23.11.2024
Մամուլ. Բոլորն իրար կասկածում են. ընդդիմության արշալույսները խաղաղ չեն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վազգեն Մանուկյանն ուզում է ապացուցել, որ ընդդիմության իրական առաջնորդը ինքն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանի այսօր հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությունը չի համաձայնեցվել 16 կուսակցությունների հետ: Վազգեն Մանուկյանը սեպարատ հանրահավաք հրավիրելով՝ թերևս ուզում է ցույց տալ, որ ինքը ինքնուրույն էլ կարող է մարդ հավաքել հրապարակում: Եվ եթե դա նրան հաջողվի, նա մյուս կուսակցություններին կարող է ասել, որ ընդդիմության իրական առաջնորդը ինքն է, և իրեն առաջնորդ է ընտրել հրապարակում հավաքված ժողովուրդը և ոչ թե կուսակցությունները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ազգային ճակատ» բարեսիրական կազմակերպության հիմնադրման արարողությանը երեկ ներկա էր նաեւ Վազգեն Մանուկյանը։ Նա, արձագանքելով հարցին, թե բեկումնային ինչ փոփոխություն սպասենք Հայրենիքի փրկության շարժումից՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, ասաց․ «Ոչ մի միայնակ գործողություն բեկումնային չի լինում, գործողությունների գումարը կարող է բեկումնային լինել, եւ շատ կարեւոր է, որ այդ գործունեությանը մասնակցի ողջ ժողովուրդը, ոչ թե հույսը դնի, որ մի հատ հերոս կգա։ Ու քանի որ հերոսների մասին խոսեցինք, հիմա իշխանության վիճակը նման է նրան, երբ Սասունցի Դավիթը Մսրա Մելիքին թրով խփում է ու ասում է՝ մի հատ թափ տուր քեզ»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին ու «կրել», Մանուկյանն ասաց․ «Ինքն ասեց, որ դեմ է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց եթե լինեն, կմասնակցի, իսկ մեր օրակարգն ուրիշ է՝ իրանց դուրս շպրտել, նոր անցկացնել ընտրություններ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն անասելի ծանր է տարել նախօրեի միջադեպը, երբ մի խումբ դաշնակցական երիտասարդներ փողոցում մոտեցել են իրեն ու «ՔՊ-ական դավաճան» անվանել։ «Ամենասարսափելի բառերից մեկը մեր լեքսիկոնում, թե հայոց լեզվի մեջ դա «դավաճան» բառն է, առավել եւս՝ հայրենիքի նկատմամբ։ Բնական է, որ ծանր էր»,- երեկ մեր լրագրողին ասել է Աղազարյանը, նաեւ հավելել․ «Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք էմոցիոնալ ֆոնի վրա իրավունք ունեն անգամ իմ հասցեին նման արտահայտություն անեն, բայց այդպիսի բան ասողների մեծ մասն այդպիսի բաներ անում են կոնկրետ շահադիտական նպատակներով։ Հիմա, թե ով որ դեպքն է՝ չես կարող տարբերել»։ Պատմեց, որ ինքը երիտասարդներին խնդրել է, որ դիմեն իրավապահներին, եթե կարծում են, որ ինքը դավաճան է։ «Մի աղջիկ ասաց, որ մեր դիմումը չեն ընդունում։ Ես փոխանցել եմ իմ հեռախոսահամարը եւ ասել՝ դիմեք, երբ չեն ընդունի, զանգեք՝ ես կմիջամտեմ»,- ասել է Աղազարյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Հա­յաստանում, աբսուրդի ժանրից կարող էր լինել մինչև նոյեմբերի 10-ը, բայց Հայաստանում այլևս ոչ ոք ոչ մի բանից չի զարմա­նում: Չի զարմանում, երբ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանավոր պայմանավորվածություններ են կա­յացվել, հետո՝ դրանից 3 ամիս անց, Հրանտ Բագրատյանի գրառումից հայտնի է դառնում, և փոխվարչապետը ստիպված է լինում ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոստովանել, որ «Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով»: Փաստորեն, իշխանությունը ստել է, թե նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բացի այլ գրավոր պայմանավորվածություն չկա: Ստացվում է՝ հասարակությունն ու քաղաքական ուժերն արդեն լավ էլ ադապտացվել են վարչախմբի ստե­րին, քանզի Ավինյանի այս հայտարա­րությունն էլ երեկ երկրաշարժ չարեց: Մինչդեռ նախկինում 800 հեկտա­րի կորստի համար ՊՊԾ գունդ էին գրավում, ապստամբություն անում (նաև դրա, իսկ հիմա որևէ լուրջ իրա­դարձություն տեղի չի ունենում, շատ- շատ՝ զարմանում են, որ զարմանում են): Հանուն ճշմարտության ասենք, որ մի քանի հայհոյախառն գրառում արվեց և վերջ, և գրողները չեն բա­ցառում, որ կան էլի պայմանավորվա­ծություններ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ են բանակցում Մոսկվայում, ինչ են բանակցում Բաքվի հետ:


Մենք զրուցել ենք նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հա­րաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Բեքարյանի հետ: «Մենք գործ ունենք բացառիկ խայտառակության հետ, որն առաջին դեպքը չէ, երկրորդը չէ, երրորդը չէ: Դա բացառիկ խայտառակություն է՝ բոլոր տեսանկյուններից, քաղաքա­կան, իրավական, բարոյական: Բոլոր իմաստներով սա բացառիկ խայտա­ռակություն է և, իհարկե, մյուս կողմից էլ սա մեկ անգամ ևս ինքնախոստովանական ցուցմունք է հետագայի համար՝ իրավական գործընթացների տեսանկյունից»: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա Բեքարյանն արձա­նագրում է. «Եթե քաղաքական ուժե­րը, մեկը՝ արագ, մյուսը՝ դանդաղ, մյուսը՝ հապճեպ, մյուսը՝ խորքային, եթե ոչ ուղղակի, բայց անուղղակի, հանդես է գալիս գոնե ինչ-որ դեմքերի ու ներկայացուցիչների անունից: Ինչ վե­րաբերում է հասարակությանը, ապա ցավով արձանագրում եմ, որ հասարակությունը սովորում է նրան, որ կարող է չունենալ պետական իշխանություն և չունենալ պետություն»: Նա ասում է՝ սա ցավով եմ նշում, բայց սրան ուրիշ անուն տալ ուղղակի չեմ կարող: Լավ, ենթադրենք՝ հետագայում իրավական գործընթացներ կլինեն, բայց չէ՞ որ այսօր են ՀՀ սահմանները շագրենի կաշվի նման փոքրանում: Եվ այս պայմաններում ո՞վ պետք է բռնի այդ ձեռքը, որը գրավոր կամ բանավոր պայմանավորվում է: Կարեն Բեքարյանն ասաց. «Եթե մենք ապրեինք իրավական պետության մեջ, այս գործընթացները կասեցնելու իրավական մեխանիզմներ պիտի աշխա­տեին: Բայց շատ լավ պատկերացնում եք, որ այսօր այդպես որևէ կերպ անվանվել չենք կարող, հետևաբար՝ առաջանում է հանրության արձագանքի խնդիրը, որքանով իրական է, որքանով՝ ամբողջական և որքանով՝ կոնսոլիդացված, ինչի հետ կապված էլ արդեն անդրադարձա»»:


«Իրավունք» թերթը գրում է. ««ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրա­պարակել եւ մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորու­թյուններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո-այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշի­նյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց ցավը տանում, հիմա դարձել է խիստ ընդդիմադիր: Ընդ որում, իրեն պաշտոնանկ անելու մեջ տեսնում է իշխանության շահագրգռվածությունը, բայց չի հիշում, որ լինելով ամենառուսամետ համալսարանի ռեկտորը՝ այդպես էլ չհերքեց իր կապը «Սասնա ծռերի» հետ, որոնք ուղիղ թշնամի են համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Մինչդեռ մամուլում տեւական ժամանակ շրջանառվում էր նրանց քաղաքական համագործակցության մասին: Ինչեւէ, նշենք, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ Դարբինյանն այսօր գտել է կառավարությունում պաշտպան՝ ի դեմս Հայ-ռուսական համալսարանի նախկին ուսանող, այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Նա, ըստ էության, ամեն ինչ կանի, որ Դարբինյանը մնա ռեկտորի պաշտո­նում, ինչի համար էլ անգամ որոշակի լարվածություն կա նրա եւ Փաշինյանի միջեւ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափն առավելագույնս խստացնել՝ սահմանելով ցմահ ազատազրկում։ «Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը, կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը եւ կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը․․․ այսինքն՝ պետական դավաճանության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ներկայացրել է Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն նախագիծն ընդունեց 109 կողմ, 2 ձեռնպահ ձայնով, ձեռնպահներն անկախ դարձած Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանն են։ Շատերը չքվեարկեցին, եւ 1 դեմ՝ «Իմ քայլի» նորընծա պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը մանդատ է ստացել պատերազմից հետո։ 67-ամյա պատգամավորն արցախյան 3 պատերազմների մասնակից է։ Ի դեպ, սա այս ԱԺ-ի պատմության մեջ եզակի դեպք է, երբ ընդունվում է ընդդիմության առաջարկած օրինագիծը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը մոտ տասն օր առաջ մարզի համայնքապետերին հավաքել է «Մորենա» ռեստորանում եւ մերձեցման երեկո անցկացրել՝ առաջարկելով համայնքապետերին, որ իրեն թիկունք կանգնեն, թիմ լինեն, խոստացել է, որ ինքն էլ լավ աչքով կնայի յուրայիններին։ Մարզպետը հավաքին հրավիրել է Մասիսի շրջանի համայնքապետերին։ Մեզ ասացին, որ չի համարձակվել Արարատի շրջանի համայնքապետերին նման առաջարկ անել, քանի որ Արարատը գտնվում է Ավշարի Գրիգորյան եղբայրների ազդեցության տիրույթում։ Մարզպետի հայրենի գյուղը՝ Երասխը, նույնպես Արարատի շրջանում է։ Մասիսի համայնքապետերի համար հատկապես անսպասելի է եղել Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանի ներկայությունը, ով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի խնամին է։ Ի դեպ, երեկ Արայիկ Գրիգորյանը «Էրեբունի» հիվանդանոցում բավականին բարդ վիրահատության է ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Եվրոպական միությունն արդեն ծանուցել է Հայաստանին, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն արդեն ավարտվել է: Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Իսկ ի՞նչ է արվել ԵՄ- Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով այս տարիների ընթացքում: Նախ՝ նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, իսկ ԵՄ-ն Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ անդամ պետությունների կապիտալով գործող ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների եւ գործատուների թվում են: Իրականացված աշխատանքների մասշտաբների մասին փորձել ենք զրուցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ, որը հանդիսանում է միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորը նշեց. «2017 թվականին ստորագրված պայմանագիրը, ինձ թվում է, որ ՀՀ այն ժամանակվա կարեւոր ձեռքբերումներից մեկն էր: Առաջիկայում նախատեսված է հատուկ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, մասնավորապես՝ ֆինանսավորման ոլորտում եւ այն ծրագրերի ոլորտում, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: Որ մենք օգտվում ենք ամբողջովին համաձայնագրից, սխալ կլինի ասել. մենք ունենք ճանապարհային քարտեզ, որն արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել եւ պետք է իրականացվի, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է:


Վառ ապացույցներից մեկը պարեկային ծառայության ստեղծումն է, ոստիկանության բարեփոխումներն էին, դրանք շարունակվում էին, սակայն պետք է ավարտված լիներ դեռ անցյալ տարի»,- նշեց պատգամավորը: «Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին ուսումնասիրեց ճանապարհային քարտեզը՝ փորձելով առանձնացնել եւ հասկանալ, թե որ նախագծերի ժամկետն է ավարտվել, եւ որոնց իրականացման ժամկետներն են մոտենում: Օրինակ, ըստ ճանապարհային քարտեզի՝ մինչեւ այս տարվա 4-րդ եռամսյակը պետք է պատասխանատու հանդիսացող ՀՀ արդարադատության կողմից ներկայացվի եւ ընդունվի ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Իսկ, ահա, վարորդական վկայականների տրամադրման կարգում համապատասխան փոփոխությունները պետք է արված լինեին մինչեւ 2019 թվականի հունիսը, այնինչ դրանք, կառավարության որոշմամբ, ուժի մեջ են մտել միայն 2020 թվականի սեպտեմբերից՝ գրեթե մեկ տարի ուշ: Ճանապարհային քարտեզով 2020 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված էր Անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, սակայն նկատենք, որ այն կստեղծվի միայն այս տարի, եւ արդյունքում կունենանք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) եւ Հակակոռուպցիոն կոմիտե>:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավականին ակտիվացել են գերիների ու անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաները։ Նախօրեին նրանք Գյումրիում էին ճանապարհներ փակել, երեկ էլ կառավարության դիմաց էին բողոքի ակցիա իրականացնում։ Իհարկե, նրանց թվում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ակցիաներ են իրականացնում իրենց որդիների վերադարձի կամ հայտնաբերման համար, սակայն նրանց շարքերում կան բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնց որդիները կա՛մ վերադարձվել են, կա՛մ հայտնաբերվել, դիակները ճանաչվել ու հանձնվել են նրանց։ Այդ քաղաքացիները, սակայն, շարունակում են ակցիաներ իրականացնել, քանի որ նրանց ուղղորդում են։ Իսկ ուղղորդողն ու ֆինանսավորողը՝ վերջերս քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարած Արտակ Թովմասյանն է՝ «Դվին» հյուրանոցի սեփականատերը՝ «Դվինի Արտակը»։ Պատահական չէ, որ այդ ակցիաների ժամանակ կարելի է տեսնել «Միասնություն» դաշինքի ղեկավար Արման Վարդանյանին, որն էլ հենց կոորդինացնում է այդ գործողությունները։ Նշենք, որ Թովմասյանի անունը կապվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հետ»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունն ունի առաջարկելու շատ լուրջ բան. առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների գծով շատ մրցունակ երկիր ենք եւ հենց այսօր պարտավոր ենք համագործակցել ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ արեւմուտքի պատժամիջոցներն առաջին փուլում, առաջին քայլով հենց կաթվածահար արեցին այդ երկիրը ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով: Հայաստանն ունի այդ բավականին հզոր ներուժը եւ կարող է օգնել ՌԴ-ին, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով: Մյուս կողմից՝ հայտնի է, որ ՌԴ-ն ունի պահանջարկ այդ մասով, հետեւաբար, այն բնական համագործակցության կարեւոր դաշտ է: Երկրորդ՝ ես ավելի շատ նկատի ունեմ համատեղ ռազմարդյունաբերական համալիրի կառուցումը, որը ոչ միայն ռազմավարական դաշնակցության համար է շատ կարեւոր, այլեւ ռազմական դաշնակցության, ռազմաքաղաքական շահերի սպասարկման համար»»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959 հազար 700: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը ավելացել է 4400-ով: Սակայն սրան մասնագետներն ունեն իրենց բացատրությունը. բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած եւ 2019-ին ՀՀ վերադարձած մեր քաղաքացիները 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել երկրից դուրս գալ, եւ այս պատճառով է, որ բնակչության թվաքանակը, պաշտոնական տվյալներով, ավելացել։ Բայց, չնայած սրան, 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը, հակառակը, նվազել է 1200-ով: Ընդ որում՝ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կանայք թվով գերակշռել են տղամարդկանց. 2 մլն 964 հազար 100-ից 1 մլն 565 հազար 600-ը կին է, իսկ 1 մլն 398 հազար 500-ը տղամարդ։ Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականին ծնվածների թիվը կազմել է 36574, ապա 2019-ին՝ 36041, 2020-ին՝ 36448, այսինքն՝ ծնվածները 407-ով ավելացել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հպարտությամբ նշում էր, որ 2020թ. տրամադրված վարկերի ծավալը էականորեն գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը: Բայց Փաշինյանը ճիշտ կաներ նշեր նաև, որ այս տարի գյուղացիությունը զրկվել է կառավարության կողմից սուբսիդավորվող վարկեր ստանալու հնարավորությունից: Նախկինում գործում էր սուբսիդավորման երկու համակարգ, որոնցից մի դեպքում կառավարությունը սուբսիդավորում էր վարկի ամբողջ տոկոսադրույքը, և գյուղացին վարկը ստանում էր 0 տոկոսով, իսկ մյուս դեպքում վարկը գյուղացուն տրամադրվում էր 5 տոկոսով: Բանկերը գյուղացիների դիմումներին պատասխանում են, որ այս տարի պետությունը դադարեցրել է վարկերի սուբսիդավորումը, թերևս միջոցների անբավարարության պատճառով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության հինգ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում: Նրանք առաջարկում են օրենքում ավելացնել այսպիսի կետ. «Եթե ապահովադիրը հանդիսանում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, որն իրականացնում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների լիցենզավորված կազմակերպում, ապա ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) ապահովադրի նկատմամբ չի հաշվարկվում»: Նման փոփոխության իմաստը շատ պարզ է. տաքսի ծառայություններում շահագործվող մեքենաները տարին մի քանի անգամ դառնում են վթարի պատճառ, որի արդյունքում ապահովագրավճարը էականորեն բարձրանում է: Նախագծի հեղինակները տաքսի ծառայությունների սեփականատերերին ուզում են ազատել այդ հավելավճարը վճարելու պարտականությունից: Բայց այս փոփոխությանը հաստատ դեմ կլինեն ապահովագրական ընկերությունները, որոնք առանց այն էլ դժկամությամբ են ապահովագրում տաքսի ծառայության մեքենաները»: