VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվածություն ուներ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ, ըստ որի վերջինս պետք է գլխավորեր Քոչարյանի ստեղծած նախընտրական ցուցակը: Սակայն արտահերթ ընտրությունները չեղարկելու իշխանությունների որոշումից հետո այս պայմանավորվածությունը ևս անկատար կմնա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը եւ ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծությունները՝ համաձայնե՞լ ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, թե՞ հրաժարվել՝ գնալով փողոցային պայքարի ճանապարհով, մնացին անցյալում։ Այլեւս չկա այդ դիլեման, եւ մնում է հանրային պայքարի տարբերակը, ճնշումները։ Իհարկե, ասպարեզ են գալիս նաեւ հակասահմանադրական ուղիները, սակայն փաստ է, որ դրանց համար ճանապարհ բացեց հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով արտահերթ ընտրություններ անելու մտքից։ Հիմա ընդդիմության առաջին քայլը լինելու է փետրվարի 20-ի հանրահավաքը, որը մտածված նշանակել են 1988-ի ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը, եւ որի թափը ցույց կտա, թե որքանով է ռեալ փողոցի միջոցով եւս մեկ անգամ Հայաստանում իշխանափոխության հասնելու տարբերակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, շաբաթ-կիրակի իշխող «Իմ քայլը» հավաքվել էր Աղվերանում, նախապես ինֆորմացիոն արտահոսքեր եղան, թե խմբակցությունը քննարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, կիրակի երեկոյան էլ «Իմ քայլի» անունից հայտարարություն տարածվեց, թե «հանրային պահանջի բացակայության» պատճառով արտահերթ ընտրություններ չեն անցկացնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում իմքայլականները ո՛չ քննարկել, ո՛չ էլ առավել եւս որոշում են կայացրել, այդ որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը եւ կիրակի պատգամավորների հետ հանդիպմանն ասել է այդ մասին։ Բայց հնարավորություն է տվել արտահերթ ընտրությունների կողմնակիցներին ելույթ ունենալ, հիմնավորել, թե ինչու է պետք արտահերթ ընտրություններ անցկացնել։ Արտահերթին կողմ են արտահայտվել միայն 4-5 հոգի, սակայն «առաջամարտիկը», որքան էլ զարմանալի է, եղել է Ալեն Սիմոնյանը, ով անգամ պատերազմից հետո Փաշինյանի ամենամոլեռանդ հրապարակային պաշտպաններից է։ Նա ասել է, որ պետք է գնալ ընտրությունների՝ լիցքաթափել մթնոլորտը։ Ընտրություններին կողմ է արտահայտվել նաեւ Արարատ Միրզոյանի «թեւը»՝ ի դեմս Վլադիմիր Վարդանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի։ Սակայն նրանց դիրքորոշումը թիմում ընկալվել է Արարատ Միրզոյանի վարչապետական հավակնությունների տիրույթում։ Թիմը, մանավանդ այն հատվածը, որը ոչ մի շանս չունի հաջորդ խորհրդարանում հայտնվելու, երկու ձեռքով կողմ է եղել Փաշինյանի որոշմանը։ «Փորձում էին ցույց տալ, որ կա դժգոհություն, եւ պետք է գնալ փոփոխության»,- ասաց մեր աղբյուրը։ Մի փաստարկ էլ են բերել՝ եթե ցրեն խորհրդարանը, ընդդիմությունը կարող է բոյկոտել ընտրությունները, եւ դրանց արդյունքները կարող են լեգիտիմ չլինել։ «Իմ քայլի» մեծամասնությունը համաձայն է եղել որոշմանը, միայն 5-10 տոկոսն է առարկել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության հավաքից, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հանդիպումը եղել է Աղվերանում՝ «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Խմբակցության շատ անդամներ այնտեղ են եղել շաբաթ օրվանից։ Նիկոլ Փաշինյանը Աղվերան է ժամանել կիրակի՝ առավոտյան 10-ին, եւ մնացել մինչեւ երեկո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Մխիթար Հայրապետյանի: Ուշագրավ է, որ Աղվերանում երկօրյա հանգստի եւ հավաքի համար ֆինանսավորել է Եվրոպայի խորհուրդը՝ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ. հենց նա է հասել ֆինանսավորման։ Եվրոպական ֆինանսավորմամբ «գրանտային ծրագրի» շրջանակներում իշխող խմբակցության շատ անդամներ, որոնք շաբաթ օրը անցկացրել են Աղվերանում, քննարկել են ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ հաջորդ օրը՝ կիրակի, վարչապետը միացել է պատգամավորներին, նրան ուղղվել են ամենատարբեր հարցերը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Հետաքրքիր է, որ երբ բարձրաձայնել են, թե պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը փակագծեր է բացել եւ ասել, թե այդ դեպքում կարող են առաջ քաշվել հարցեր, եւ իրենց առջեւ այնպիսի պայմաններ կարող են դրվել, որոնք չեն կարողանա իրականացնել: «Հարցեր են, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։
Քննարկման ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել բանակաշինության, Սյունիքի սահմանների վերաբերյալ հարցերին, եւ ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես է պաշտպանվելու հայրենիքը կոտրված բանակով։ Եվ, ահա, այս բազմապիսի հարցերից հետո Նիկոլ Փաշինյանն է հարց տվել ներկաներին եւ հետաքրքրվել, թե արդյոք իրենց իշխանությունն այժմ հարգանք վայելում է, թե ոչ: Եվ այդ հարցից հետո, օրինակ, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սուրեն Գրիգորյանը եւ այլք հայտարարել են, թե իշխանությունները որեւէ խնդիր չունեն, եւ ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, եւ կարելի է չգնալ դրան: Ներկաներից միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, թե իրենց ռեստարտ է պետք, եւ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Սակայն այս ամենը եղել է միայն քննարկումների մակարդակով, եւ վերջնական որոշում չի կայացվել: Եվ, ահա, ուշագրավ է, որ միայն վարչապետի՝ Երեւան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, եւ շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, աղվերանյան հանդիպումից հետո «իմքայլականները» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «որոշել» են, որ հանրության շրջանում արտահերթ ընտրության պահանջ չկա, ու իրենք պիտի շարունակեն պաշտոնավարել: Փորձագետներն արդեն նշում են մի շարք պատճառներ, որոնք հիմք են դարձել արտահերթի գաղափարից հրաժարվելու համար, թեպետ քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, որ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրության «թեզի» շրջանառումն ինքնին մանիպուլյացիոն քայլ էր: Սակայն այս ամենից ոչ պակաս ուշագրավ են եղել «իմքայլականների» քննարկումները, որոնց հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Ի թիվս ընտրություններին ակնհայտ տապալվելու վախերի, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու հետևանքների և այլ «թեմաների», հատկապես պատգամավորական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ անհանգստություն են հայտնել, որ արտահերթի դեպքում իրենցից շատերն այլևս պատգամավոր չեն լինի, կայուն եկամտի խնդիր կունենան, այնինչ վարկեր ունեն, այդ թվում՝ հիպոտեկային, դրանք վճարելու խնդիրներ են առաջանալու: «Մինչև 2023 թվականի հաշվարկ ենք արել, ոնց ենք այդ ամենի տակից դուրս գալու»,- մտահոգվել են պատգամավորները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը: Իսկ 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով: Այս օրենքների դրույթները համադրելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ իրավիճակ բացահայտեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Բանն այն է, որ այս տարվա հունվարի 21-ին խորհրդարանում իր առաջին նիստն է գումարել նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, սակայն հանձնաժողովը ստեղծվել է հուլիսի 2-ին: Ու եթե համադրենք «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդվածի դրույթները, ապա ստացվում է, որ այդ կորոնավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ, այսինքն՝ այն օրը, երբ լրացած է եղել գործունեության համար սահմանված վեց ամիսը։ Այսինքն՝ հունվարին ԱԺ նախագահը ստորագրել Է հանձնաժողովին առնչվող փաստաթուղթ, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է: Բայց սա, հիշեցնենք, առաջին դեպքը չէ, երբ խախտվում են «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները, կամ դրանք չեն պահպանվում։ Նույն կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովում է ԱԺ նախագահը, տվյալ դեպքում՝ Արարատ Միրզոյանը, սակայն հենց նրա աշխատանքի արդյունքում ենք այսպիսի իրավիճակի ականատես լինում, քանի որ նրա կողմից հանձնաժողովի կազմը հաստատվեց միայն անցած ամիս, որից հետո էլ հնարավոր եղավ լիազորությունների ժամկետն ավարտված հանձնաժողովի գործունեությունը։ Սա Արարատ Միրզոյանի թերի աշխատանքի օրինակներից մեկն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ ներկայումս հայաստանյան սահմանադրական կառույցներից ամենաարդյունավետը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է: Պատահական չէ, որ դրա արդյունքում ակնհայտորեն անհամեմատ մեծացել է ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշը։ Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ծառացած ցավոտ իրողությունները, որոնց հետ բախվում է մեր ազգաբնակչությունը, մասնավորաբար՝ գերիների, անհետ կորածների, պետական սահմանի սահմանազատման, Սյունիքում տիրող անհասկանալի իրավիճակի հետ կապված, մշտապես գտնվում են ՄԻՊ ուշադրության կենտրոնում: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը բացարձակապես դուր չի գալիս օրվա իշխանություններին, քանի որ վերոգրյալին զուգահեռ Թաթոյանն իր պաշտոնից բխող քաղաքական չեզոքություն է ցուցաբերում, այսինքն, այս դեպքում իշխանության «ատամը չի կտրում»։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում որևէ մեկին, ով հանրության կողմից կարող է սիրված և ընդունելի լինել: Ըստ այդմ, մի կողմից՝ Փաշինյանն անընդունելի է համարում, որ այս ինստիտուտն իր ձեռքի տակ չէ ու կամակատար չէ, մյուս կողմից նրան զայրացնում է ՄԻՊ բարձր վարկանիշը՝ անկում ապրող «թավշյա ժողովրդավարների» վարկանիշի ֆոնին։ Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այս թեմային՝ նշելով, որ իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին իշխանական կուլիսներում բավականին ակտիվ քննարկում են Արման Թաթոյանին «խաղից հանելու» հարցը. մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները փորձում են հնարավոր ու անհնար, օրինական ու ոչ օրինական մեթոդներով շատ արագ ազատվել նրանից, որպեսզի կարողանան իրենց ծրագրած քայլերն առանց մեծ աղմուկի վերջակետին հասցնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետարանի կայքում զետեղված տեղեկության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդականի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա: Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա: Թեպետ, մեր տեղեկություններով, Մեսրոպ Մեսրոպյանն ունի օգնական, մեկի փոխարեն՝ երկուսը: Նրանցից մեկը, մեզ ասացին, «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դուստրն է՝ Սաթենիկ Միքայելյանը: Կոտայքի մարզպետի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը մեզ ասաց՝ մարզպետը երկու օգնական ունի, մեկը Ավետիք Մեսրոպյանն է, մյուսը՝ Սաթենիկ Միքայելյանը: Մեսրոպյանն էլ, Միքայելյանն էլ նոր են նշանակվել մարզպետի օգնականներ, այսինքն՝ Մեսրոպյանի գալուց հետո, ի դեպ, չի բացառվում՝ Ավետիք Մեսրոպյանն էլ Մեսրոպ Մեսրոպյանի հարազատը լինի, թեպետ՝ խոսնակն ասաց, որ, իր տեղեկությամբ, մերձավոր ազգակցական կապ չունեն, բայց Մեսրոպյանն է նրան նշանակել օգնական:
«Սաթենիկ Միքայելյանը նոր չէ մարզպետարանում, 2018 թվականից է աշխատում, մինչև դա քարտուղարության բաժնում է աշխատել, իսկ մարզպետի օգնական նշանակվել է օրերս՝ անցած շաբաթվա ընթացքում: Նա հիմնականում զբաղվում է «Մալբըրի» համակարգով»,- ասաց խոսնակը: Իսկ թե ինչու օգնականների անունները չկան մարզպետարանի կայքում, Պողոսյանն ասաց՝ պատճառը տեխնիկական է, կենսագրությունները պետք է տան, որ տեղադրեն, հնարավոր է՝ վաղը տան, մյուս օրը տեղադրեն: Մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Մեսրոպյանի՝ մարզպետ դառնալուց հետո մարզպետարանը փաստացի ղեկավարում է Սաթենիկը՝ Սասուն Միքայելյանի դուստրը, որը նոր է նշանակվել այս պաշտոնին: Միքայելյանի դուստրն է զբաղվում մարզպետարան ելումուտով՝ ով գնաց, ինչ արեց, ով մտավ մարզպետի մոտ, ով կարող է մտնել, կարճ ասած՝ մարզպետարանի ստվերային ղեկավարն է: Սրանով, ըստ էության, իրականացավ Սասուն Միքայելյանի ցանկությունը՝ Կոտայքի մարզն ու մարզպետարանն ամբողջությամբ անցան իր տիրապետության տակ: Իր թիվ մեկ թշնամուն՝ Ռոմանոս Պետրոսյանին նախարար ուղարկելուց հետո նա կարողացավ իր մտերիմին դարձնել մարզպետ, որն ինքնուրույն որևէ բան չի որոշում, իր դստերն էլ ձևակերպեց որպես մարզպետի օգնական, որ դե ֆակտո հենց ինքը կառավարի Կոտայքի մարզը: Եվ քանի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Ծառուկյանի ազդեցությունը մարզում զրոյացնելն էր, իսկ դա Սասունից բացի ոչ մեկը չէր կարողանա անել, սա երկուստեք փոխշահավետ գործարք է վարչապետի և իր կուսակցի միջև: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետն էլ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը: Նրանից, ի դեպ, հրազդանցիները դժգոհ չեն, հատկապես նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի ֆոնին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործով նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Պաշտպանն ընթացքից լուր չունի, սակայն իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այն ընթացք է ստացել։ Դիմումը վերահասցեագրվել է Արցախի կառույցներին։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 9-ին Երանոսյանը բերման էր ենթարկվել, նրա տեղը ոչ ոք չգիտեր։ 1 ամիս անց Երանոսյանը հայտնեց, որ իրեն տարել էին Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել։ Պատճառը հայտնի չէ։ Մեզ ասացին, որ Երանոսյանին չեզոքացնելու հանձարարություն է եղել Արցախի իրավապահներին։ Նրան Շուշիի բերդում այցելել են Արցախի դատախազն ու քննչականի պետը, Արցախի նախագահը նրանց ուղարկել է նրա հետ հանդիպելու եւ թեման փակելու։ Նրանք արդարացել են, որ անձնական ոչինչ չունեն, հարգում են իրեն, բայց հանձնարարություն են կատարում։ Երանոսյանը պատասխանել է, որ ժամանակը կգա, եւ մեղավորները պատասխան կտան։ Այդ դեպքերի 4 գլխավոր գործող անձանից 3-ը պաշտոնանկ են արվել՝ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը, ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանը, քննչականի պետը պաշտոնավարում է։ Թե ինչ հանգուցալուծում կստանա այս գործը, հայտնի չէ, ամեն դեպքում՝ ուժայինները պնդում են, որ այդ օրերին ժամանակ չեն ունեցել մանրամասն ստուգելու հրահանգի օրինականությունը։ Երանոսյանն էլ իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու հարցում մարտական է տրամադրված եւ պատրաստվում է մինչեւ վերջ գնալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ամիսներին թեժ աշխատանք է սպասվում նաեւ Սահմանադրական դատարանում: Բանն այն է, որ կան մի քանի հարցերի քննարկումներ և նիստեր, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում: Նախ՝ փետրվարի 17-ին Սահմանադրական դատարանը բանավոր կերպով քննելու է ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վերջիններս վիճարկում են տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ Հենց դրանց արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին, եւ նրանք ուղարկվեցին թոշակի։ Դատական օրենսգրքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը կքննարկվի մարտի 16-ին: Արդեն ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը կքննի պատգամավորների 1/5-րդի դիմումը, որով նրանք որոշելու են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Ազգային ժողովում նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող խմբակցությունը, եւ որոշումը ընդունված էր, սակայն դեռ հարցի սահմանադրականությունը պետք է վիճարկվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել, վարչապետի աշխատակազմից հրահանգել են առնվազն 10 տոկոսով կրճատել 2021 թվականի բյուջեով իրենց հատկացված ծախսերը, քանի որ դրանք պետք է ուղղվեն հետպատերազմական խնդիրներին, մասնավորապես, սոցիալական ծրագրերին։ Եթե որոշ գերատեսչություններում մտահոգված են, որ տարեվերջին կարող են աշխատավարձերի խնդրի առջեւ կանգնել, ապա կան նախարարություններ, որոնք նորմալ են ընդունել պահանջը։ Մեզ ասացին, որ ընդամենը բյուջեի «վերաբաշխում» է տեղի ունենալու, եւ երկրորդական ծրագրերի համար հատկացված գումարներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և/կամ նրանց ընտանիքի անմիջական անդամներին հնարավորություն տալ սոցիալական փաթեթի գումարն օգտագործել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարման համար»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները նպատակ ունեն ինչ գնով էլ լինի մի կերպ ներդրումների գոնե մի փոքր չափաբաժին բերել Հայաստան, որպեսզի առկա սոցիալտնտեսական աղետալի վիճակի հետ կապված որոշակի դրական փոփոխության իմիտացիա ապահովեն ո-ւ PR-ի հնարավորություն ստանան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են։ Ավելին, թերթի տեղեկություններով՝ այս օրերին արտերկրում գործող մի շարք գործարարներ «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված բոլոր առաջարկները՝ բիզնես ներդրումներ անել Հայաստանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել խորհրդարանում կանանց ներկայացվածության ցենզը: Գործող Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների առնվազն 25 տոկոսը պետք է լինեն կանայք: Փոփոխությունների արդյունքում այդ թիվը կդառնա 30 տոկոս»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 850 մլրդ 96 մլն դրամ, ինչը, 2019-ի համեմատ, ավելացել է 1.5 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 383 մլրդ 850 մլն դրամ, այն 2018 թվականի ցուցանիշից ավել է 2.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 435 մլրդ 461 մլն 600 հազար դրամ, ինչը, 2018-ի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է 0.2 տոկոսով: Չնայած գյուղատնտեսության ոլորտի՝ ՎԿ-ի արձանագրած աճերին՝ այս տարի Հայաստանն ունենալու է անասնակերի խնդիր: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով ընթացիկ տարում ունենալու ենք անասնակերի ապահովման խնդիր: Բացի այս, տեղեկացնենք, որ 2019 թվականին, պաշտոնական տվյալներով, Արցախում հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա, եւ Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, բայց ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չի լինի Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ տարվա բացասական գործոններն, ըստ էության, չէին կարող շրջանցել նաև անշարժ գույքի շուկան: Դեռ միայն համավարակի գործոնը հաշվի առնելով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համար փորձագետները կանխատեսում էին անկում նաև այս ոլորտում: Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2020 թ. ցուցանիշները, որոնցից պարզ է դառնում, որ այս շուկայում գրեթե բոլոր գործարքները նվազել են: Մի մասում՝ քիչ, մյուսում՝ ավելի շատ, բայց ընդհանուր շուկայում, ըստ էության, անկում կա, ինչը չենք կարող ասել գների մասին: Այսպես, ընդհանուր առմամբ, 2020 թ. ընթացքում անշարժ գույքի 158 659 գործարք է կատարվել, մինչդեռ 2019 թվականին գործարքների թիվը 186 061 էր: Ստացվում է, որ 2020 թ.-ին 2019 թ.-ի համեմատ 27 402-ով պակաս գործարքներ են եղել: Միայն մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ գործարքները նվազել են շուրջ 20 տոկոսով: Ինչ վերաբերում է Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներին ըստ տեսակների, ապա այս առումով ամենամեծ՝ 38 տոկոսը բաժին է հասել օտարումներին: Եվ սա այն դեպքում, երբ վարձակալության գործարքներին 100 տոկոսանոց սանդղակից 6,7 տոկոս է բաժին հասել, օրինականացման գործարքներին՝ 1,5, առաջնային գրանցմանը՝ 17,1, գրավադրմանը՝ 14,7, իսկ վերագրանցման գործարքներին՝ 7,2 տոկոս: Այդուհանդերձ, գրեթե բոլոր գործարքները 2020 թ.-ին 2019 թ. համեմատ նվազել են: Մասնավորապես, օտարման գործարքները նվազել են 15,3 տոկոսով, առուվաճառքի գործարքները՝ 10,4, նվիրատվությունները՝ 23,9, վարձակալությունը՝ 12,1, գրավադրումը՝ 22,5, ժառանգությունը՝ 16,7 տոկոսով: Դրական դինամիկա կա միայն օրինականացման գործարքների դեպքում, որտեղ 2019 թ. համեմատ 2020 թ.-ին գործարքներն ավելացել են 12,8 տոկոսով: Ինչ վերաբերում է գործարքներին՝ արդեն ըստ գույքի տեսակների, նշենք, որ 2020 թ.ին ամենաշատը հողի գործարքներ են կատարվել: 100 տոկոսանոց սանդղակից հողի գործարքներին բաժին է հասել 38, 3 տոկոսը, բնակարաններին՝ 26,2, բնակելի տներին՝ 21,3, ավտոտնակներին՝ 3,6 տոկոս: Իսկ ամենաքիչ գործարքները եղել են արտադրական նշանակության շինությունների դեպքում՝ կազմելով 2,4 տոկոս: Միևնույն ժամանակ նկատենք, որ 2019 թ.-ի համեմատ 2020 թ.-ին բնակարանների գործարքները նվազել են 25,4 տոկոսով. նախորդ տարի 2019-ի համեմատ բնակարանների գործարքները նվազել են շուրջ 14 հազարով: