24.11.2024
Վիեննայում մայիսի 16-ին նախատեսվում է ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանցիների 35%-ը կողմ է Արցախի անկախության ճանաչմանը

1994 թվականի մայիսի 12-ին Արցախում զինադադադրի հաստաման մասին համաձայնագրի կնքման հերթական տարեդարձի կապակցությամբ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնն այսօր Ռուսաստանի 130 բնակավայրերում հարցումներ է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Այդ նպատակով քաղաքացիներին տրվել է 5 հարց, հայտնում է armtimes.am-ը:

Նախ քաղաքացիներին հարցրել են, արդյոք նրանք տեղյակ են, որ վերջին շաբաթներին հակամարտությունն Արցախում սրվել է: Պարզվել է, որ ռուսաստանցիների 47 տոկոսը լսել է հակամարտության սրման մասին, սակայն մանրամասներին տեղյակ չէ, 27 տոկոսն ասել է, որ առաջին անգամ է լսում դրա մասին, 25 տոկոսը պատասխանել է, որ լավ տեղեկացված է հակամարտության մասին, եւս 1 տոկոսը դժվարացել է, որեւէ բան ասել: Պարզվել է, որ հարցվածների 71 տոկոսը հավատում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, 15 տոկոսը չի հավատում դրան, իսկ 14 տոկոսը դժվարացել է որեւէ պատասխան տալ:

Առավել ուշագրավ է հաջորդ հարցը. Հակամարտության կարգավորման որ տարբերակն է առավելապես համապատասխանում Ռուսաստանի շահերին: Հարցվածքների 35 տոկոսը պատասխանել է Արցախի անկախությունը, եւս 18 տոկոսը նշել է, թե Արցախի ճակատագիրը որեւէ նշանակություն չունի Ռուսաստանի համար, 28 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, 9 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին շահեկան կլինի, որ Արցախը դառնա Հայաստանի մաս, իսկ 6 տոկոսը գտնում է, որ ավելի շահեկան կլինի, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս:

Ոչ պակաս ուշագրավ են չորրորդ հարցին տրված պատասխանները: Ձեր կարծիքով, ստեղծված իրվիճակում ինչպես պետք է վարվի Ռուսաստանը. Հարցվածների 44 տոկոսը ասել է, թե Ռուսաստանը պետք է միջնորդի եւ դադարեցնի արյունահեղությունը, եւս 36 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է չեզոքություն պահպանի, քանի որ հակամարտությունը վերաբերում է միայն Հայաստանին ու Ադրբեջանին, 13 տոկոսը դժվարացել է որեւէ պատասխան տալ: Եվ վերջապես, ռուսաստանցիների ընդամենը 4 տոկոսն է գտնում, որ ստեղծված իրավիճակում պետք է աջակցություն ցույց տալ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությանը, եւս 2 տոկոսն էլ գտնում է, թե Ռուսաստանը պետք է աջակցի Ադրբեջանին:

Միաժամանակ, հարցման միջոցով փորձ է արվել պարզել Արցախի պատկանելիությունը: Հարցվածների գրեթե կեսը՝ 47 տոկոսը դժվարացել է պատասխանել: Մինչդեռ, ռուսաստանցիների 26 տոկոսը կարծում է, որ Արցախը անկախ պետություն է, եւս 13 տոկոսը գտնում է, որ Արցախը Հայաստանին է պատկանում, իսկ 11 տոկոսը ենթադրում է, թե այն Ադրբեջանին է պատկանում: