23.11.2024
Մամուլ. Ի՞նչ էին պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Ծառուկյանը որոշել է առանց մանդատ թողնել ԲՀԿ հին գվարդիային

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի եւ արդյոք կկարողանա՞ անցնել հաջորդ ԱԺ։ Ձեռնտու չէ նաեւ ԲՀԿ-ի մեծ մասին։ ԲՀԿ-ն, ճիշտ է, չանցնելու խնդիր չունի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է ցուցակը հիմնովին թարմացնել եւ հին գվարդիայի մեծ մասին չընդգրկել։ Գործող պատգամավորական կորպուսից ցուցակում ընդգրկվելու հարցում կարող են վստահ լինել միայն Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը, շանսեր ունի Վահե Էնֆիաջյանը, մյուսները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Գեւորգ Պետրոսյան եւ այլք, հիմիկվանից պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ։ Ճիշտ է՝ Ծառուկյանը նրանց անգործ ու անեկամուտ չի թողնի, տարբեր աշխատանքներ կառաջարկի, բայց ոչ խորհրդարանում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ամեն գնով պաշտպանում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չհեռացնի իր պաշտոնից: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո իշխանական ֆրակցիայի շատ անդամներ պահանջել են ազատել պաշտոնից Գրիգորյանին, սակայն նույն ֆրակցիայի դրամաշնորհային անցյալ ունեցող հատվածը կուլիսներում ընդվզել է, որ եթե նման բան լինի, իրենք, ի նշան բողոքի, կլքեն խմբակցությունը: Որպես դրամաշնորհային անցյալ ունեցող Արմեն Գրիգորյանին սատարողներ նշվում են «Էրատո» ջոկատի անդամ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Լենա Նազարյանի, Սոս Ավետիսյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Սուրեն Գրիգորյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ այլոց անունները: Ահա այսպես՝ դեմարշի արդյունքում քաղաքական իշխանությունները նահանջել են եւ որեւէ քայլի չեն դիմում: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այնպիսի տպավորություն է, թե այս պատգամավորները առանձին խմբակցություն են կազմել խմբակցության ներսում. նրանք շատ հարցերում միասնական որոշումներ են կայացնում ու դրանք, որպես վերջնական ելք, ներկայացնում են խմբակցությանը, ու, հետաքրքիր օրինաչափությամբ, բոլոր որոշումները ի կատար են ածվում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Սոս Ավետիսյանի եւ Մերի Գալստյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես մերժեցին մեր հարցերին պատասխանել: Նախկինում մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ արժեքների համար դրամաշնորհներով պայքարողները պատգամավոր դառնալուց հետո գլխիվայր շուռ են եկել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչա­պետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի: Մենք հարցն ուղարկել ենք կառավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան: Բայց կառավա­րությունից, ինչպես որ ենթադրվում էր, ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ձեր հարցի հասցեատերը կառավարությունը չէ»: Լավ, բա այդ դեպքում ո՞վ պետք է բացատրի, թե այն դեպքում, երբ վարչա­պետի աթոռին սոսնձված Նիկոլը մի գլուխ պնդում է, թե ապրում է «չոր» աշխա­տավարձով, նրա ընտանիքի անդամ­ներն այդ ո՞ւմ հաշվին են ամիսը մի քա­նի անգամ հսկայական փողեր տալիս ինքնաթիռների տոմսերի համար, էլ չա­սած, այդ ուղեւորությունների մնացած գերթանկարժեք մյուս բոլոր ծա­ռայությունների մասին: Ու քանի դեռ հստակ բա­ցատրություն չեն տվել, մնում է մտածել, որ Նիկոլը պարզապես ստում է՝ խոսելով «չոր» աշխա­տավարձով ապրելու մա­սին: Չնայած, միգուցե կառա­վարությունից տվեցին հենց այն պատասխանը, որը կարող էին տալ: Այ­սինքն՝ հարց է, Նիկոլը գիտի՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում, որ հանրու­թյանն էլ մի բան կարողանա ասել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին մարզպետը չի դիմացել հանրային ճնշմանը, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հայկական կողմից 62 անձ էր Ադրբեջանը գերեվարել՝ բոլորը Շիրակի մարզից։ Գերիների ծնողները, հարազատներն ու բարեկամները մարզպետին օրուարեւ չեն տվել, անընդհատ այցելել են քաղաքապետարան, նրա տուն, եւ նա չի դիմացել ճնշումներին՝ դիմում է գրել։ Սակայն օրերս տեղեկացանք, որ Տիգրան Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառը եղել է սեփական կինը։ Նա շրջապատի կողմից ուղղակի տեռորի է ենթարկվել եւ ամուսնուն համոզել է պաշտոնից հրաժարվել, քանի որ ինքը չի ուզում «թուրքին հայրենիք հանձնած» իշխանության ներկայացուցչի հետ ապրել, ասել է՝ փողոց չեմ կարողանում դուրս գալ։ Ամուսինը տեղի է տվել։ Երեկ Պետրոսյանը մեր լրագրողին ասել է, որ իր հրաժարականի պատճառների մասին կխոսի շուտով՝ հրավիրվելիք ասուլիսի ընթացքում։ «Իսկ ընտանեկան զրույցների մասին որեւէ մեկը չի կարող իմանալ»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե ճի՞շտ է, որ կնոջ հորդորով է դիմում գրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։ Թե որն է այցի նպատակը, ինչ հանդիպումներ է ունենալու եւ ինչ հարցեր է քննարկելու, մեզ չհաջողվեց պարզել։  Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան, երեկ ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրն է վերադարձել Մոսկվայից։ Ընդդիմադիր լիդերները պատրաստվում են նոր հանդիպման՝ քննարկելու Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապե­տության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կո­միտեի նախագահ, Կոպենհագենից Երեւան տեղափոխված Տաթեւիկ Ռեւազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձա­ռու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագա­յում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սա­կայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ գրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով: Հետո Տաթեւիկ Ռեւազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ: Հիմա տեւական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթեւիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագե­նից: Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմա­նափակ թվով աշխատակիցներ:

Քաղավիացիայի կոմիտեի նախա­գահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթեր, բեռնա­փոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկե­րություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր: Տաթեւիկն ամուսնու եւ երեխա­յի հետ, էլ չենք ասում երեխայի դա­յակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պե­տական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատա­վայրի պայմաններն ավելի հաճե­լի են, քան տան պայմանները: Ո՞վ իմանա... Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տա­րօրինակ էր թվացել չվերթեր իրա­կանացնող ավիաընկերությունների անձնակազմերին: Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլիներ այն փաստը, որ իրենց երկրի ավիա­ցիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատա­վայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում եւ կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը թիմի ներսում հայտնել է, որ մտադրություն ունի առաջիկայում մանդատը վայր դնել: Մեզ հետ զրույցում Թեւոսյանը չհերքեց լուրը՝ ընդգծելով, որ պատրաստվում է մասնակցել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին, որը հայտարարվել է 3 օր առաջ: «Հաղթելու դեպքում, այո, ես ստիպված եմ լինելու մանդատը վայր դնել»,- տեղեկացրեց պատգամավորը: Նշենք, որ այդ մրցույթի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 26-ին:  Թեւոսյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվում եք փոխարինել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի՞ն. Ի պատասխան պատգամավորն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում. «Ես գնում եմ այդ հանձնաժողով՝ որպես խորհրդի անդամ եւ պատրաստվում եմ աշխատել պարոն Շիրինյանի հետ: Թե հետո խորհուրդը ինչ կորոշի՝ ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց նա:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։ Ներսիսյանը համակարգի աշխատող է, իսկ վերջին համապետական ընտրություններին սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցներից է եւ ակտիվ աշխատել է Մայիլյանի համար։ Արցախի քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ սա ՀՀ-ից թելադրված հերթական որոշումն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է սորոսականների դիրքերն ամրացնել նաեւ Արցախում։ Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը պաշտոնից ազատվեց պատերազմից հետո»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած յոթերորդ գումարման Ազգային ժողովը մշտապես հպարտացել է քննիչ հանձնաժողովների առատությամբ՝ իբրեւ հետեւողականության դրսեւորում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում դրանք կարծես թե ձեւական բնույթ են կրում: Թերեւս վաղուց հայտնի ճշմարտություն է, որ եթե ուզում ես որեւէ հարցի խորը քննությունը տապալել, ստեղծիր հանձնաժողով եւ խնդիրը կլուծվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը»: Այսինքն՝ առաջին հերթին հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է հետեւի խորհրդարանի աշխատանքների պատշաճ կատարմանը, սակայն դրա փոխարեն հակառակ երեւույթի ենք ականատես լինում: «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին: Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է անցկացրել 2020 թվականի ապրիլի 17-ին, եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը հանդիպում է եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ: 2019 թվականին էլ հանձնաժողովը 5 նիստ է անցկացրել: Սակայն, ըստ էության, որեւէ բացահայտում այդպես էլ չի եղել: Հավելենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը արդեն ավարտվել է, սակայն հաշվետվությունը դեռեւս ներկայացված չէ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու, գործարարությունը խթանելու և մեր երկրում արարելու հնարավորություն տալու փոխարեն, պատերազմում պարտված և մեր երկիրը հուսալքության ծայրագույն աստիճանի հասցրած իշխանությունը նոր հարձակում է պատրաստում խոշոր գործարարների դեմ: Բանն այն է, որ հունվարի 20-ին խորհրդարանում 82 կողմ, 0 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը չենթարկվող գործարարներին պատժելու գործիք է: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է քրեական պատիժ, ոչ ավել, ոչ պակաս, շահույթ ստանալու համար: Այո, այո, հենց այդպես էլ ֆիքսված է: Օրենքում ասվում է. «Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:


Ու տարօրինակ համառությամբ իշխող խմբակցությունը անցկացրել է ՏՄՊՊՀ այս վիճահարույց նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ, որի մասով բացասական եզրակացություն է ներկայացրել անգամ ԱԺ փորձագիտական և վերլուծության վարչությունը: Նշված աբսուրդից բացի, նախագծով հանձնաժողովն իրեն վերապահում է գործառույթներ, որոնց իրավունքը չունի, և այնպիսի տպավորություն է, թե այս օրենքում փոփոխությունն արվում է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին խոշոր գործարարներին անարգել պատժելու լծակներ տալու համար: «Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը. այն տնտեսական քաղաքականության մշակման և տնտեսական մրցակցության պաշտպանության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգից վերափոխվում է, այսպես կոչված, «տնտեսական ոստիկանության» հայեցակարգի». ԱԺ փորձագիտական և վերլուծության վարչությունն այս ձևակերպմամբ պաշտոնապես եկել է այն եզրակացության, որ ՏՄՊՊՀ-ն իրեն չպետք է վերապահի տնտեսական ոստիկանության գործառույթ:


Բայց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի մշտական նիստի ժամանակ ինքնագոհ հայտարարել էր. «Մենք հենց պատժիչ, պատժող կառույց ենք: Ես դա շատ կարևորում եմ: Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք, ուզում եմ՝ հստակ ֆիքսենք սա: Ես ուզում եմ դա հստակ ֆիքսենք, ես միայն պատժում եմ: Ես կարող եմ ուղեցույցներ տամ, ասեմ՝ եթե այսպես անենք, խնդիրներ չի լինի, սակայն սա կոնկրետ պատժող, նույնիսկ դաժան պատժող կառույց է»: Գործարարներին պատժելու միտքը այնքան էր ուրախացրել ՏՄՊՊՀ նախագահին, որ նա մոռացել էր, թե օրենքով ինչ իրավասություններ ունի իր ղեկավարած կառույցը, և նոր կարգավորումները ոչ այլ ինչ, քան ինքնիրավչություն, չեն կարող դիտվել: Հատուկ մեջբերում ենք ՏՄՊՊՀ ֆիքսված գործառույթները. «Վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ, դիմում է դատարան՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ»: Այսպիսով, եթե այս օրինագիծը նաև երկրորդ ընթերցմամբ ընդունվի, կնշանակի նոր մահակ գործարարների գլխին: Ու սա կազմակերպվել է հավանաբար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, քանի որ հենց նրա հովանավորյալն է դրամաշնորհներով հայտնի անցյալ ունեցող Գեղամ Գևորգյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդա­յին սահմանները բացվեցին, և մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչա­պետը «պատահական» մի խանութատի­րոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակհազարներով կվերադառնան՝ առևտուրդ կթեժանա: Այնուհետև կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաև օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում: Սուտն այնքան ակնհայտ էր, որ առա­ջին միտքը, որ կարող էր ծնվել դատողունակ ցանկացած մեկի մոտ, ինչպես միշտ՝ երկրի վարչապետի խոսքի որակն ստուգելն էր: Բնականաբար՝ տեխնիկա­կան միջոցներով: Քանզի վաղուց այլևս մարդիկ չեն հավատում նրա կենդանի խոսքին: Եվ դատողունակ հայ քաղաքացին վարչապետի «առիթով» դարձյալ ու դարձյալ մտածեց... պոլիգրաֆի՝ ստի դե­տեկտորի մասին: Վերջինս, անշուշտ, չի կարող ապա­հովել հետազոտության արդյունքի հարյուրտոկոսանոց հավաստիություն, քանի որ ինչպես մարդը, այնպես էլ նրա ստեղծած սարքը սխալական է: Բացի այդ՝ գիտությունն ապացուցել է, որ ստի դետեկտորով անցնող մարդու հոգեֆիզիոլոգիական արձագանքները (սրտի զարկի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, աչքերի գույնի փո­փոխություն և այլն) միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա են տալիս պացիենտի խոսքի որակի մասին:


Բայց ստի դետեկտորը հատկապես սխալվում է, երբ այն փորձարկում են որոշ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Սարքն անզոր լռում է, օրինակ, երբ հիվանդ մեկը հայտարարում է, թե ինքը Նապոլեոն Բոնապարտն է կամ Նելսոն Մանդելան: Հիվանդն այնքան է տոգորված սեփական «հավատքով», որ ոչ մի սարք չի կարող նրան ազատել այդ ինքնընկալումից, իսկ բոլոր հոգեֆիզիոլոգիական պարամետրերը՝ գրանցված պո­լիգրաֆի կողմից, աներկբա հաստատում են «իրողությունը»՝ պացիենտը չի ստում: Վստահ կարելի է պնդել, որ ստի դե­տեկտորը նույնքան անզոր կգտնվեր, եթե «հայրենի» կառավարությանը պահեինք դրա դիմաց կամ անցկացնեինք դրա միջով: Կառավարության անթիվ ստեր դետեկտորը կգրանցեր որպես ակնհայտ ճշմարտություններ՝ ասված անմեղսունա­կության խոր ինքնահմայանքի մեջ: Օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե Շուռնուխում կա­ռավարության աջակցությամբ նոր բնա­կարաններ են կառուցվում, իսկ Գորիսի համայնքապետարանը հերքում է՝ բնա­կարանները կառուցվում են բարերարնե­րի օժանդակությամբ: Բնականաբար, ստի դետեկտորն առա­վել ևս անզոր կգտնվեր, եթե նրա դիմաց պահեինք կառավարության ղեկավարին: Ավելին՝ այս դեպքում նույնիսկ վտանգ կա, որ պացիենտից եկող «ճշմարտության ու երջանիկ անկեղծության» հորդումին չդիմանալով՝ սարքն ուղղակի կարող է «կախվել» կամ պայթել: Թե ինչ պատճառով՝ տես տեքստում Նելսոն Մանդելայի «օրինակը»»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետև սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարևանությամբ: Վերջիններս իրենց այդ քայլը հիմնավորել են այն բանով, որ հայերը կրակել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն պարունակող ցուցանակի վրա: Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք նման քայլի չէին գնա, և չեն բացառում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն՝ հետագայում սահմանապահ հենակետն առաջ տալու նպատակով: Արյունալի պատերազմից հետո հակամարտող կողմերի ռազմական ստորաբաժանումներն իրար նման մոտ տարածքների վրա տեղակայելն անթույլատրելի է: Լուծումը՝ Վարդենիս-Մեղրի 500 կմ-ից ավելի երկարությամբ սահմանահատվածում պետք է ստեղծվեն միջդիրքային չեզոք գոտիներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են: Օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները աճել են 1.8 տոկոսով: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է: Մյուս կողմից՝ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների չնչին աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, 2019-ի համեմատ, աճել են 0.7 տոկոսով եւ կազմել 14 մլն 822 հազար տոննա: Բեռների արտահանումը նվազել է 14.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.1 տոկոսով, փոխարենը 10.6 տոկոսով աճել է երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել։ Բացի կենսական ապրանքներից, մեկ տարվա ընթացքում ուղիղ 100 դրամով թանկացել է նաեւ բենզինը։ Վերջին թանկացումը երկու-երեք օր առաջ արձանագրվեց՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձավ 390, իսկ պրեմիումը՝ 390-ից՝ 410։ Ու դեռ թանկանալու միտում ունի։ Եվ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ բենզինի գինը հասել էր 270 դրամի։ Գազը նույնպես թանկացել է՝ մեկ լիցքավորման մեջ մոտ 500-600 դրամով։ Տնտեսագետները սա բացատրում են հիմնականում դոլարի թանկացմամբ, համաշխարհային շուկայում գների մի փոքր բարձրացմամբ, ակցիզային դրույքաչափերի փոփոխությամբ, նաեւ մեր շուկայում առկա մենաշնորհով եւ հակամրցակցային համաձայնության դրսեւորումներով, որով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կանոնակարգել գետերից ավազի արդյունահանման պրոցեսը, ինչը «հնարավորություն կտա ողջամիտ օգտագործել գետավազի վերականգնվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից»: Գաղտնիք չէ, որ մեծ քանակի ավազ արդյունահանվում է Արաքս գետի ավազանից, և տնտեսվարողները, իրենց եկամտի հետևից ընկած, շատ դեպքերում քանդում են գետի հունը՝ դրանով դանդաղ, բայց հետևողականորեն փոքրացնելով Հայաստանի տարածքը: Հայաստանի և Թուրքիայի սահմանն անցնում է Արաքս գետով, և որքան Հայաստանի կողմից շատ է քանդվում գետի հունը, այնքան գետը տեղափոխվում է դեպի Հայաստանի տարածք, առաջացնելով այսպես կոչված անդրսահմանային ազդեցություններ»: