15.09.2025
Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ
prev Նախորդ նորություն

Պետխորհրդանիշներն առանց էմոցիաների․ Արարատ լեռը հանվում է սահմանային կնիքներից

Լուսանկարը` golosarmenii.am
Լուսանկարը` golosarmenii.am

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանապահ ծառայության կնիքներից, որոնք դրվում են անձնագրերում սահմանը հատելիս, հեռացնել Արարատ լեռան պատկերը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախաձեռնված այս քայլը պետական խորհրդանշանները ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների սկզբունքներին խստիվ համապատասխանեցնելու ավելի լայն քաղաքականության մաս է կազմում՝ նպատակ ունենալով բացառել նաև հարևան պետությունների կողմից հնարավոր թյուրըմբռնումները։


Այս տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանը հատող քաղաքացիների անձնագրերում այլևս չի դրվի Արարատ լեռան պատկերով դրոշմակնիքը։ Կառավարության այս որոշումը, ինչպես պարզաբանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, նպատակ ունի հասնել նրան, որ պետական ատրիբուտիկան արտահայտի բացառապես ՀՀ պաշտոնական խորհրդանիշները՝ զերծ լինելով «էմոցիոնալ և հուզական» տարրերից։


Ըստ պատգամավորի՝ այս քայլը թելադրված է Հայաստանի քաղաքականության վերաբերյալ ցանկացած հնարավոր թյուրըմբռնում բացառելու ձգտմամբ։ «Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը և կնիքները ելնեն բացառապես պետականության սկզբունքից», — ընդգծել է նա։ Հովհաննիսյանն այս փոփոխությունը ուղղակիորեն կապել է տարածաշրջանային համատեքստի հետ՝ նշելով, որ հարևանների հետ հարաբերություններում Երևանը հիմնվում է Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Հետևաբար, ոչ մի գործողություն՝ լինի դա կնիքի, թե հայտարարության տեսքով, չպետք է «վտանգավոր մեսիջներ» ուղարկի հարևան պետություններին։


Այս միտումը նկատելի է նաև հենց իշխող կուսակցության ներսում։ Դեռևս 2022 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հանվել էր այն ձևակերպումը, որը կուսակցության՝ ձեռքսեղմման տեսքով խորհրդանիշը նմանեցնում էր Արարատի ուրվագծին։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունները վերջնականապես ամրագրող նոր կանոնադրությունը կհաստատվի սեպտեմբերի 20-ին կայանալիք կուսակցության համագումարում։


Արձագանքելով հանրային մտահոգություններին՝ Արթուր Հովհաննիսյանը վստահեցրել է, որ ներկա պահին Հայաստանի պետական զինանշանից Արարատ լեռը հեռացնելու վերաբերյյալ որևէ քննարկում գոյություն չունի։ Նա կոչ արեց այս որոշման մեջ դավադրություններ չփնտրել և դրան հուզական ֆոն չհաղորդել՝ այն անվանելով տրամաբանական քայլ՝ ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
15.09.2025
Դաշինքների վրա հիմնված անվտանգության մոդելը ձախողվել է. Փաշինյան