Հայաստանը խոստանում է COP17 համաժողովը վերածել պատմական իրադարձության
Լուսանկարը` env.am
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահ է, որ համատեղ ջանքերով հնարավոր է 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը վերածել պատմական իրադարձության։
Այս թեման դարձել է առանցքային Ամերիկայի հայկական համագումարի և «Հայաստան ծառատունկ ծրագրի» ղեկավարության հետ հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել են համաշխարհային նշանակության միջոցառմանն ընդառաջ համագործակցության հեռանկարները։
Հանդիպմանը նախարարը գործընկերներին է ներկայացրել համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ենթակառուցվածքների ապահովման, օրակարգի ձևավորման և բովանդակային ուղղություններով։ Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր տարբերակները՝ Հայաստանը կենսաբազմազանության պահպանման ոլորտում գլոբալ քննարկումների կենտրոն դարձնելու նպատակով։
Առանձին քննարկում է տեղի ունեցել «Հայաստան ծառատունկ ծրագրի» տնօրեն Արա Բարսամյանի հետ՝ համաժողովին ընդառաջ ծառատնկման նախաձեռնությունների վերաբերյյալ։ Նախարարի խոսքով, նման բնապահպանական ծրագրերը ոչ միայն կլրացնեն համաժողովի գաղափարախոսությունը, այլև երկարաժամկետ դրական ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա։