Արցախյան պատերազմն ավարտվել է, բայց և չի ավարտվել: Հարավային Կովկասը նոր զարգացումների շեմին է, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս և որոնցում ներգրավված խոշոր խաղացողները շարունակում են դիրքավորվել նոր իրողությունների ներքո ու թվացյալ սիրառատ հարաբերությունների տակ քողարկել այն, որ ամենևին էլ գոհ չեն ուժերի դասավորվածությունից: Եվ այս ամենը, հասկանալի է, չի նվազեցնում նոր պատերազմի վտանգը:
VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի «Թեժ գիծ» նախագծի շրջանակում զրոցել ենք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ:
- Պարոն Ոսկանյան, ինչպե՞ս կգնահատեք Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա և տարածաշրջանի երկրներ ու մայրաքաղաքներում հնչեցրած հայտարարությունները: Կարո՞ղ ենք ասել, որ հայ-իրանական հարաբերություններում էլ նոր հորիզոններ են ուրվագծվում:
- Իրանի արտգործնախարարի այցը հարավկովկասյան տարածաշրջան և դրան զուգահեռ նաև այցելությունները Մոսկվա ու Անկարա միտված էին Իրանի համար չափազանց կարևոր ու կենսական խնդիր լուծելուն՝ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում, նախ, ծանոթանալու այդ իրավիճակին և հնարավոր ներգրավվածություն ունենալ ընթացող գործընթացներին: Ու հատկապես Արցախի շուրջ զարգացումներում Իրանի ներգրավվածությունն ապահովելու: Եթե մենք փորձենք համեմատել տարածաշրջանի երեք երկրներ կատարած այցի օրակարգերը, ապա Ադրբեջանում խոսք եղավ Արցախի օկուպացված տարածքներում վերակառուցման աշխատանքներին Իրանի մասնակցության մասին, ինչն ունի երկու նպատակ. իրանցիները ցանկանում են հնարավորին տնտեսական ներկայություն ունենալ այն տարածքներում, որոնք անմիջականորեն հարում են ԻԻՀ սահմանին և նաև տնտեսական գործունեության շղարշի ներքո ծանոթանալ առկա իրավիճակին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքում ահաբեկիչները կարծես թե մինչև հիմա էլ առկա են, ինչը լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգային համակարգի համար: Ինչը հասկանալի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրանցիները Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում տարիներ շարունակ պայքարել են այդ նույն ահաբեկիչների դեմ:
Ընդհանուր առմամբ Զարիֆի հնչեցրած հայտարարությունները չափազանց ուշագրավ էին, մասնավորապես, շատ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ իրանական կողմը խոսեց իր կարմիր գծերի մասին, իսկ դրանք վերաբերում էին ՀՀ տարածքային ամբողջականությանը: Մի կողմից, դա ինչ-որ առումով տխրեցնող է, որովհետև արդեն քննարկվում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը, մյուս կողմից էլ հուսադրող առ այն, որ իրանցիները որևէ պարագայում թույլ չեն տա ադրբեջանա-թուրքական նկրտումներ հատկապես Սյունիքի տարածաշրջանի նկատմամբ: Անշուշտ, այդ կարմիր գիծը վերաբերում էր ամբողջ Հայաստանին, սակայն դա ավելի հստակ դրսևորվում է հենց Սյունիքի խնդիրը հաշվի առնելով: Իսկ այդ խնդիրը հուզում է Իրանին ոչ պակաս, քան պետք է հուզի ՀՀ-ին, որովհետև Սյունիքով է ապահովվում Իրան-Հայաստան կապը:
Օրինակ, Վրաստանում քննարկման առարկա դարձավ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի խնդիրը և, դատելով վրացական կողմի տեղեկատվությունից, խոսք է եղել նաև այսպես կոչված 3+3 հարթակի մասին, որը պետք է ներառի հարավկովկասյան երեք երկրները, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Ակնհայտ է, որ վրացական կողմը դեմ է նման հարթակի ստեղծմանը, հաշվի առնելով Վրաստանի ազգային շահերը և քաղաքական այն կուրսը, որը որդեգրել են երկրի իշխանությունները: Խոսքը, բնականաբար, վերաբերում է արևմտամետ քաղաքականությանը և, ըստ էության, Թբիլիսին դեմ է նման հարթակին: Ես կարծում եմ, որ հայկական կողմի համար էլ այդ հարթակն անընդունելի և անընկալելի պետք է լինի, քանի որ դրանում ներգրավված է Թուրքիան՝ պետություն, որը բացահայտ թշնամական վերաբերմունք ունի ՀՀ հանդեպ և ուղղակիորեն մասնակցել է Ադրբեջանի ագրեսիային Արցախի դեմ:
- Իրանը ակտիվացրեց նաև Նախիջևանի գործոնը:
- Ուշագրավ է, որ տեղի ունեցավ առանձին այց Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ինչը ցուցիչ է, որ իրանցիները, այսպես կոչված «մայրցամաքային» Ադրբեջանը և Նախիջևանը դիտարկում են որպես երկու առանձին բաղադրիչներ և փորձ են կատարում Նախիջևանի հետ կառուցել առանձին հարաբերություններ, ինչը բխում է Իրանի կենսական շահերից՝ եթե կյանքի կոչվի ճանապարհների ապաշրջափակման ծրագիրը, ապա Իրանը կկորցնի կարևոր լծակ ազդելու նաև նախիջևանյան զարգացումների վրա: Խոսքը վերաբերում է «մայրցամաքային» կոչվող Ադրբեջանը Նախիջևանին կապող ցամաքային ուղու առկայությանը, որն անցնում է Իրանի տարածքով, իսկ ապաշրջափակման դեպքում այդ ուղին կկորցնի իր արդիականությունը:
- Ի՞նչ վիճակում են հայ-իրանական հրաբերություններն այսօր: Դատելով վերջին ժամանակներից՝ կարծես կա սառեցում:
- Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույն մակարդակի վրա՝ դա հստակ է: Այդ հարաբերություններում առաջացել են մի շարք խոչընդոտներ և կնճիռներ, բայց պետք է շեշտեմ մի կարևոր հանգամանք. իրանցիները Հայաստանին մոտենում են որպես իրենց կենսական ու անվտանգային շահերի կարևոր գոտու, այնպիսի հարևանի, որն ապահովում է Իրանի անվտանգության որոշակի հատված և հայ-իրանական սահմանը Իրանի համար ունի ոչ պակաս կարևորություն, որքան ՀՀ համար: Ուստի իրանցիները հաշվի չեն առնում տվյալ պահին ՀՀ-ում առկա իշխանություններին ու նրանց վարքագիծը, իսկ այն շատ դեպքերում ակնհայտ հակաիրանական է կամ, մեղմ ասած, չի բխում հայ-իրանական հարաբերությունների ոգուց ու համատեղ շահերից: Բայց այդուհանդերձ Իրանը փորձում է պահել հարաբերությունների որոշակի մակարդակ և ավելի լայն ներգրավվածություն ունենալ Հայաստանում՝ հաշվի առնելով առաջին հերթին սեփական շահերը:
- Արցախյան վերջին պատերազմից հետո ակնհայտ է, որ տարածաշրջանում մեծացել է ՌԴ դերակատարումը, ինչպես նաև Թուրքիան է մեծացրել իր ազդեցությունը: Որքանո՞վ է դա բխում Իրանի շահերից:
- Բնական է, որ որևէ պարագայում Իրանի շահերից չի բխում այս տարածաշրջանում որևէ գործընթացի առկայություն, որից ինքը դուրս մնացած կլինի, իսկ փաստացի մենք այժմ ականատեսն ենք արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին, որտեղ ձևավորվել է ռուս-թուրքական որոշակի գործակցություն, որում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բազմաթիվ հակասություններ և բազմաթիվ հարցեր, և իրանցիները դուրս են մնացել այդ գործընթացից: Ուստի Իրանի ներկայիս կառավարությունը նաև երկրի ներսում ընդդիմության կողմից բավական կոշտ քննադատության թիրախ է դառնում և իրենից կախված ամեն ինչ անելու է, որպեսզի զգալի ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ընդհանրապես, Իրանում կարծես փոխվել է մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ և այն ստացել է ավելի առաջնային բնույթ, քան նախկինում էր և խոսքը նաև Արցախյանի հիմնախնդրին է վերաբերում:
- Պատերազմի ելքը խանդավառ է դարձրել Ադրբեջանին, առաջիկայում էլ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեծ ներդրում կունենա այդ ամենում: Ի՞նչ սպասել:
- Իրականում ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Վերջին պատերազմից հետո տարածաշրջանում չի լուծվել որևէ խնդիր: Բաքվի բռնապետը հայտարարում է, որ լուծել է Արցախի հիմնախնդիրը, բայց դա իրականության հետ որևէ աղերս չունի: Այո, ադրբեջանական կողմը գրանցել է որոշակի հաջողություններ, մասնավորապես օկուպացրել է Արցախի զգալի տարածքներ և որոշ տարածքներ նրան ուղղակի հանձնվել են առանց մեկ փամփուշտ իսկ կրակելու: Բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանը ստացել է այն, ինչին ձգտում էր. սա ակնհայտ է և փաստ և էյֆորիկ տրամադրությունների մարումից հետո պարզ կդառնա, որ Ադրբեջանի ներսում Բաքվի բռնապետը կարժանանա սուր քննադատության: Ադրբեջանը զուգահեռաբար կորցրել է նաև իր սուբյեկտայնության որոշակի հատված, խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ այս երկրի տարածքում այժմ ներկա են երեք զինված ուժեր՝ հայկական, Թուրքիայի, ռուս խաղաղապահները: Բացի այս, առկա է նաև ահաբեկիչների գործոնը, ուստի Ադրբեջանի պարագայում խնդիրների զգալի հատվածը ոչ միայն չի լուծվել, այլև ծագել են նորերը, որոնք առնչվում են երկրի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը:
- Շատ է խոսվում տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ Նախիջևանի շուրջ զարգացումների կոնտեքստում: Նման կանխատեսումների հիմք տեսնո՞մ եք:
- Ռուսական կողմը կարծես թե գոհ չէ այն հանգամանքից, որ Թուրքիան կարողացել է հաստատվել Ադրբեջանում և նաև այս պատերազմի հետևանքով որոշակիորեն ուժեղացրել է իր դիրքերը Ադրբեջանի ներսում: Չնայած սրան, թուրքական կողմն իր հերթին ենթադրում է, որ ռուսական ներկայությունը Ադրբեջանում չի բխում իր շահերից և ամենևին խանդավառ չէ ռուսական խաղաղապահների առկայությամբ այդ տարածքում, որը Էրդողանի կառավարման տարիներին համարում են սեփական տարածք: Գիտենք հայտնի ՝ «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» կոնցեպտը, որը վերջերս սկսել են վերափոխել «մեկ ժողովուրդ մեկ պետություն» գաղափարական կլիշեի: Գոհ չեն նաև Հայաստանն ու Վրաստանը, որը ապաշրջափակում կոչվող ծրագրի կյանքի կոչման պարագայում, ըստ էության, կկորցնի տարածաշրջանում տրանզիտային հաղորդակցություն իրականացնողնի իր մենաշնորհային դիրքը: Հաշվի առնելով այն ամենը և այն, որ որևէ հակասություն չի լուծվել, տարածաշրջանում պատերազմի վտանգը շատ բարձր է և կարող են տեղի ունենալ բազմաթիվ սցենարներ՝ սկսած ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներից, վերջացրած Իրանի նկատմամբ ոտնձգություններով: Ուստի սա պետք է լրջորեն գիտակցեն Հայաստանում և պատրաստվեն տարբեր սցենարների, որոնք պետք է նախանշվեն և նախապես ստեղծվեն դրանց արձագանքելու իրապաշտ ծրագրեր ու իրապաշտ ճանապարհային քարտեզներ:
- Արդյոք կփոխվի ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, ի՞նչ սպասել:
- Բայդենի վարչակազմի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ, կարծում եմ, ունի զգալի տարբերություններ Թրամփի վարած քաղաքականությունից: Դատելով առկա տեղեկատվությունից ու քայլերից ԱՄՆ-ն շարունակելու է այդ տարածաշրջանում ուժեղացնել իր ներկայությունը, բայց կան նաև որոշակի դրական ուղերձներ և խոսքը վերաբերում է հատկապես Իրանի հետ հարաբերություններին և բանակցությունների հնարավոր փուլին: Չնայած դրան զուգահեռ Միացյալ Նահանգները խոսում են նաև այն հանգամանքի մասին, որ այդ բանակցությունները սկսելուց առաջ պատժամիջոցները չպետք է վերացվեն, այսինքն գնում են այնպիսի ճանապարհով, որն ընկալելի և ընդունելի չէ Իրանի համար: Հետևապես ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ավելի կակտիվանա, ինչը կարող է առաջացնել որոշակի ռիսկեր Հայաստանի անվտանգային շահերի տեսանկյունից՝ դիցուկ, եթե ԱՄՆ-ն փորձի ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Սիրիայում:
Որոշակի վտանգներ են պարունակում նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր լարումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն այս պահին Արցախի անվտանգության միակ երաշխավորն է և Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչը ռուսական ներկայությունն է նաև ՀՀ-ում:
- Եվ մեկ հարց ներքաղաքական զարգացումներից. ընդդիմությանը շատ են մեղադրում ժամանակը ձգելու և գործուն քայլերի չանցնելու համար: Ի՞նչ եք ծրագրում, արդյոք Փաշինյանի հրաժարականի պահանջը այլ փուլ կտեղափոխվի: Նաև խոսվում է ներքին պայմանավորվածությունների մասին, որոնք, իբրև թե, խանգարում են գործընթացը ըստ օրակարգի հասցնել ավարտին:
- Ինչպես ցանկացած քաղաքական ուժ Հայաստանում ընդդիմությունը ևս ենթակա է քննադատության, այլ խնդիր է, թե այդ քննադատությունը որքանով է տեղի և որքանով է կառուցողական, ու նաև որքանով է ուղորդված, քանի որ ատ դեպքերում մենք գործ ունենք ներկայումս Հայաստանում իշխանությունը զբաղեցնող խմբավորման կողմից նպատակաուղղված, ուղորդված «քննադատության» հետ: Հայրենիքի փրկության շարժումը, որպես ընդդիմության կարևոր բաղկացուցիչ, իր օրակարգը չի փոխել, այն է՝ Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պետք է հրաժարական տա, Հայաստանում պետք է ձևավորվի ժամանակավորապես կառավարություն, որն էլ կկազմակերպի արտահերթ ընտրություններ: Ու թեև շարժման մեջ ներառված են շատ քաղաքական ուժեր, որոնք ունեն իրենց օրակարգը, բայց Հայրենիքի փրկության շարժումը այս պահին գործում է միասնական օրակարգով:
Լիա Խոջոյան