն» է այն ամենը, ինչը կարող է որպես սպառնալիք ընկալվել՝ դրանով իսկ թեթևացնելով անվտանգության համակարգի մշտական ու ծանր բեռը։


Գրիգորյանը պնդել է, որ այս բանավեճերի հանրային բնույթն ամրապնդում է ներքին դիմադրողականությունը, քանի որ «որևէ գաղտնի գործընթաց չկա»։


Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ թեև սահմանային կնիքներից Արարատ լեռան պատկերը հանելու մասին կառավարության սեպտեմբերի 11-ի որոշումը գաղտնի չի եղել, այն ընդգրկված է եղել չզեկուցվող հարցերի փաթեթում և հանրային քննարկման առարկա է դարձել միայն այն բանից հետո, երբ դրան անդրադարձել են մամուլն ու ընդդիմությունը։

Հայաստանի բյուջեն աճում է, բայց ճշգրտված ծրագրից հետ է մնում 205 միլիարդ դրամով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
15.09.2025
Հայաստանում Ղազախստանի դեսպանն արժանացել է Բարեկամության շքանշանի