Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:
1in.am-ին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարը վարչապետից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված, վարչապետն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:
Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»: «80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, օրեր առաջ «Արմնյուզի»-ն տված հարցազրույցում անդրադառնալով «Իսկանդեր»-ի կիրառմանը, ասել է․«Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ`Շուշիի ուղղությամբ»:
Թե ինչո՞ւ Ադրբեջանի ուղղությամբ այն չի կիրառվել, Սարգսյանն ասել է․ «Ես ենթադրում եմ, որ չի կիրառվել վախենալով պատասխան հարվածից, այսինքն՝ ՀՀ որ տարածքից կրակեն, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ՝ ոչ նմանատիպ հեռահարության, ճշգրտության, բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում եւ այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է։
Մյուս թեզն էլ, որ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մի պարծենկոտ կար, ասում էր՝ հրաման եմ տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավականը, հետո դա հերքվեց, բայց կրակվել է քաղաքի բնակելի թաղամասի վրա, ինչը մեծագույն հիմարություն է»։