Հայաստանը 10 օր կստանա գազ ներքին պաշարներից և Իրանից․ ռուսական գազատարը կվերանորոգվի
Լուսանկարը` Sputnik
Սեպտեմբերի 16-ից 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը Ռուսաստանից ժամանակավորապես կդադարեցվի «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հավաստիացնում են, որ հանրապետության սպառողների համար գազամատակարարումը կիրականացվի անխափան և առանց որևէ սահմանափակման։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ նշված տասնօրյա ժամանակահատվածում սպառողներին գազի մատակարարումը կապահովվի երկրի ներքին պաշարների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
Վերանորոգման աշխատանքները կանցկացվեն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում, որից հետո գազի մատակարարումը ռուսական ուղղությամբ կվերականգնվի սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 09:00-ից։