23.11.2024
Մամուլ. Ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը կկայանա այսօր
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կհանդիպի ռուսական էլիտայի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանդիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան: Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով: Հիշեցնենք, որ նախօերին կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հստակեցված է միայն, որ փետրվարի 20-ից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բայց ինչքան էլ որ ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը դեռ որևէ կոնկրետ որոշում չունի այդ առումով, միայն կիսաձայն հասկացրել է, որ հունիսի 6-ին, հնարավոր է, լինեն նոր ընտրություններ: Նույնիսկ դա, սակայն, վերջնական չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում կրկին փորձում են լրատվական փոթորիկ ստեղծել Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան հերթական այցից: Մեր ռուսական աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Ռուսաստանի իշխանությունները երբեք լուրջ չեն վերաբերվում Քոչարյանի իշխանական հավակնություններին, և Քոչարյանը Հայաստանում իշխանության վերադառնալու հարցում չի կարող ակնկալել ռուսական իշխանության աջակցությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն կանգնած է հերթական պառակտման եզրին: Բայց եթե նախկինում կուսակցությունից, իսկ ավելի կոնկրետ խորհրդարանական խմբակցությունից հեռացած Սերգեյ Բագրատյանը ընդգծված պրոիշխանական դիրքորոշում ուներ, ապա նոր պառակտման արդյունքում խմբակցությունը կարող են լքել արմատական ընդդիմադիր թևի ներկայացուցիչները: Որոշ ԲՀԿ-ականներ ուզում են, որ կուսակցությունը և նրա առաջնորդը հանդես գան արմատական ընդդիմության դիրքերից՝ բացառելով իշխանության հետ որևէ հարաբերություն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ համացանցն ակ­տիվորեն քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագ­րողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն: «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրու­թյուն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում և, որ ամենակարևորն է, ում շահերն է պաշտ­պանում: Նրա կենսագրությունից տեղե­կանում ենք, որ նա մինչև պատգամա­վոր դառնալը՝ 2005-2009թթ. և 2016 թվականից, եղել է Հայաստանի ֆրան­սիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր), 2008- 2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2014թ. մարտ-հոկտեմբեր՝ «Հայաստանի զարգացման նախաձեռ­նություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի և հաղորդակցության դեպար­տամենտի ղեկավար, 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբո­րատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն: Բայց, որ ամենակարևորն է, Անուշ Բեղլոյանը 2018թ. եղել է Եվրոպայի խորհրդի Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձա­գետ Բոսնիա և Հերցեգովինայում: Մի­գուցե ներկայիս պատգամավորը դեռ գիտի, թե նախկին աշխատանքն է կա­տարում, և մոռացել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ՀՀ շահերի սպասարկուն: Հավելենք, որ Բեղլոյանը Ազգային ժողովում է հայտնվել խորհր­դարանի ղեկավար Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը և խորհրդարանական դիվա­նագիտության մեջ Արարատ Միրզոյանի հրամաններով Բեղլոյանին միշտ տրվել է ընդգծված առավելություն:


Փաստորեն, Անուշ Բեղլոյանը, որ Հա­յաստանում շատ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել և այցեր կատարել, մինչև պատգամավոր դառնալը եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը։ Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է արդյոք այդ մասին, վերահսկվում է արդյոք այս ամենը, թե նորմալ է Թուր­քիայի շահերը սպասարկող պատգա­մավոր ունենալը ՀՀ ԱԺ-ում: Ինչո՞ւ ենք այսպիսի պնդում անում, որովհետև պատգամավորի պաշտոնական կեն­սագրության մեջ գրած է, որ 2018թ. նա եղել է ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փոր­ձագետ Բոսնիա և Հերցեգովինայում, ու չի ասվում, թե Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տևել, գու­ցե մինչև այսօ՞ր: Սակայն հետաքրքիր է, որ իմքայլական պատգամավորը լրագրողների հետ զրույցում փորձել է հերքել և ասել, թե տարածաշրջանային օնլայն քննարկ­ման ժամանակ հնչեցրած իր մտքերը խեղաթյուրված են մատուցվում: «Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, որովհետև, ինչպես գիտեք, հնագույն պատմիչներին ու պատմական քաղվածքներին մեջբերումներ անելիս Հայաստանին հասնող չկա», - ասել էր Բեղլոյանը:  Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իշխող խմբակցության ղեկա­վար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով քննարկել Բեղլոյանին պատգամավո­րական մանդատից գրվելու հարցը կամ նվազագույնը սահմանափակել միջազ­գային կոնֆերանսներին և խորհրդա­րանական դիվանագիտության օղակնե­րում նրա մասնակցությունը, քանի որ «կոնֆերանսի ժամանակ հնչեցրած նրա մտքերը հակասում են ՀՀ պետա­կան շահին և վարվող արտաքին քա­ղաքականության սկզբունքներին»: Ին­քը Բեղլոյանը Գորգիսյանի գրառումը ոչ պրոֆեսիոնալ որակեց. «Պարոն Գոր­գիսյանը, լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով բավականաչափ լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբ­նաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վե­րագրվող խոսքեր պարունակող ինչ-որ լրատվամիջոցի նյութ»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած անակնկալ այցից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր եւ մտահոգիչ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած մեզ ահազանգեցին՝ փոխանցելով, որ իրենց մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի եւ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաեւ առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Տիգրանաշեն գյուղը (Քյարքի), ու լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի: Այս լուրի իսկությունը ճշտելու համար զանգեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին: Մեր հարցին ի պատասխան՝ Մանե Գեւորգյանն ասաց. «Հաղորդագրությունը տարածել ենք ամեն ինչի մասին, ինչ որ այնտեղ քննարկվել է, ավելի ամփոփ ենք, իհարկե, ներկայացրել, բայց դրան ավելացնելու որեւէ բան չկա: Վարչապետը հրահանգ չի հնչեցրել գյուղը դատարկելու մասին»: Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ նման քննարկում եղել է, թե ոչ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիս ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։ Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։ Բայց մինչ այդ նա փորձում է համաձայնության գալ ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես՝ խորհրդարանական ուժերի, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն։ ԱԺ ընդդիմությունը դիմադրում է։ Չի բացառվում, որ եթե համաձայնություն չկայանա, Փաշինյանը հրաժարվի իր մտադրությունից։ Հատկապես, որ իշխանական շրջանակները վերջին օրերին շրջանառության մեջ են դրել նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու, դրանից հետո առնվազն վեց ամիս անց ընտրությունները կազմակերպելու միտքը։ Իսկ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որտեղ կարող են դիտարկել ՀՀ ԸՕ-ն, նշանակված է մարտին, ապրիլին էլ նախագիծը կմտնի խորհրդարան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվանալ, հարցազրույցներ տալ, ակտիվացնել նաեւ իրենց պաշտոնական կայքերը։ 24-ժամյա գրաֆիկով տեղեկատվություն տեղադրել անգամ ամենաանկարեւոր իրադարձությունների վերաբերյալ։ Պարզ ասած՝ լուն ուղտ սարքել, որպեսզի ցրվեն այն կարծիքները, թե պատերազմից հետո պետական ապարատը կաթվածահար է, չի աշխատում։ Մեզ ասացին, որ զգուշացվել է՝ ստուգելու ենք պաշտոնական կայքերի ակտիվությունը։ Բավական է անցնել պաշտոնական կայքերով, եւ կտեսնեք, որ կան անիմաստ ու ոչինչ չանող հիմնարկներ, որոնք վերջին օրերին մեկ օրվա ընթացքում 4-5 «լուր» են տեղադրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական իշխանությունների մոտ փորձում է ինքնուրույն խաղացող երեւալ եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, իբր ոչ մի կապ չունի նրա հետ։ Բայց իրականում ամբողջությամբ գտնվում է Փաշինյանի ազդեցության տակ։ Նրան ամսվա ընթացքում պարբերաբար Երեւան են կանչում, իսկ նախորդ շաբաթ մասնավոր այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, այցի հիմնական նպատակը Հարությունյանի՝ ՌԴ-ում այլ անձանց անուններով գրանցված բիզնեսների հետ կապված խնդիրներն են եղել։ Վերջին շրջանում Արայիկ Հարությունյանը ֆինանսական հարցերով իր հին ու նոր շրջապատին է դիմում՝ խնդրելով աջակցել Արցախին։ Այս ընթացքում նա տարբեր մարդկանց գումարներ է բաժանում, որ կարողանա պահպանել իր իշխանությունը։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հարությունյանն իր դեմ ծագած հանրային խոր դժգոհությունը փորձում է նվազեցնել տարբեր ակտիվ անձանց պաշտոններ ու արտոնություններ տալով, պետական տենդերների ներգրավելով։ Մեզ ասացին, որ Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում։ ԱՀ նախագահն անընդհատ իր թիկունքում զգում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի շունչը, ինչը ստիպում է շտապել իշխանության ամրապնդման հարցում»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված իրադարձությունները պատճառ են դարձել միջպետական կոնֆլիկտի հավանականության վարկածի նորովի դիտարկման համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հրադադարի խախտման մասին հաղորդագրությունում Հայաստանի տարածքում խորհրդային տարիներին եղած ադրբեջանաբնակ գյուղի հիշատակումը հստակ ուղերձ էր պարունակում Տավուշի ուղղությամբ նրա հավակնությունների մասին: Ինչքան էլ իրատեսական չհամարենք Ալիևի նման նկրտումները, բայց փաստն անտեսել հնարավոր չէ և չի էլ կարելի: Եթե այդ սցենարը միայն Ադրբեջանի որոշելիքը լիներ, ապա միանշանակ հնարավոր կլիներ պնդել, թե նա չի գնա բախման: Սակայն արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի քիչ թե շատ նշանակալի գործողությունները որոշում է Թուրքիան, հետևաբար՝ Հայաստանի սահմանին հնարավոր սադրանքի հետևում կարող է կանգնած լինել միայն այդ երկրի ղեկավարը: Նման սցենարի վերլուծման դեպքում անհրաժեշտ է դիտարկել ՀԱՊԿ-ի դերը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. "Չնայած Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը՝ Արեւմտյան Հայաստանի, իսկ այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում համատեղ զորավարժություն են անցկացնում, սակայն Հայաստանի իշխանություններին, առավել եւս՝ պաշտպանական գերատեսչությանը այդ փաստը, կարծես թե, այնքան էլ չի հուզում: Ավելին, անգամ հակաքայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվում՝ բավարարվելով մեկ-երկու հայտարարություն տարածելով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 29-ին այսպիսի բովանդակությամբ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին. «Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաեւ ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, եւ, առհասարակ, ինչ ծրագրեր կան այս մասով»:


Եվ, ահա, այս հարցումից օրեր անց՝ երեկ, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից այսպիսի ուշագրավ պատասխան է ստանում. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Նկատենք՝ այս դեպքում խոսքը 30-օրյա ժամկետի մասին է, որը լրանում է մարտի 1-ին, այսինքն՝ զորավարժությունների ավարտից 16 օր անց նոր պատասխան կունենանք թուրք-ադրբեջանական զորավարժությունների եւ մի պարզ հարցի՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, թե ոչ: Նշենք, որ խոսքը մեծամասշտաբ զորավարժությունների մասին է, որին մասնակցում են նաեւ Ադրբեջանի զինված ուժերը, եւ ներգրավված են տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ օգոստոսին Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ անցկացրին Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջեւանում, դրան հաջորդեց արցախյան 44-օրյա դաժան կանոններով պատերազմը, եւ գոնե այս փաստը պետք է սթափեցնող հանգամանք հանդիսանա ՀՀ գործող իշխանությունների եւ պաշտպանական գերատեսչության համար: Սակայն, կարծես թե, դա այդպես չէ, եւ ՊՆ-ն, անհասկանալի է, ինչ է մտածում նոր ծրագրերի, բանակը վերազինելու վերաբերյալ:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում Նիկոլ Փաշինյանի շրջայցի տեսանյութից հետո մարդիկ բացահայտումներ արեցին՝ Փաշինյանին ողջունողների մեջ կրկնվող դեմքեր կային, նույն մարդը երկու անգամ էր բարեւում։ Իսկ Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանը՝ սեւ ակնոցով, գլխարկով, քաղաքացիական հագուստով, որպես «ժողովուրդ»՝ ողջունում էր վարչապետին։ Մենք կապվեցինք Պետրոսյանի հետ, հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի իր կերպարանափոխությունը, նա ասաց. «Այո, ես եմ եղել: Ի՞նչ զարմանալու բան կա, բայց, էնտեղ, ինչի՞ կերպարանափոխվել, ես իրավունք ունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն կատարելու ու կատարել եմ»: Ձեզ ինչ-որ մեկը խնդրել-առաջարկե՞լ է այդպես հանդես գալ: «Ոչ, բացարձակ, ես էդ վարչական տարածքի բաժնի պետն եմ եւ ես իմ ծառայությունն եմ կատարել, ու զարմանալու, ինձ թվում ա, ոչ մի բան չկա՝ գլխարկ ա դրել, ակնոց ա դրել։ Գիտե՞ք` քայլում էլ եմ ես, շնչում եմ, հաց եմ ուտում, դրա վրա զարմանալու կարիքը ո՞րն ա, ես չեմ հասկանում․․․ Իմ կողմից սպասարկվող վարչական տարածքում ծառայությունը կատարելու ժամանակ բարեւում եմ վարչապետին, ի՞նչն ա տարակուսանքի առիթը, ես չեմ հասկանում․․․ որտե՞ղ ա գրված, որ ես իրավունք չունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնելու»: Կադրերից տպավորություն է ստեղծվել, որ իշխանությանը դիմավորող «մասսովկան» եք ապահովել, մասնակցել եք էդ թատրոնին։ «Չէ, չէ, շատ սխալ տպավորություն է ստեղծվել, ես իմ ծառայությունն եմ կատարելուց եղել, վարչապետն անցնելուց ձեռքով բարեւել ա, ի՞նչ կա դրա մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Եթե ավելի պարզ նշենք, ապա Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է եւս 750 մլն դոլարով, ինչը պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շեմին: Եվ որքան էլ նշվում է, թե նպաստավոր տոկոսադրույքով են թողարկվել դրանք, ամեն դեպքում սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն աճում է: Սա նշանակում է, որ եկող տա­րիներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու պարտքը սպասարկելու համար: Բայց իրավիճակը փորձենք հասկանալ թվերով. Ֆինանսնե­րի նախարարության տվալներով՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար, տարվա ըն­թացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ՝ այն աճել է 647 մլն դոլարով, իսկ 2020-ի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 53 մլն դոլար՝ աճելով մոտ 269 մլն դոլարով։ Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմում է 1 մլրդ 915 մլն դոլար, այս թիվն էլ ավե­լացել է մոտ 379 մլն դոլարով։ Ավելին՝ 2021 թվականի պետական բյուջեն նախագծելիս Ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ այս տարվա վերջում պետական պարտքը հատելու է 9 մլրդ դոլարի շեմը, այսինքն՝ 2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու, եւ մենք էլի համարվելու ենք պարտքով ապրող երկիր»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի ու վարչության պետ Արսեն Ղազարյանի կողմից փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու գործը հասել է դատարան։ Այս գործով արդեն մեկ դատական նիստ է տեղի ունեցել։ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե ամեն ինչ օրենքով ընթանա, ապա լինելու է մեղադրական դատավճիռ, և աշխատանքից ազատված 15 աշխատակիցները ունենալու են հնարավորություն վերականգնվելու իրենց աշխատանքում և ստանալու հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է.  Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի ու ըստ ամենայնի կընդունի «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն ՀՈԱԿ-ը պետք է կազմակերպի հարազատ չունեցող եւ սոցիալապես անապահով անձանց հուղարկավորությունը։ Սույն որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն ներկայացնելիս հաշվի է առնվել Երեւանում հուղարկավորություններ իրականացնող անձանց պահանջմունքը, առկա խնդիրներն ու ընթացքում առաջացող խոչընդոտները։ Առաջարկվող փոփոխությունների համար հիմք է ընդունվել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը։ Ըստ այդ օրենքի՝ մահացածի հարազատ են համարվում ՝ զավակները, ծնողները, պապը, տատը, ամուսինը, քույրը, եղբայրը եւ թոռները։ Այսինքն՝ եթե քաղաքացին չունի այսպիսի հարազատ, նրան հուղարկավորել պարտավոր կլինի վերը նշված ՀՈԱԿ-ը։ 


Ըստ ներկայիս կարգավորումների՝ մահացածի հարազատների, ազգականների եւ այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ այդ անձանց բացակայության դեպքում հուղարկավորությունը ստանձնում է քաղաքացու վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը։ Այս ամենը կարգավորվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի համաձայն։ Համայնքի կողմից հուղարկավորության կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի մատուցած պարտադիր ծառայությունների ծախսերը կարող են փոխհատուցվել նաեւ այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին` համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե: Նոր կարգավորումների համաձայն՝ հուղարկավորությունը ՀՈԱԿ-ի կազմակերպելու դեպքում եւս նույն կարգով է արվելու։ Վարչական շրջաններից տեղեկատվությունը փոխանցելու են ՀՈԱԿ-ին, որն էլ իրականացնելու է վերոնշյալ գործառույթները։ Հարկ է նաեւ ընգծել, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կլուծվի նաեւ ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում մահացած անձանց հուղարկավորության հետ կապված խնդիրները։ Դրանք եւս կստանձնի ՀՈԱԿ-ը։