VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրվ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ 17 ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» դե ֆակտո գոյություն չունի, ու ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են այլեւս այլ ֆորմատով որոշում կայացնել ու պլանավորել, թե ինչպես կարող են հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Հիմա այդ ֆորմատով հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաեւ նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Բայց նույնիսկ այս լիդերները միմյանց չեն վստահում եւ մեկը մյուսի հավատարմությանը կասկածող մտքեր են հայտնում տարբեր շրջապատներում: Լավատեղյակ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ լիդերները միմյանց նախ կասկածում են, որ հնարավոր է՝ կապեր ունենան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Օրինակ՝ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կասկածում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է իրենցից գաղտնի բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ: Նույնաբովանդակ կասկածներ կան նաեւ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի վերաբերյալ, քանի որ, շատերի կարծիքով, նա տարբեր թելերով կապված է ու, հնարավոր է, ինչ-որ պայմանավորվածությունների հանգի գործող իշխանության հետ:
Իսկ բոլորը միասին կասկածում են Սերժ Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրա քաղաքական ծրագիրն է եղել, ու մինչ այժմ կապ կա երկուսի միջեւ, դրա համար Սերժ Սարգսյանը ընտրություններ չի ուզում: Միակ չկասկածվողը թվարկվածներից Ռոբերտ Քոչարյանն է, որն էլ հստակ խնդիր է դրել բոլորի առջեւ՝ ընտրություններին մասնակցել մեկ ճակատով եւ քաղաքական դաշտը դարձնել երկու բեւեռ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ եւ հակոտնյաներ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանշանակ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ դաշինքի չի միանալու, առանձին են գնալու ընտրություններին, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցել, լեգիտիմացնել Փաշինյանին: Սերժ Սարգսյանը գուցե մտափոխվի, ինչպես մտափոխվեց եւ վարչապետ չդառնալու խոստում տալուց հետո դարձավ վարչապետ: ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ն էլ կառուցողական դաշտում են. պատրաստ միասին եւ առանձին գնալու տարբերակներին: Երբ կորոշվեն հարցերը, կախված կլինի նաեւ ընտրությունների նշանակման ժամկետից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ չնայած Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից արդեն Երեւան է վերադարձել, բայց լիդերները դեռ չեն հանդիպել: Միայն հայտնի է, որ որոշում կա փետրվարի 20-ին մեծ հանրահավաք իրականացնել եւ սկսել անհնազանդության տարբեր ակցիաներ: Եկող շաբաթը պետք է ընդդիմության համար վճռորոշ լինի, քանի որ որոշումներ պետք է կայացվեն: Դրանից առաջ, սակայն, նախ պետք է կասկածները միմյանց նկատմամբ փարատվեն, իսկ թե ինչպես, դժվար է ասել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իր կողմից առաջ քաշված արտահերթ ընտրություններով երկրի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու օրակարգից, ապագա քաղաքական գործընթացներում լրջագույն վերադասավորումներ են սպասվում։ Արտահերթ ընտրությունների չեղարկումով Հայաստանի քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել, այն ընդամենը փորձ է՝ անորոշ ժամանակով երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն փաստ է, որ իրադարձությունների նման հանգուցալուծումից հետո քաղաքական հիմնական խաղացողները պետք է վերադասավորվեն և իրենց պայքարը շարունակեն նոր իրողություններին համապատասխան: Քաղաքական դաշտի խոշոր դերակատարներից ԲՀԿ-ն ավանդաբար ունի մեծ ազդեցություն թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական պրոցեսների վրա։ Բոլոր ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գործոնը առանցքային է եղել, և այս փուլում ևս շարունակելու է լինել այդպիսին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պարագայում ինքը մասնակցելու և «կրելու» է։ Իհարկե, Քոչարյանի հայտը փոխում է ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլև իշխանության դիրքավորումը քաղաքական դաշտում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևաչափով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը, նա, միևնույն է, հանդիսանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական հակակշիռներից մեկը։
Շատ կարևոր ֆիգուր է շարունակում մնալ երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Փորձագետները պնդում են, որ ընթացող գործընթացներում նրա դիրքորոշումները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի վրա, նույնիսկ ընտրություններին չմասնակցելու՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ազդել է արտահերթ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու՝ վարչապետի որոշման վրա: Առաջիկա գործընթացներում կշարունակեն ազդեցիկ դերակատարություն պահպանել ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը։ Այս կուսակցություններն ի սկզբանե դիրքավորվեցին ընդդիմադիր դաշտում ու թե՛ մինչպատերազմական, թե՛ հետպատերազմական շրջանում ակտիվորեն ներգրավված են 17-ի ֆորմատում, իսկ առաջիկայում ձևավորվելիք ֆորմատներում կպահպանեն իրենց ազդեցիկ դիրքը: Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը առավել երիտասարդ սերնդի գործիչներ են, սակայն զգալի ակտիվություն և ներկայություն ունեն ընթացող քաղաքական մրցավազքում: Դժվար է ասել, թե ապագա գործընթացներում ինչպիսի դիրքավորում կունենան Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Որպես խորհրդարանական ուժ՝ կուսակցությունը հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից, պահանջել է կառավարության և նրա ղեկավարի հրաժարականը՝ չբացառելով Մարուքյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ դրանով, անշուշտ, փորձելով քաղաքական դաշտում հանդես գալ սեփական օրակարգով: Այս նոր, խայտաբղետ իրականության պայմաններում Մարուքյանը կարող է հետաքրքիր գործոն լինել: Քաղաքական դաշտի «սյուրպրիզը», ինչ խոսք,«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն է, որն արտերկրում հաջողություններ գրանցելուց հետո անսպասելիորեն հայտարարեց Հայաստանում քաղաքական գործունեություն սկսելու մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասարակական պահանջ չկա, սակայն պատգամավորները շարունակում են քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Մասնավորապես նախատեսվում է վերացնել բոնուսային համակարգը, որը գործում է, եթե ընտրությունների արդյունքում ընդդիմությունը ստանում է 30 տոկոսից պակաս քվե, և բոնուսային համակարգի միջոցով ընդդիմության տեղերը ավելացվում են՝ հասցնելով 30 տոկոսի: Բոնուսային համակարգը գործեց 2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն իշխանությունը կարծում է, որ խորհրդարանը պետք է ձևավորվի ընտրողների տված քվեի համամասնությամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը վերջապես կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրօր․ 300․1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Նիստը նշանակված է մարտի 23-ին։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռ․ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։ Նշված կառույցներից պատասխան ստացվեց անցած ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։ Ավելին՝ հուլիսի 7-ին նիստ էր նշանակվել, սակայն ԱԺ-ն ՍԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել քննությունը, պատճառաբանելով, թե պետք է ծանոթանա Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Սակայն Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ իշխանությունները հնարավորինս փորձում են ձգել ՍԴ որոշումը՝ հասկանալով, որ դա լինելու է Քոչարյանի օգտին։ Այնպես որ, գործընթացներն իշխանության օգտին չեն որեւէ հարթակում՝ ո՛չ Մարտի 1-ի դատավարությունում, ո՛չ ՍԴ քննության հարթակում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը երեկ կարգադրություն է ստորագրել, որով առաջին եռամսյակի համար հատկացված դրամական միջոցները, այսինքն՝ պարգեւավճարները, բաշխվելու են «միայն» աշխատակազմի աշխատողներին՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Միրզոյանի աշխատակազմից տեղեկացանք, որ այս պահին պատգամավորների վերաբերյալ նման որոշում չկա։ Որքան կձգվի այս վիճակը, պատգամավորները որքան կարող են առանց պարգեւավճարի ապրել, եւ արդյոք բունտ չի՞ հասունանում ԱԺ ղեկավարության դեմ, կերեւա ժամանակի ընթացքում։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո պատգամավորները զրկվել են իրենց պարգեւավճարներից, եւ, ըստ որոշ տեղեկությունների, ոմանք այդ փաստը շատ ծանր են տանում։ Ավելի վաղ էլ զրկվել էին աշխարհով մեկ գործողումների մեկնելու հնարավորությունից։ Այնպես որ, պատգամավոր աշխատելը ոմանց համար հետզհետե անիմաստ է դառնում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վեց պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում: Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել ԱԺ աշխատակազմում պետական ծառայության անցնող անձանց համար պահանջվող աշխատանքային ստաժի քանակը: Պատգամավորներն իրենց կողմից ներկայացվող առաջարկը հիմնավորում են նաև Սահմանադրության 29-րդ հոդվածով, որն արգելում է քաղաքացիների նկատմամբ ցանկացած խտրականության կիրառում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուշագրավ երկխոսություն է կայացել ԱԺ-ում։ Գոռ Գեւորգյանի հարցին՝ պատերազմի «շարունակական տրամաբանության» եւ մեր կատարելիք քայլերի մասին, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ Թուրքիան տարբեր մեսիջներ է հղում մեզ․ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը եւ սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։ Սա նշանակում է, որ ԱԳ նախարարը Արցախի հարցը համարում էր սահմանը փակելու «լեգիտիմ» արգելք, հիմա ոչինչ չի խանգարում մեզ հարեւան ագրեսորի հետ «ջան ասելու-ջան լսելու»։ Ի դեպ, դեկտեմբերին Մոսկվայում Այվազյանը տրամագծորեն հակառակ մտքեր էր արտահայտել եւ արժանացել Փաշինյանի զայրույթին։ Հիմա՝ որպես ուշիմ աշակերտ, փաստորեն, սխալներն է շտկում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանն ապրում է հաստատուն իներցիայի ռեժիմում։ Այնպես չէ, որ դա միայն հետպատերազմական ռեժիմ է, այսպիսին էր Հայաստանի կյանքը նաեւ 2018 թվականից հետո, երբ ամեն ինչ ընթանում էր հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո։ Էյֆորիան փոխարինել էր ռազմավարությանն ու ծրագրերին, երկիրն ապրում էր առանց զարգացման որեւէ կոնցեպտի՝ նախկինից մնացած համակարգերի լավ կամ վատ աշխատանքով ու հեղափոխական դատարկաբանությամբ։ Հասարակությանը դա դուր էր գալիս, նրա կյանքն առանձնապես չէր փոխվել, սակայն հաճելի-ականջահաճո էր անընդհատ լսել նախկինների թալանի, ներկաների անկաշառության ու 2050 թվականի ապագայի մասին։ Ահա այդ իներցիայի պայմաններում էլ տեղի ունեցավ պատերազմը, որում կրած խայտառակ պարտությունը, սակայն, ո՛չ իշխանության, ո՛չ էլ, առավել եւս, հասարակության համար չդարձավ իներցիոն ընթացքը կանգնեցնելու առիթ։ Հիմա պետությունն ապրում է արդեն հետպատերազմյան իներցիայով, իշխանությունն առաջնորդվում է «այսօր էլ մնացինք իշխանության՝ լավ է» այսրոպեական սկզբունքով․ Հայաստանն ապրում է մեկ օրվա՝ թիթեռի կյանքով։
Երկիրը չունի զարգացման ու պատերազմի արհավիրքը հաղթահարելու որեւէ համակարգային հայեցակարգ եւ գրեթե ամբողջությամբ կախված է մեզանից չկախված իրադարձություններից ու զարգացումներից։ Արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ իր կամ իր խմբակցության որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ավելի խորացրեց իներցիան՝ պետությանը զրկելով ինչ-որ իմաստով ռեստարտ ապրելու շանսից, որը գոնե տեսականորեն կարող էին ապահովել արտահերթ ընտրությունները։ Եվ եթե ֆորսմաժորներ չլինեն ու Նիկոլ Փաշինյանը հաջողի թիթեռի կյանքով ապրելու իր մարտավարությամբ շարունակել մնալ իշխանության, ապա մինչեւ հերթական ընտրություններ պետությունը եւս 2.5 տարի ապրելու է այս կազմալուծող ու մաշող, զարգացման որեւէ հեռանկարից զուրկ իներցիայի ռեժիմով։ Նոմինալ ընդդիմության տեղը զբաղեցրած քաղաքական ուժերը, չնայած հոխորտալից հայտարարություններին, իրականում կարծես հաշտ են այս իրավիճակի հետ։ Հաշտ է նաեւ հասարակության զգալի հատվածը, որի մի մասն իներցիան կանգնեցնելու փոխարեն՝ նախընտրում է կանգնեցնել պատահած առաջին ինքնաթիռը ու փոխել ոչ թե երկրի ընթացքը, այլ սեփական բնակության վայրը։ Սովորության ու ավանդույթի համաձայն։ Պատերազմում կրած պարտության ու հազարավոր անդառնալի կորուստների շոկը ժամանակի ընթացքում ընդարմանում է։ 2.5 տարվա հեղափոխական իներցիայով ապրած հասարակությունը մտնում է կամ արդեն իսկ մտել է հետպատերազմյան դեպրեսիայի մեջ, որն ամեն օրվա հետ ավելի է խորանում իներցիայի պատճառով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ամփոփիչ-հաշվետու ասուլիսը, որտեղ նա մանրամասն անդրադարձավ ոլորտի հաջողություններին ու ապագայի ծրագրերին: Սակայն շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ Արշակյանը, լինելով ԲՏԱ նախարար, հանկարծ սկսեց մեծ ոգևորությամբ խոսել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, իսկ ավելի ստույգ՝ այդ բուհի ռեկտորի պաշտոնի մրցույթի մասին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը գործում է ԿԳՄՍ նախարարության գերատեսչական ենթակայության ներքո, ուստի արտաքուստ տարակուսելի էր ԲՏԱ նախարարի հետաքրքրվածությունը այս թեմայով: Պարզվում է, սակայն, որ դա որոշակի պատճառներ ունի: «Փաստ» թերթի տեղեկություններով, ժամանակին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ներքին ազդեցության առումով այդ բուհը «տվել» է Հակոբ Արշակյանին, իսկ նորանշանակ նախարարն, ինչպես ասում են, այդ ներքին «որոշումը» չի կարողանում չեղյալ հայտարարել: Փաստացի, իր ասուլիսում Հակոբ Արշակյանն ըստ էության հաստատեց սեփական հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունն այդ բուհի նկատմամբ: Թե ինչ բովանդակություն ու նպատակներ ունի այդ շահագրգռվածությունը, և թե արդյոք Հակոբ Արշակյանն ունի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ իր «սրտի» թեկնածուն, այս պահին դժվարանում ենք ասել: Սակայն հաշվի առնելով գերատեսչական առումով բուհի հետ կապ չունեցող կառույցի ղեկավարի նման անբնական արձագանքը այլ նախարարության գերատեսչական ենթակայության տակ գտնվող հաստատության ռեկտորի ընտրության հանդեպ՝ մենք ուշիուշով հետևելու ենք պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության ընթացքին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Դեռևս մինչև պատերազմը առաջինը Փաշինյանի դեմ հանրահավաքային պայքար սկսած Խաչիկ Ասրյանը պնդում է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են։ «Հայաստանում հետպատերազմյան ժամանակաշրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, իսկապես, միակ օրինական և սահմանադրական ճանապարհը կլինի՝ Հայաստանն ու Արցախը կործանման տանող հողատու Փաշինյան Նիկոլից և նրա լակոտակրատիայից ազատելու համար»,- ընդգծել է նա իր հայտարարության մեջ: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Խաչիկ Ասրյանը նաև ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված. նրա աջակիցները մարզերում կուսակցական գրասենյակներ են հիմնում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ լուրջ խնդիրներ են առաջացել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման անդամների մեջ: Ի սկզբանե այդ միավորումը պետք է կոչվեր «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ», և այդ միավորմանը պետք է մաս կազմեր նաև «Ալյանս» կուսակցությունը, որի գրասենյակում էլ տեղի է ունեցել միավորման առաջին հավաքը: Բայց տարաձայնությունները այնքան են խորացել, որ «Ալյանսը» ոչ միայն դուրս է մնացել շարժման հիմնադիրների կազմից, այլ դարձել է, մեղմ ասած, քննադատության թիրախ»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձեւով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում. 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Միրզոյանը՝ նշելով, որ իրեն Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, հետապնդում է՝ փորձելով անհիմն աշխատանքից ազատել։ «Հետապնդումները, իմ դեմ արշավը սկսվեցին այն բանից հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը դարձավ նախարար։ Ամեն ինչ արեցին՝ ինձ վրա կեղտ գտնելու համար, բայց չգտան։ Ես բարեխիղճ աշխատող եմ, յուրաքանչյուր աշխատակից կվկայի այդ մասին, շուրջ 6 տարի է՝ աշխատում եմ արգելոցում։ Երբ տնօրենի տեղակալի՝ գիտության եւ պահպանության գծով 2 հաստիքները կրճատվեցին, նշանակվեցի ընդհանուր գծով փոխտնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանի գալուց հետո կրկին հաստիքացուցակ փոխվեց, ավելացվեց տնօրենի տեղակալի եւս մեկ հաստիք։ Հիմա ամեն գնով, ինձ համար անհասկանալի պատճառներով՝ նախարարը հետապնդում է ինձ։ Երբեւէ քաղաքականության մեջ չեմ եղել, որեւէ կուսակցության չեմ հարել, ենթադրում եմ՝ պատճառը հենց սա է»,- ասաց Միրզոյանը։
Վերջինս նշեց՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում արգելոցում բազմիցս աուդիտ է իրականացվել եւ իր մասով որեւէ իրավախախտում չի արձանագրվել։ Ըստ նրա՝ վերջին աուդիտն անձամբ Ռոմանոս Պետրոսյանն է ուղարկել։ «Արգելոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանին, ում հենց Ռոմանոս Պետրոսյանն էր նշանակել աշխատանքի, ստիպում էին հեռացնել ինձ արգելոցից։ Անգամ անձամբ Պետրոսյանը եկել է արգելոց եւ հերթական անգամ բարձրացրել ինձ աշխատանքից ազատելու հարցը։ Տնօրենին ամեն օր ճնշում էին։ Սակայն Բաղդասարյանը, մինչեւ իր պաշտոնավարման ավարտը, չգնաց այդ քայլին, որովհետեւ հիմք չուներ»,- մանրամասնեց արգելոցի փոխտնօրենը։ Վերջինիս խոսքով՝ արգելոցի նոր ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանի առաջ եւս այդ պահանջն է դրված՝ ամեն գնով ազատել իրեն աշխատանքից։ Ասում է՝ Ռոմանոս Պետրոսյանի նախարար դառնալուց ի վեր արգելոցի կանոնադրությունը եւ հաստիքացուցակը քանիցս փոխվել է, ինչի հետեւանքով մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, նրանց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են եւ մնացել անհետեւանք։ «Այս անօրինական գործողությունները շարունակական բնույթ են կրում։ Փետրվարի 9-ին արգելոցի խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ օրակարգում կրկին հաստիքացուցակ փոխելու, որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու հարցն է եղել։ Չի բացառվում, որ այդ աշխատակիցներից մեկը հենց ես եմ»,- ասաց Միրզոյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի: Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում՝ ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ. այդ բնակարաններում թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որեւէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից: Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ ՊՆ-ն աջակցություն տրամադրելու կարգը եւ պայմանները հաստատող որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման: Ի դեպ, երեկ ՀՀ ԱԺ անկախ պատգամնավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրեն են դիմել մի շարք քաղաքացիներ եւ կազմակերպություններ, որոնց գույքը պատերազմի օրերին օգտագործվել է բանակի կողմից եւ հիմա վնասված վիճակում է կամ գոյություն չունի: Ապա կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր է մշակել նրանց գույքը փոխհատուցելու կամ նորով փոխարինելու համար: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ նշեց, որ այդ հարցը ուսումնասիրվում է. «Մենք հիմա ստանում ենք համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կընդունվի որոշում կամ փոխհատուցում կլինի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ նախաքննական մարմինները հայտնվել են խնդրի առջև: Շուրջ 10 հազարից ավելի անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պատերազմի դաշտից փախչելու կամ մարտական դիրքը լքելու վերաբերյալ: Եվ դա է պատճառը, որ նախաքննական մարմինները պատերազմի ժամանակ դիրքը լքած կամ փախած անձանց այս օրերին կանչում են հարցաքննության, իսկ մարդիկ էլ ցուցմունք են տալիս՝ նշելով. «Պատրաստակամ կերպով գնացել ենք կռիվ, բայց ի՞նչ անեինք, երբ օդից կրակ էր թափվում, ու մեր աչքի առջև մեր ընկերները մոխրանում էին, ու մեզ այլ ելք չէր մնում, ստիպված փախչում էինք, որ փրկվենք, ի՞նչ անեինք, մնայինք մեռնեի՞նք»: Քննիչները, լսելով նրանց ցուցմունքը, չգիտեն՝ ինչ անել, ինչ իրավական լուծում տալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործ հարուցված է 10 հազարից ավելի անձի նկատմամբ, և դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի նրանց գործողությունների հետ կապված: Նկատենք՝ երեկ էլ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հետ կապված ավելի քան 10 հազար քրեական գործ է հարուցվել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել այն պայմանագրային զինծառայողներին, ովքեր փաստացի բնակվել են պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, և կորցրել են իրենց շարժական ու անշարժ գույքը: Կառավարությունը ներկայացրել է նախագիծ, ըստ որի պայմանագրային զինծառայողին, ամուսնուն և անչափահաս երեխաներին կտրամադրվի 300 հազարական դրամ միանվագ օգնություն: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակված պայմանագրային զինծառայողները կորցրել են ոչ միայն բնակարան, տնային կահավորանք, այլ շատ դեպքերում նաև անձնական օգտագործման մեքենաներ: Փոխհատուցումը գուցե կորցրածին համարժեք չէ, սակայն որոշակի առումով կօգնի կազմակերպել ընտանիքի կենցաղը ծառայության նոր վայրում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանը մեկ տարի ժամկետով գործուղվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հավելավճար է տրամադրվելու՝ բնակարանի վարձակալության համար: Մենք տեղեկացանք, որ նշյալ պաշտոնի համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին: Նշենք, որ վերջինս մինչ այս հանդիսացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը եւ հայտարարված մրցույթում միակ թեկնածուն է եղել: Հատկապես հետպատերազմյան շրջանում ավելի է կարեւորվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գրագետ աշխատանքը, քանի որ շատ են դիմումներ ներկայացվում թե՛ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ, թե՛ հակառակը: Ընդ որում, ՄԻԵԴ-ը հաճախ որոշումներ է կայացնում ընդդեմ Հայաստանի վճիռներով եւ կառավարությանը պարտադրում գումարներ վճարել դիմումատուներին: Հենց այսօր կառավարության նիստի օրակարգում առկա մեկ այլ որոշմամբ էլ կհաստատվի, որ այսուհետ պետական բյուջեում գործելու է առանձին բյուջետային կետ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» անվամբ»: